«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Տնտեսական երկրորդ համաժողովը, որը ԼՂՀ նախագահի հովանու ներքո շաբաթ եւ կիրակի օրերին անցկացվեց Ստեփանակերտում, անցյալ տարի կայացած համանման միջոցառումից տարբերվում էր ոչ միայն մասնակիցների աշխարհագրական ընդգրկվածությամբ: Մասնակից գործարարները քննարկումներից անմիջապես գործի անցնելու պատրաստակամություն հայտնեցին, հատկապես նկատի առնելով գործունեության դաշտի նպաստավորությունը: Բացի այդ, համաժողովի շրջանակում անցկացված «ARTSAKH EXPO-2010» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որն առաջին անգամ էր կազմակերպվում Ղարաբաղում, պատեհված հնարավորություն էր արցախյան արտադրանքը ներկայացնելու համար:

Համաժողովը նախաձեռնել էին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը եւ «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը: Համաժողովի պաշտոնական գործընկերն էր Արցախի ներդրումային հիմնադրամը:

Միջոցառման մասնակիցներին ողջունելովՙ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնավորապս ասել է, որ Ղարաբաղում բարձր են գնահատում Հայաստանի ու օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ կապերի ու շփումների հաստատման յուրաքանչյուր փորձ: Նա հավաստիացրել է, որ ԼՂՀ-ում ներդրումային ծրագրերի հաջող իրականացման եւ գործարարության հետագա զարգացման համար իսկապես ստեղծված են բարենպաստ պայմաններ եւ լավ հեռանկարների տեսլականով` արդյունավետ համագործակցություն է մաղթել համաժողովի մասնակիցներին:

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի մատուցմամբՙ Արցախում տնտեսության առաջատարը մնում է գյուղատնտեսությունը: Ըստ նախարարի, առավել արդիական է սննդի ոլորտի ձեռնարկությունների հիմնադրումը, որոնց արտադրանքը կարելի է արտահանել` շնորհիվ դրանց էկոլոգիական մաքրության: Ներուժը մեծ է նաեւ էլեկտրաէներգիայի, մարզաժամանցային ու հյուրանոցային բիզնեսի բնագավառներում: «Խոսքը ոչ թե էժան աշխատուժի մասին է, այլ միջինից բարձր ունակություններով մարդկային կապիտալի»,-նշել է Կ. Եսայանը:

Ղարաբաղում բիզնեսի գրավչության մասին հաճախակի է խոսվում, բայց որպեսզի այն գործնական կիրառում գտնի, հարկավոր է այսպիսի համաժողովներով առավել տեսանելի դարձնել տնտեսական եւ իրավական դաշտը, ինչը ներդրումներ կատարելու խթան կլինի սփյուռքահայ եւ օտարերկրյա ներդնողների համար, համոզմունք հայտնեցին համաժողովի մասնակիցները:

Դարձյալ միջոցառման շրջանակներում` հյուրերին հնարավորություն ընձեռվեց նաեւ զմայլվելու երկրամասի գեղատեսիլ բնությամբ` Արցախի պատմամշակութային վայրեր հաճախելով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4