«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2010-06-24 | #117, 2010-06-25 | #118, 2010-06-26


ՕԼԻԳՈՊՈԼԻԱՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ

«Հայաստանում արձանագրված տնտեսական աճը պայմանավորված է համաշխարհային տնտեսության վերակենդանացման ու զարգացման միտումով», երեկ ՄԱԱ-ում նշեց ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով` 5 ամիսների տնտեսական աճից կարող ենք ենթադրել, որ բյուջետային կատարումների եւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելացման առումներով տարին բարեհաջող է լինելու: Այնուհետեւ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչն անդրադարձավ կենսաթոշակային բարեփոխումների համակարգին. «Դրան մենք կողմ ենք կոնցեպտուալ առումով, իսկ մեխանիզմների առումով քննարկելու շատ հարցեր կան: Այն թոշակը, որը տալիս ենք մեր քաղաքացիներին, ծիծաղելի է»: Բարեփոխումն անհրաժեշտ է, բայց ինչպե՞ս: «Մենք գնում ենք կուտակային ճանապարհով` դիմելով քաղաքական լուրջ ռիսկի», ասաց Վ. Այվազյանը:

Ինչ վերաբերում է օլիգոպոլիաների դեմ պայքարին, բանախոսն ասաց, որ պայքարի արդյունքները դեռեւս նկատելի չեն: Հարցինՙ վա՞տ ենք պայքարում, թե՞ օլիգարխներ չունենք, նա պատասխանեց. «Օլիգարխներ ունենք, ո՞նց կարող ա չունենանք: Մոնոպոլիաներ էլ ունենք ու օրենքով էլ թույլ ենք տվել»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահը նկատողություն արել Վարդան Այվազյանին, վերջինս խուսափողական պատասխանեց. «Դա կուսակցական խնդիր էր, չեմ ուզում դրան անդրադառնալ»:

Ասուլիսը, բնականաբար, զերծ չմնաց օտարալեզու դպրոցների մասին խոսակցությունից:

Քանի որ Վ. Այվազյանը հունիսի 24-ին կողմ էր քվեարկել օտարալեզու դպրոցներ նախատեսող փաթեթին, հետեւաբար ասուլիսը քիչ էր մնում վերածվեր բանավեճի: Այդ թեմայով խոսակցությունը գերադասում ենք չներկայացնել. գոնե օտարալեզու դպրոցների հարցում ԶԼՄ-ները, եւ դրանց թվում «Ազգ»-ը իրենց դերը գերակատարել են:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4