«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


Ո՞Վ Է ՁԵԶ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎԵԼ

...լինելու այնքան անտարբեր, որ չնկատեք, թե ձեր անգործության հետեւանքով քանի-քանի երեխաներ են թերասնվում, ապրում անմարդկային պայմաններում, զրկվում դպրոց հաճախելու իրավունքից:

...մատների արանքով նայելու, թե ինչպես է հեռուստաեթերը «ջանում»ՙ ձեւախեղելու համար բոլորի, առաջին հերթինՙ երեխաների պատկերացումները բարության ու բարոյականության, գեղեցիկի, հայրենասիրության, լավի ու վատի մասին:

...«Գիտամանկավարժական» փորձեր անելու աշակերտների վրաՙ ամեն տարի մի նորարարությամբ զարմացնել-շփոթեցնելով թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին ու ծնողներին:

...Հեռուստատեսությամբ ու լրատվամիջոցներով, այսինքնՙ հրապարակայնորեն, ի տես բոլորի, այդ թվում եւՙ երեխաների, լուրջ-լուրջ դեմքերով քննարկման հարց դարձնելու, թե ինչքան անհրաժեշտ, որքան կարեւոր, որքան անհետաձգելի է հանրակրթական առարկա դարձնել օտարներից պատճենած ու մեխանիկորեն թարգմանած «Երեխաներինՙ սեքսի մասին» չգիտեմինչ կոչվածը, որի ամենամեծ աբսուրդն այն է, որ նախատեսված է հատկապե՛ս «դպրոցական ցածր եւ միջին տարիքի համար»:

...Թմբկահարելու, թե որքան երեխասեր եքՙ պարզապես «մոռանալով» նշել, որ խոսքը միմիայն ձե՛ր երեխաների մասին է, ում ապագան փորձում եք ապահովել այսօր: Լավ եք անում: Բայցՙ ոչ մնացած երեխաների մանկության հաշվին:

...մանկատներին ժամանակ առ ժամանակ օգնություն հատկացնել (չմոռանալով, իհարկե, լրատվամիջոցներին այդ մասին տեղյակ պահել), բայց մատը մատին չխփելու ընտանեկան ինստիտուտն ամրապնդելու, չքավորությունը հաղթահարելու, այսինքնՙ դեպի մանկատուն երեխաների հոսքը նվազեցնելու ուղղությամբ:

...սոցիալական արդարությանՙ գոնե պատրանք չստեղծելու, որպեսզի ծնողները կարիք չունենան արդարանալու կամ բացատրելու երեխային, թե ինչու է մեկը միայն աշխատում, իսկ մյուսըՙ միայն վայելում:

...ասելու մի բան, անելուՙ բոլորովին հակառակը, առանց մտածելու, որ երեխաներն ամեն ինչ տեսնում են ու հետեւություններ են անում, հետեւություններՙ ոչ ի նպաստ մեծահասակների ու նրանց աշխարհի:

...ձեր անսկզբունքայնություննՙ առավելություն, պատեհապաշտությունըՙ ճկունություն, դաժանությունըՙ անհրաժեշտություն ներկայացնելու:

...ձեր իսկ երեխային դժբախտացնելուՙ ներշնչելով նրան, որ երկրագունդն ի՛ր շուրջն է պտտվում, եւ միա՛յն իր համարՙ մահու չափ հիասթափվելու վտանգի ենթարկելով նրան օրերից մի օր:

Այսքան ու այսպիսի իրավունքներ ո՞վ է ձեզ տվել: Հաստատՙ ոչ երեխաները:

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4