«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱԿՆԱՐԿ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

  «Ազգի» խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությանը, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասաց.

«Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունը հետեւեց Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ եւ Մեդվեդեւ-Օբամա հանդիպումներին:

Կարող եմ ենթադրել, որ ՌԴ նախագահը Վաշինգտոնում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Պետերբուրգում իր ունեցած քննարկումներին: Հավանաբար, դրանից հետո էլ ծնվել է կողմերին եւս մեկ անգամ առաջ շարժվելու մասին հորդոր անելու գաղափարը, որն ընդունվել է նաեւ Ֆրանսիայի առաջնորդի կողմից: Սա նշանակում է, որ համանախագահ երկրները խնդրի կարգավորման առնվազն հայեցակարգի վերաբերյալ ցուցաբերում են համաձայնեցված մոտեցում: Այն է` չկա ԼՂ հարցի ռազմական կարգավորում, պետք է հարգվի ԼՂ բնակչության կամքի արտահայտման իրավունքը, որն էլ պիտի դառնա ԼՂ ապագա իրավական կարգավիճակի որոշման հիմքը, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման:

Այսպիսով, ՄԽ համանախագահ երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, հրապարակավ հերքեցին կարգավորման մասին ադրբեջանական կողմից ամիսներ շարունակ արվող պնդումները: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի դինամիկան զարգացնելու հորդորն անուղղակիորեն ակնարկ է Ադրբեջանին, որ վերջինս նպատակաուղղվի ոչ թե ռազմական արկածախնդրության, այլ` դիվանագիտական հիմնավոր երկխոսության:

Այսքանը` փորձագիտական հայացքով:

Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա պիտի ասեմ, որ հայտարարությունը մեզ համար այնքան էլ արդիական չէ: ԼՂՀ-ն կայացած, Ադրբեջանի զինված ագրեսիայի կասեցմամբ ինքնահաստատված, զարգացման շուրջ քսան տարվա ճանապարհ անցած պետություն է եւ Ադրբեջանի հետ հավասար իրավունքներ ու պարտավորություններ ունի, ինչը, ի դեպ, մեկ անգամ արդեն ճանաչված է միջնորդների կողմից: Խոսքը 1994 թ. ստորագրված հրադադարի համաձայնագրի մասին է: Եվ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրները շահագրգռված են, որ հաստատվի ամուր խաղաղություն, իսկ հայտարարությունը թույլ է տալիս ասել, որ նրանք դա ցանկանում են, ապա ավելի տրամաբանական կլինի, եթե փաստացի իրավիճակն իրավաքաղաքական հստակ ձեւակերպում ստանա` ճանաչվի ԼՂՀ անկախությունը: Դա հնարավորություն կբացի, որպեսզի Ադրբեջանի հետ առկա խնդիրները քննարկվեն իրավահավասարության եւ միմյանց տեսակետները մինչեւ վերջ լսելու պատրաստակամության մթնոլորտում»:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4