Օրերս «Ազգը» ստացավ իր ընթերցող Լիդա Ղազարյանի նամակը: Ընթերցողն արձագանքել էր «Հայաստանում հոգեբուժական ծառայությունը ողբալի վիճակում է» հոդվածին, որն «Ազգում» տպագրվել էր հունիսի 16-ին:
Ընթերցողի արձագանքն իսկապես տեղին է. հոգեկան առողջությունը վերականգնող որոշ հիմնարկների շենքային պայմաններն անմխիթար վիճակում են: Փաստորեն, մեր պետությունն այդպես է հոգում իր բնակչության հոգեկան առողջության համար:
Իր նամակում ընթերցողը գրում է. «Մի գիշեր թո՛ղ լուսացնեն մեր պաշտոնյաները Սովետաշենի հոգեբուժական կամ Քասախի նեւրոզների կլինիկաներում, այդ ժամանակ կհասկանան` խոսքն ինչի մասին»:
Որքան էլ զարմանալի է, զարգացող երկրում կա հիվանդանոց, որի պատուհանները չունեն ապակիներ (խոսքը Քասախի նեւրոզների կլինիկայի մասին է), իսկ զուգարանում առաստաղից կաթող կեղտոտ ջուրն ու գարշահոտությունը գրեթե անհնարին են դարձրել զուգարանից օգտվելը: Լավ կլինի` մեր պաշտոնյաները մի փոքր շարժեն իրենց երեւակայությունն ու պատկերացնեն, թե այդ հիվանդանոցում ինչպես են բուժվում մարդիկ ձմռանը: Հիվանդանոցը չի ջեռուցվում, բայց ամառ թե ձմեռ նեւրոզով հիվանդների հոսքը չի կանգնում: Անգամ այդ պայմաններում մարդիկ համաձայնում են բուժվել. այլ ելք չկա:
«Ազգը» բազմիցս գրել է հոգեկան առողջությունը վերականգնող հիմնարկների շենքային ծանր պայմանների մասին, բայց ինչպես ընթերցողն է նշում նամակում. «Մի միլիմետր անգամ լավացում չկա այս բնագավառում, եւ այսպես ստացվում է ձայն բարբառոյ յանապատի»:
Մեր պաշտոնյաներին բնավ չեն հետաքրքրում բնակչության հոգեկան առողջության խնդիրները, իսկ լրատվամիջոցները, ցավոք, քիչ են անդրադառնում այդ խնդիրներին, այնինչ յուրաքանչյուր ոք` լինի պաշտոնյա, բժիշկ, թե արհեստավոր, հենց վաղը կարող է կանգնել ծանր հոգեկան վիճակի առաջ:
Լիդա Ղազարյանը նամակում առաջարկում է մի օր լրագրողներով շրջայց կատարել վերը նշված հիմնարկներում, «Գուցե միահամուռ ջանքերով հնարավոր լինի սառույցը շարժել»:
Ի. Պ.