«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2010-06-22 | #115, 2010-06-23 | #116, 2010-06-24


ՔԱՄԻՆ ՓՉՈՒՄ Է ԴԵՊԻ ԿԵՆՏՐՈՆ, ՕԴԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՎԱՐԸՆԹԱՑ

Բնագիտության «գոհարները» մեկ դասագրքում

Հանրակրթական դպրոցի դասագրքերի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ թվում է, թե այլեւս խոսելու բան չկա: Որ դասագրքեր գրելը, հրատարակելը նույնպես պատահական մարդկանց չի տրվում, որ այստեղ նույնպես մաֆիա գոյություն ունի, երեւի ոչ ոքի համար գաղտնիք չէ: Սակայն այս ոլորտն իրենցը դարձրած մարդիկ գոնե ջանան քննադատությունների թիրախ չդառնալ դասագրքերի բովանդակության որակի համար: Սակայն նրանց, ամենայն հավանականությամբ, անգամ դա չի հուզում, իրենք իրենց վարձատրությունն արդեն ստացել են: Իսկ այն դասագրքի մասին, որից հատվածներ կներկայացնենք ստորեւ, կարող են ընթերցողներն իրենց դատողություններն անել:

Խոսքը 5-րդ, այսպես կոչված, «թռիչքային» դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագրքի մասին է: Ի՞նչ է նշանակում թռիչքային, այսինքնՙ տվյալ դասարանի աշակերտները 4-րդ տարին են սովորում, բայց 5-րդ դասարանում են: Փաստորեն, տարրական օղակի վերջին դասարանի տարիքում գտնվող երեխաներն ենՙ 10 տարեկանները: Մի քանի հատկանշական մեջբերումներ անենք Արսեն Գրիգորյանի, Վարազդատ Պողոսյանի, Տիգրան Թանգամյանի, Սարգիս Գալոյանի, Կարինե Ավետիսյանի հեղինակած դասագրքից.

«Յուրաքանչյուր միջօրեական ունի իր տեղական ժամանակը, որը տվյալ պահի ժամանակն է: Օրինակՙ եթե տվյալ վայրի միջօրեականն ուղղված է Արեգակի սկավառակի կենտրոնին, ապա այդտեղ կեսօր է:

Բացի տեղական ժամանակից, առանձնացնում են նաեւ գոտիական ժամանակը: Ընդունված է յուրաքանչյուր գոտու համար գոտիական ժամանակը համարել նրա կենտրոնով անցնող միջօրեականի տեղական ժամանակը»: Ամեն ինչ շատ պարզ է եւ հասկանալի, այնպես չէ՞, հատկապես 10 տարեկան երեխայի համար:

Հաջորդը: Թե ինչո՞վ է պայմանավորված 5-րդ դասարանում գեոսինկլինալների, հորստերի, գրաբենների անցնելը, որոնց անուններն անգամ մեծահասակների համար դժվար է արտաբերել, չխոսելով երեխաների կողմից դրանց նշանակությունը սովորելու մասին, միայն դասագրքի հեղինակներին եւ նրանց հեղինակ դառնալու թույլտվություն տվողներին է հայտնի: Սակայն այդ երեխաները ոչ միայն դա պետք է սովորեն, այլեւ, օրինակ, թե ինչպես են չափում օդի ջերմաստիճանըՙ օդի նվազագույն ջերմաստիճանի, առավելագույն ջերմաստիճանի, միջին ջերմաստիճանի, ջերմաստիճանի տատանման լայնույթի (ամպլիտուդ) ցուցանիշների միջին թվաբանականը ստանալու միջոցով:

Սակայն նույն 4-րդ տարին դպրոց հաճախող 5-րդ դասարանցիների համար «հաճելի» պահերը վերջ չունեն: Դրանցից է մթնոլորտային ճնշման, մասնավորապես նորմալ մթնոլորտային ճնշման չափումը: Մեջբերենք դրա նկարագրությունը. «Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկարությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որը լցված է սնդիկով: Խողովակը բաց ծայրով իջեցված է սնդիկով կցված թասի մեջ: Խողովակը բաժանված է միլիմետրերի: Ուսումնասիրությունները պարզել են, որ օվկիանոսի մակարդակին, 0 ջերմաստիճանի եւ 45 աստիճանի աշխարհագրական լայնության պայմաններում, սնդիկի սյունը խողովակի մեջ իջնում է եւ ցույց տալիս 760 միլիմետրանոց նիշը: Դա անվանում են նորմալ մթնոլորտային ճնշում»: Ամեն ինչ նորմալ եւ հասկանալի է, չէ՞:

Սակայն հեղինակների «հանճարեղության» գագաթնակետը ցիկլոնների եւ անտիցիկլոնների բացատրությունն է:

«Ցիկլոնը մթնոլորտային ցածր ճնշման մարզ է, նրա կենտրոնում ճնշումն ավելի ցածր է, քան ծայրամասերում: Քամին ծայրամասերից փչում է դեպի կենտրոն: Կենտրոնում օդը շարժվում է վարընթաց»:

«Անտիցիկլոնը մթնոլորտային բարձր ճնշման մարզ է: Դրա կենտրոնում ճնշումը բարձր է, ծայրամասերումՙ ցածր քամին կենտրոնից փչում է ծայրամասեր, օդը միաժամանակ կատարում է վարընթաց շարժում»: Սա թերեւս այն դեպքն է, երբ ասում ենՙ «առանց մեկնաբանության»:

Մեկ այլ գոհար. «Հարաբերական խոնավությունը բացարձակ խոնավության հարաբերությունն է այն քանակին, որն անհրաժեշտ է տվյալ ջերմաստիճանում օդը հագեցնելու համար»: Մեկ ուրիշը, որն առնչվում է օվկիանոսի խորության չափմանը. «Այսպեսՙ եթե ձայնային խորաչափից արձակած ձայնը օվկիանոսի հատակ հասել եւ անդրադարձել է 10 վայրկյանում, ապա այդ ժամանակամիջոցի կեսը (ձայնը հասնելու ժամանակը) բազմապատկելով աղի ջրում անցնող ձայնի արագության հետ (1500մ/վրկ), ստանում են տվյալ կետի խորությունը (1500 մ/վրկ բազմապատկած 5 վրկ հավասար է 7500մ)»:

Կարծում ենքՙ այսքանը բավարար է, բայց հավաստիացնում ենք, որ ամբողջ գիրքն է այսպես: Մնում է միայն գուշակել, դասագիրքը գրած այս մարդիկ մանկություն չե՞ն ունեցել, թե՞ մեծանալուց հետո զրկվել են տրամաբանելու ու դատելու ունակությունից: Իսկ գիտության եւ կրթության նախարարը գոնե երբեմն ծանոթանար դասագրքերի բովանդակությանն ու որակին, որը մեր հանրակրթական դպրոցի, մեղմ ասած, անկատար լինելու հիմնական պատճառներից մեկն է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4