«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2010-06-23 | #116, 2010-06-24 | #117, 2010-06-25


ՄԵՐ ՄԵՋ ԱՂՄԿՈՂ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ

Կամ` օտարալեզու դպրոցների օրինագիծը քվեարկությամբ ճանապարհ ընկավ

Երթուղայինով գնում եմ Ազգային ժողովի երեկվա նիստին, ուր պետք է քվեարկվի օտարալեզու դպրոցներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Մի կին հեռախոսով աշխատանքային խնդիրներ է բարձրաձայն քննարկում. «Մարատովնա ջան, Արտաշեսովնան ջղայնանում ա, ասում աՙ պարտավորությունները չենք հասցնում կատարել, գրագրությունն անող չկա...», եւ այս ոճով շարունակում է: Զարմանալի զուգադիպություն է, քվեարկությունից մի 20 րոպե առաջ կենցաղային մակարդակով հերթական անգամ ապացուցվում է մեր օտարասիրությունը, քանի որ ռուսների իշխանությունն արդեն տասնամյակներ չկա եւ ոչ ոք մեզ չի ստիպում իրար հարգալից դիմել ռուսավարի, բայց մեր միջի օտարասերն աղմկում ու չարություններ է անում ու երեւի այդպես է արել նման` շատերի կարծիքով հակասահմանադրական փաթեթ նախաձեռնելիս: Մամիկոնիչ, Գառնիկիչ, Գրիգորիչ, Արգամիչ` դիմում ենք, չէ՞: «Կոմենթ գրեցի այսինչ թեմայով», ասում ենք, չէ՞: «Օ քեյ, խառաշո», հավանություն ենք տալիս, չէ՞: «Ռիցար», «Քուինբուրգեր» հայերեն տառերով օտարամտությունը մեր ռեստորանների ճակատին դաջում ենք, չէ՞: Հեռուստացույցի օտարաբառ խոսվածքը, շեշտադրումներն ու առոգանությունը հանդուրժում ենք, չէ՞: Ահա մանրուք թվացող այսպիսի բաղադրիչներից ձեւավորվում է օտար մտածողության հորդ գետը. ինչ կա որ, մի քանի միջազգային դպրոց որ Հայաստանում գործի, ո՞ւմ է խանգարելու, մեր երեխաներից-թոռներից էլ կկարողանանք այդ դպրոցներն ուղարկել` մեր միջի օտարամոլին սնում ենք մենք: Բայց խանգարելո՛ւ է: Խանգարելո՛ւ է անկախ պետությանը, որի սահմանադրության մեջ գրված է` հանրակրթության լեզուն հայերենն է: Այնպես որ` օրը գա, բարին հետը, գուցե գտնվի 27 պատգամավոր, որ դիմի Սահմանադրական դատարան` այս փաթեթը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Իսկ երեկ ընդամենը օտարալեզու դպրոցներ նախատեսող օրինագիծը շատ հանգիստ առաջին ընթերցում անցավ` 71 «կողմ», 13 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով: Ընդ որում` քվեարկությունից ուշացողներ եղան այն մարդկանցից, ովքեր դեմ էին քվեարկելու, օրինակՙ Ստեփան Սաֆարյանը «Ժառանգությունից», որը հղում արեց, թե Ազգային ժողովի նախագահը երեկ հայտարարել էր, որ քվեարկությունը կկայանա այսօր երեկոյան, մինչդեռ փաթեթը քվեարկության դրվեց առավոտյան: Իսկ փաթեթին «դեմ» են քվեարկել Վիկտոր Դալլաքյանը, Տիգրան Թորոսյանը, Արտաշես Շահբազյանը, Ռուզան Առաքելյանը, Արայիկ Գրիգորյանը, Հրայր Կարապետյանը, Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը, Գագիկ Գեւորգյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4