«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2010-06-26 | #119, 2010-06-29 | #120, 2010-06-30


ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԲԱՆԱՁԵՎ ԿԸՆԴՈՒՆԻ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանում գումարված Ուղղափառության գլխավոր վեհաժողովը, ի թիվս այլ բանաձեւերի, այսօր կընդունի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող բանաձեւ: Երեկ հայտնի դարձավ այդ բանաձեւի բովանդակությունը, որտեղ վեհաժողովի մասնակիցները, անհանգստություն հայտնելով տարածաշրջանում հայկական քրիստոնեական պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելով եւ հղում անելով միջազգային կոնվենցիաների, նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների եւ քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում եւ հարակից շրջաններւմ դարերով հայերի ստեղծած պատմամշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին` դատապարում են բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական հայկական արժեքների` եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմամշակութային հուշարձանների եւ այլ սրբավայրերի վտանգմանը, որտեղ էլ դրանք տեղակայված լինեն: Վեհաժողովի մասնակիցները հորդորելու են բոլոր երկրների ղեկավարներին` պատասխանատու լինել հուշարձանների վերացման եւ վտանգված լինելու համար: ԼՂ հարցի վերաբերյալ էլ ըստ բանաձեւի նախագծի տեքստի` վեհաժողովը ողջունելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ` ԼՂ ժողովրդի ինքնորոշման ցանկությունը հարգելու միտումով հակամարտության խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը: Միաժամանակ նախագծում խոսք կա այն մասին, որ վեհաժողովի մասնակիցները, ոգեւորված բանակցային գործընթացում առկա առաջընթացով, միաժամանակ անհանգստություն են հայտնում Ադրբեջանի շարունակվող ռազմական հռետորաբանության վերաբերյալ եւ դատապարտում հակամարտությանը կրոնական երանգ տալու Ադրբեջանի մղումները:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4