«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2010-06-23 | #116, 2010-06-24 | #117, 2010-06-25


«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԱՑԱԾ Է «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԱՌԱՋԸՆԹԱՑՈՎ

«Օրանժ Արմենիայի»ՙ անցյալ տարվա նոյեմբերից մինչ այժմ գործունեության արդյունքները երեկ ամփոփեցին եւ ընկերության նոր առաջարկների մասին լրագրողներին պատմեցին Երեւանում գտնվող «Ֆրանս Տելեկոմ» խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին եւ «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :

Բրունո Դյութուան մասնավորապես նշեց, որ «Օրանժը» Հայաստանում իր բաժանորդներին առաջարկեց 3G ծածկույթը, ինչպես նաեւ բավականին մեծ նորարարությունների հեղինակ դարձավ: Նա ընդգծեց, որ ներկայումս ընկերությունն ունի 25 հազար շարժական գերարագ ինտերնետի բաժանորդներ, ինչը «մեծ հեղափոխություն էր ինտերնետի մատուցման ծառայություններում»:

Օլաֆ Սունատին նույնպես իր խոսքը սկսեց «Օրանժի» կողմից շարժական գերարագ ինտերնետի ներդրման մասին, ասելով, որ տոկոսային հարաբերությամբ ընկերության կապի այս տեսակի բաժանորդներն Հայաստանում ավելի շատ են, քան մյուս բոլոր երկրներում, որտեղ գործում է «Օրանժը»: Այնուհետեւ «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահը ներկայացրեց այն երկու նոր ծառայությունները, որ ընկերությունը ներդնելու է Հայաստանում:

Առաջինը HD բարձր հստակությամբ ձայնային ծառայությունն է, որը ներկայացվեց մամուլի ասուլիսի ժամանակ: Նման ծառայություն աշխարհում երկրորդը մատուցվելու է Հայաստանում: HD ձայնային ծառայություններն ասես վերացնում են զրուցակիցների միջեւ հեռավորությունը, ձայնը լսվում է շատ ավելի պարզ եւ մոտ, քան դա լինում է սովորական հեռախոսային խոսակցության ժամանակ: Եթե սովորական հերախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD-ի դեպքումՙ ավելի մեծՙ 50-7000 Հց հաճախականային տիրույթում:

Երկրորդ ծառայությունը, որը պատրաստվում է մատուցել «Օրանժ Արմենիան», դարձյալ շարժական գերարագ ինտերնետին է վերաբերում: HSPA տեխնոլոգիաների ներդրմամբ ընկերությունը կմատակարարի ավելի բարձրորակ ինտերնետՙ ներկայիս 7,2 Մբ/վրկ-ի փոխարեն 14,4 Մբ/վրկ արագությամբ: Ներկայումս «Օրանժը» վերազինում է ցանցը, իսկ նոր արագությամբ շարժական գերարագ ինտերնետի մատակարարման մոդեմները շուկայում կհայտնվեն ամառվա ընթացքում:

Օլաֆ Սունատին շեշտեց, որ այլ երկրներում, որտեղ «Օրանժը» մատակարարում է շարժական գերարագ ինտերնետ, դրանից ստացվում է ընկերության եկամուտների 10-15 տոկոսը, իսկ Հայաստանումՙ 40 տոկոսը: Ամփոփելով իր խոսքը, «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահն իր հիացմունքը հայտնեց «Օրանժ Արմենիայի» գործունեությանն եւ արդյունքներին, որը հասել է ընկերության 340 հոգանոց աշխատակազմը Բրունո Դյութուայի ղեկավարությամբ: «Մենք հիացած ենք Հայաստանում «Օրանժ Արմենիայի» արձանագրած առաջընթացով: Սա ոչ միայն մեր ընկերության, այլեւ Հայաստանի առաջընթացն է», ասաց Օլաֆ Սուանտին:

Այնուհետեւ «Օրանժի» ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին: Անդրադառնալով ընկերության հետագա քաղաքականությանը նոր բաժանորդների ներգրավման վերաբերյալ, Օլաֆ Սուանտին նշեց, որ իրենց քաղաքականությունը նույնն է լինելու, եւ շարունակելու են ձեռք բերել նոր բաժանորդներ, ու հուսով են, որ նրանց ներկայիս քանակը կկրկնապատկվի: «Յուրաքանչյուր հին բաժանորդ կարող է ստանալ այն բոլոր առաջարկները, ինչ կառաջարկվի նոր բաժանորդներին», ասաց նա:

«Օրանժ Արմենիայի» գործունեության առաջիկա հիմնական ուղղություններն են լինելու ցանցի տարածումը աշխարհագրականորեն եւ վերազինումը, որը կավարտվի ամառվա ընթացքում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4