Այլՙ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման հարցում պետական իշխանություն-ժողովուրդ համերաշխությունն ու համատարած հայատյացությունը
Հունիսի 16-23-ը Երեւանում «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն»: Այս ծրագրի շրջանակներում Երեւան այցելած մի խումբ լրագրողներ հունիսի 17-ին եղել էին «Ազգի» խմբագրությունում: Վերջին օրը նրանք այցելել են նաեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն:
Այստեղ նրանց հարցերին պատասխանել է կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, եւ կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության թղթակից Մեդաթ Շենայի վկայությամբ, նա ասել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները օրեցօր զարգանում են, երկու երկրների հարաբերությունների գործընթացն այլեւս դուրս է եկել դյուրին եւ արագ կարգավորման հունից, սակայն կարելի է պաշտոնական բնույթ հաղորդել ոչ պաշտոնական հարաբերություններին, բացել սահմանները եւ մշակութային կապեր հաստատել: Ըստ Կիրակոսյանի, կողմերի միջեւ շարունակվում են դիվանագիտական գաղտնի շփումները, որոնք կհարատեւեն ամառվա ընթացքում, Հայաստանը շտապողականություն է դրսեւորելՙ ակնկալելով թուրքական կառավարությունից ընդառաջ քայլ, հայ-թուրքական արձանագրությունները թուրքական կողմի համար ածանցվում են PKK-ի, Կիպրոսի նման խնդիրներին, իսկ հայկական կողմը դրանց տալիս է առաջնահերթ նշանակություն:
Կիրակոսյանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահի հետ Թուրքիայի վարչապետի վերջին հանդիպմանն, ասելով. «Մեծարգո Էրդողանն ու Օբաման քննարկել են երկու երկրների հարաբերությունները արձանագրությունների վավերացումից անկախ կարգավորելու հարցը»:
Վերջում նա ավելացրել է. «Ներկայումս Թուրքիան Իսրայելին հակադրվող միակ երկիրն է տարածաշրջանում: Թուրքիայի հետզհետե հզորացման դեպքում Հայաստանը էլ ավելի անկարեւոր կդառնա, թեեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փակ է սահմանը, սակայն մենտալիտետի սահմանները բաց են մնում: Սկսել ենք միմյանց ճանաչել, սովորում ենք մեր ընդհանուր պատմությունը: Սա ինքնին կարեւոր ձեռքբերում է: Մտավոր սահմանի բացումը նախքան ֆիզիկականի բացումը չափազանց կարեւոր է: Թուրքական կառավարությունը գերագնահատում է հայկական սփյուռքին, ընդ որում առանց հասկանալու: Թուրքիան ունի գաղտնի մի զենք, որը դեռեւս չի օգտագործում: Կա նաեւ գաղտնի մի կամուրջ Երեւանի ու Ստամբուլի միջեւ, եւ այդ կամուրջը միաժամանակ գործում է Ստամբուլի եւ Սփյուռքի միջեւ. դա պոլսահայությունն է: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի կրթության նախարարը մասնակցեց ազգային փոքրամասնությունների վարժարանում կազմակերպված ավարտական հանդեսին: Սա շատ ուշագրավ երեւույթ է, հայ համայնքին կարելի է ավելի արդյունավետ օգտագործել»:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Ռիչարդ Հովհաննիսյանի տեսակետները կարելի է ընդունել վերապահումներով միայն: Այն առումով, որ Թուրքիան տարածաշրջանում Իսրայելին հակադրվող միակ պետությունը չէ: Մինչ այդ Իրանն ու Սիրիան են հակադրվել, եւ վերջիններիս հակադրությունն ունի տասնյակ տարիների վաղեմություն: Պարզապես պաշտոնական Վաշինգտոնի համար նախընտրելի է Իսրայելին հակադրվողի դերում տեսնել Թուրքիային:
Հետզհետե հզորացման դեպքում Թուրքիան կդառնա մրցակից Հարավային Կովկասում հանուն ազդեցության միմյանց հետ մրցակցող ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի համար, իսկ դա կհանգեցնի որպես կանխարգելիչ գործոն Հայաստանի ռազմավարական նշանակության աճին, հատկապես Ռուսաստանի պարագայում, քանի որ տարածաշրջանում ռուսական ներկայությունը ինքն է ապահովում:
Թուրքական կառավարությունն իրականում չի գերագնահատում Սփյուռքին, ընդամենը գերագնահատելու տպավորություն է ստեղծում, որ Սփյուռքի ուռճացված կարողություններով քողարկի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետզհետե ծավալումն ու թուրքական ժխտողականության դիրքերի սպառումը:
Նախքան միմյանց ճանաչելու եւ ընդհանուր պատմությունը միասին սովորելու մասին խոսելը, կարծում ենք, պետք է հաշվի առնել ցեղասպանության ուրացման հարցում Թուրքիայի պետական իշխանության եւ թուրք հասարակության միջեւ առկա համերաշխությունն ու հայերի համատարած կոտորածներին թուրքական ժողովրդական զանգվածների սիրահոժար մասնակցությունը, ինչպես նաեւ անմեղ կանանց եւ երեխաների նկատմամբ մարդասպան այս ոհմակների դրսեւորած անասելի վայրագությունը:
Այլ կերպ, խնդիրը հայ եւ թուրք ժողովուրդների ընդհանուր պատմությունը չէ, այլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցին պետության եւ ժողովրդի ժխտողականության դիրքերից ընդհանուր մոտեցումը: Ինչ վերաբերում է պոլսահայության «գաղտնի զենքին», թուրքական պետությունը այդ զենքը միշտ էլ օգտագործել եւ օգտագործում է: Պարզապես երկրում արմատակալած հայատյացությունն ու պետական հասարակական շրջանակների «հայկական դավադրության» որոնումները սահմանափակում են օգտագործման արդյունավետությունը: Կարծում ենք, նախքան օգտագործելը Թուրքիան պետք է հրաժարվի «դավադրության» որոնումներից, պոլսահայությանը ձերբազատի պատանդի կարգավիճակից եւ հաղթահարի հայատյացությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ