Երեկ «Փաստարկ» ակումբում գորգագետ Աշխունջ Պողոսյանն անդրադարձավ հայկական ավանդական գորգագործության արդի խնդիրներին:
Պատմական Հայաստանը եղել է գորգագործական մշակույթի բնօրաններից մեկը: Գորգագետի փոխանցմամբ` հնագույն հայոց գորգը` Պազիրիկը, շուրջ 2500 տարվա պատմություն ունի եւ պահվում է Էրմիտաժում: Հայաստանում գորգագործությունը բավականաչափ զարգացել է նաեւ խորհրդային տարիներին:
Վերջին 20 տարիների ընթացքում ստեղծվեցին ձեռնարկություններ, որոնք դեռ 3-4 տարի առաջ մեծ ակտիվությամբ գորգեր էին արտադրում Հայաստանում: Նշված ձեռնարկությունների արտադրանքն ուղղված էր դեպի համաշխարհային շուկա: Թվում էր` սայլը սկսել էր տեղից շարժվել, բայց շուտով վրա հասավ համաշխարհային ճգնաժամը, որն իր ազդեցությունն ունեցավ նաեւ գորգագործական մշակույթի վրա:
«Հայաստանում հիմա 1 քմ գորգի ինքնարժեքը շուրջ 200 դոլար է, իսկ բուրդ եւ բնական ներկանյութեր օգտագործելու դեպքում ինքնարժեքը հասնում է մինչեւ 300-350 դոլարի: Հայկական ավանդական գորգերին բնորոշ գեղազարդման համակարգով որակյալ գորգեր այլ երկրներից շուկա են բերվում ավելի էժան. դրանց 1 քմ-ի շուկայական արժեքը կազմում է 100-150 դոլար», տեղեկացրեց բանախոսը: Աֆղանստանում, Իրանի որոշ շրջաններում մարդկանց գրեթե առանց վճարելու աշխատեցնելով` ստանում են ցածր ինքնարժեքով գորգեր: Հայաստանում գորգոգործները չեն շահագործվում, «Մեզ մոտ գորգագործուհին 1 քմ գորգ գործելու համար ստանում է առնվազն 30-40 հազար դրամ», ասաց Ա. Պողոսյանը: Եթե Հայաստանում միայն 100 դոլար վճարվում է գորգագործուհուն, ապա ի՞նչ արժեքով եւ ինչպե՞ս է հայկական գորգն իրացվելու, երբ համաշխարհային շուկան լցված է որակյալ եւ ավելի էժան գորգերով:
Այսօր պակաս կարեւոր չեն հայկական գորգագործության պահպանման ու հետազոտության հետ կապված խնդիրները: Ըստ Ա. Պողոսյանի` հարեւան երկրներում գորգագործության, առհասարակ, ազգային մշակույթի պահպանման եւ ուսումնասիրման հարցերին վերաբերվում են ավելի լուրջ, քան Հայաստանում: «Այդպիսի հարցերն առայժմ չեն հետաքրքրում մեր կառավարությանը: Եթե շարունակվեին խորհրդային տարիների մոտեցումները, այսօր մենք կունենայինք գորգի թանգարան»: Հայկական գորգերի հսկայական հավաքածուն հիմա պահվում է Ազգագրության պետական թանգարանում:
«Ազգի» հարցին` ինչպե՞ս է հնարավոր վերականգնել հասարակության հետաքրքրությունը հայկական գորգագործության հանդեպ, գորգագետը պատասխանեց. «Որոշակի քայլեր կատարվում են հայոց գորգագործական մշակույթը քարոզելու գործում: Օրինակ` ԵՊՀ-ի արվեստաբանության ֆակուլտետում հայկական գորգերի մասին դասախոսություններ են ընթերցվում, բայց դրանով խնդիրները չեն լուծվում: Հայաստանում պետք է ստեղծել գորգի թանգարան ու հետազոտական կենտրոն»:
Ի. Պ.