«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2010-06-22 | #115, 2010-06-23 | #116, 2010-06-24


ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

«Հայաստանի բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման զարգացումները ճգնաժամային եւ հետճգնաժամային ժամանակաշրջանում» թեմայով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը : Նա նախ տեղեկացրեց, որ Հայաստանի բանկային համակարգում 2008-ին արձանագրվել է տնտեսությանը տրամադրված վարկերի 51 տոկոս աճ, 2009-ին` 14 տոկոս աճ, 2010-ի առաջին հինգ ամիսներին` 6 տոկոս աճ:

Խոսելով 2009-ին վարկավորման ծավալների աճի տեմպի նվազման մասին, ԿԲ վարչության պետը նշեց, որ դա պայմանավորված էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, որի ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա սկսեց զգացվել արդեն 2008-ի տարեվերջից: Ըստ Վահե Վարդանյանի, 2009-ի առաջին կիսամյակի ընթացքում բանկային համակարգն ու վարկառուները վարկավորման նկատմամբ ցուցաբերեցին բավականաչափ զգուշությունՙ առաջ բերելով վարկային շուկայում պասիվացում: Առաջին կիսամյակում արձանագրվեց տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալի 1 տոկոսով նվազում, իսկ վատորակ վարկերի տեսակարար կշիռը հասավ 10 տոկոսի: 2009-ի երկրորդ կիսամյակից վարկային շուկան էապես աշխուժացավ շնորհիվ կայունության որոշակի սպասումների ձեւավորման, ԿԲ-ի որդեգրած ընդլայնողական քաղաքականության եւ պետության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերի: Էապես լավացավ նաեւ վարկերի որակը, ինչի արդյունքում 2010-ի մայիսի վերջի դրությամբ վատորակ վարկերի տեսակարար կշիռը նվազեց մինչեւ 5,8 տոկոսի:

ԿԲ վարչության պետի ներկայացմամբՙ վարկային շուկայում 2009-ի հատկանշական դրսեւորումներից է եղել վարկերի կառուցվածքի փոփոխությունը, ըստ որի, 2009-ին վարկավորումը գերազանցապես տրամադրվել է արդյունաբերության ճյուղին` մեծացնելով ճյուղի վարկավորումը 71 տոկոսով, իսկ սպառողական վարկերի ծավալը նվազել է 22 տոկոսով: 2010-ի առաջին հինգ ամիսների ընթացքում տնտեսության վարկավորումն աճել է 6 տոկոսով կամ 42 մլրդ դրամով: Նշելով, որ, որպես կանոն, տնտեսության վարկավորումը ակտիվանում է հատկապես տարվա երկրորդ կեսինՙ Վահե Վարդանյանն այն կարծիքը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ վարկավորման աճի տեմպերը կավելանան:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4