«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


«ԲԱՄՕ»-Ն ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ

Ռուսաստանյան հանրաճանաչ գործարարներ Մուրադ եւ Հովիկ Մուրադյանների ընկերությունը այդ երկրում արդյունաբերական պարկ է ստեղծելու

Ռուսաստանյան արդյունաբերական-շինարարական «ԲԱՄՕ» հոլդինգը հունիսի 15-ին գործարք է կնքել Սաուդյան Արաբիայում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: «ԲԱՄՕ»-ի գործընկերը այդ երկրում առաջատար ֆինանսական եւ ներդրումային Manafith Najd ընկերությունն է, որի սեփականատերն է արքայազն սուլթան Բին Ազիզ ալ Սաուդը: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Սաուդյան թագավորությանն առընթեր գլխավոր ներդրումային դեպարտամենտում: Ռուսաստանյան ընկերության կողմից արարողությանը մասնակցել են ընկերության սեփականատերեր, Ռուսաստանում հանրաճանաչ գործարարներ, մեր հայրենակիցներ Մուրադ եւ Հովիկ Մուրադյանները:

Նոր ընկերությունը կկոչվի BAMO SAUDI ARABIA HOLDING եւ հավասար բաժնեմասերով կպատկանի երկու գործընկեր կազմակերպություններին: Այս ընկերությունը պետք է կառուցի «Մերձավոր Արեւելք» անվանմամբ արդյունաբերական խոշոր պարկը, որը ներառելու է շինանյութերի արտադրության 13 գործարանային համալիրներ: Նախագծի արժեքն է 1,8 մլրդ դոլար, որը կֆինանսավորվի Սաուդյան Արաբիայի պետական միջոցներիցՙ թագավորության գլխավոր ներդրումային դեպարտամենտի կողմից: Արդեն հաստատվել են գործունեության համար անհրաժեշտ բոլոր լիցենզիոն փաստաթղթերը եւ հուլիսի 1-ից նորաստեղծ ընկերությունը կսկսի գործել: BAMO SAUDI ARABIA HOLDING-ի կառավարումը վստահվել է «ԲԱՄՕ» ընկերությանը: Մասնավորապես այն կգլխավորի Հովիկ Մուրադյանը:

Հատկանշական է, որ այս իրադարձությունը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի անմիջապես նախօրյակին, որտեղ Սաուդյան Արաբիան, որի պատվիրակությունը ղեկավարում էր գլխավոր ներդրումային դեպարտամենտի ղեկավար Ամր բին Աբդուսլահ ալ Դաբաղը, Ռուսաստանի հետ կնքեց համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին առաջին պաշտոնական միջազգային համաձայնագրերից մեկը:

Անդրադառնալով «ԲԱՄՕ»-ի եւ Manafith Najd-ի ստեղծած BAMO SAUDI ARABIA HOLDING ընկերության կողմից իրականացվելիք նախագծին, տեղական թերթերը, հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, նշում են, որ ընկերությունը վերոնշյալ արդյունաբերական պարկը կտիրաժավորի երկրի 2-3 տնտեսապես զարգացած քաղաքներում (Քինգ Աբդուլա, Ջիդա եւ այլ): Սպասվում է, որ 2011-ին BAMO SAUDI ARABIA HOLDING-ի աշխատակիցների թիվը կհասնի 9-9,5 հազարի: Ընկերության գրասենյակը գտնվում է Պարսից ծոցի ափինՙ Ալհաբ քաղաքում, որտեղ իրենց գրասենյակներն ունեն աշխարհի խոշորագույն նավթային եւ քիմիական ընկերությունները:

Հարկ է ընդգծել, որ նման խոշոր բիզնես նախագիծ ԲԱՄՕ-ն սկսում է իրագործել այն ժամանակահատվածում, երբ շատ հանրաճանաչ ընկերություններ դեռ չեն էլ հասցրել վերականգնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով կրած կորուստները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4