«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2010-06-29 | #120, 2010-06-30 | #121, 2010-07-01


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՍՈՒՄԸ ՍՆՎՈՒՄ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Այն, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությանը Հայաստանի քաղաքական ուժերից ոչ ոք դեռ մանրամասն ու փորձագիտական մակարդակով անդրադարձ չի արել, մի քանի պատճառ ունի: Նախՙ նրանց մեծ մասի անպատասխանատու եւ ծույլ վերաբերմունքը պետական կամ ավելի ստույգ` համազգային կարեւորւթյան հարցի հանդեպ, որի մասին բազմիցս գրել ենք: Երկրորդՙ մեր քաղաքական ուժերի մի զգալի մասը պարզապես խուսափում է իրեն նեղություն տալ մտածելու կամ պատասխանատվություն կրելու` անգամ հայտարարության մակարդակով: Երրորդՙ հայտարարությունից անցել են օրեր, սակայն Հայաստանի նախագահը եւս անդրադարձ չի արել դրան, ասենք թեկուզ Արմավիրում: Շեֆի լռությունը նշան է, որ քաղաքական կուսակցությունների առաջին դեմքերը եւս լռեն` կարծես ինչ-որ բանի սպասելիս լինեն: Չորրորդ եւ ամենապրիմիտիվ պատճառն այն է, որ մեր քաղաքական դեմքերից շատ-շատերը վատ են տիրապետում ղարաբաղյան հիմնախնդրի նրբություններին, եւ նրանց համար չինարենից ավելի դժվար է կողմնորոշվել` ինչից հետո ինչ ասելն ու որեւէ հոդաբաշխ տեսակետ ի հայտ բերելը:

Սա ցավալի է, քանի որ տեղեկատվության, գնահատականի եւ տեսակետների պակասը սովորաբար հասարակությանը ստիպում է խուճապի մատնվել: Իսկ դրա համար, խոստովանենք, պատճառ կա. հնարավոր ռազմական լուծումների մասին ադրբեջանական հոխորտանքների տեղեկատվությունը, որ լցված է կայքերում, հունիսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը, որ հայ զինվորների կյանք խլեց` այս բոլորը լիուլի սնում են պատերազմի սպասումը: Գումարվում են տարբեր տեսակի տեղեկատվական «բադիկները», որոնք փորձարկում են մեր հասարակության նյարդերը ամենատարբեր նպատակներով` օրինակ, հենց թեկուզ այն լուրը, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումն էր տարածել, թե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են, որ ամռան ամիսներին արցախյան սահմաններում կազմակերպվելու են արյունալի միջադեպեր, հետո կարճատեւ եւ հազարավոր զոհերով պատերազմ, ապա խաղաղապահ զորքեր են մտցվելու Ֆիզուլի (ամերիկյան) եւ Քելբաջար (ռուսական խաղաղապահներ):

Դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն էլ տեղյակ են այդ բոլորից: Այս կարգի ապատեղեկատվությունը պատերազմական իրավիճակներում, եթե վերհիշենք արցախյան պատերազմի շրջանը, հենց մարդկանց գիտակցության մեջ ավերներ գործելու համար էր ու հազար տեսակի նպատակ էր հետապնդում: Ի դեպ, տեղեկություն տարածողը կարող է մտածել, որ բարի գործ է անում այդ տեղեկատվությունը տարածելով, չմտածելով, որ կուլ է տվել մի ողջ համակարգված լոբբիինգի խայծը: Հիմա մեր անթիվ-անհամար լրատվամիջոցներից մեկ-երկուսն էլ, սկզբնաղբյուրի նման կուլ տվեցին սենսացիայի խայծը` հրապարակելով այս լուրը, մինչդեռ այլ համակարգ պիտի աշխատեցվեր. տեղեկություն կա՞` ուղարկեք բոլոր հանրային միավորներին, լրատվամիջոցներին` ի գիտություն, իսկ խուճապ ու շփոթ առաջացնելը չի բխում երկրի շահից եւ անգամ պատժելի է օրենքով:

Ահա այս կարգի ոչ միանշանակ իրավիճակում մեծ կալիբրի մեր պաշտոնյաները եւ քաղաքական միավորները լռում են կամ արձագանքում են ոչ համարժեք, մակերեսորեն, իմիջիայլոց, ոչ այնպիսի շեշտադրումներով կամ մանրամասն գնահատականներով, որը վստահություն կներշնչի եւ չի սնի ժողովրդական մակարդակով տարածվող շշուկը սկսվելիք պատերազմի մասին, մանավանդ որ այն լրիվ մտացածին` կարող է սպասարկել գիտե՞ք որ պետության շահերը:

Հիմա նույնը համանախագահող երկրների նախագահների հայտարարությունն է. այ մարդ, մի կարգին բան ասեք, հասկանանք` ով ի՞նչ հասկացավ այդ հայտարարությունից: Անգամ մերոնք ծուլանում են համեմատել հայտարարության անգլերեն-ռուսերեն տարբերակները, որոնց տարբերությունները հեռուն գնացող եզրահանգումների տեղիք է տվել Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան, քաղաքագետ Հիքմեդ Հաջիզադեին: Վերջինս եզրակացրել է, որ գործընթացի արեւմտյան մասնակիցները (անգլերեն տարբերակի տերերը) հակված են պաշտպանելու Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Ռուսաստանը` Հայաստանի, իսկ առավել կարեւոր է` որ Արեւմուտքն ու Ռուսաստանը դեռ չեն պայմանավորվել, համաձայնության չեն հանգել հարցի վերաբերյալ, եւ բանակցությունները կձգձգվեն, լարվածությունն էլ կմնա, մինչեւ կողմերը պայմանավորվեն: Անգլերենով հայերը պետք է վերադարձնեն «օկուպացված» տարածքներ, իսկ ռուսերենով «օկուպացված» տարածքներ չկան: Անգլերենով Ղարաբաղի կարգավիճակն անորոշ ապագայում է «կամարտահայտվելու», ռուսական տարբերակով` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ:

Սակայն մերոնք բավարարվում են հայտարարությամբ «դրական առաջընթաց» արձանագրելով, դեպի ապագան միտում տեսնելով, միայն նշելով, որ հայկական կողմը բազմիցս ասել է` նախ կարգավիճակը, հետո մնացած սկզբունքները: Իսկ թե ինչո՞ւ է հայտարարության մեջ նախ տարածքների վերադարձն ամրագրվում, իսկ մնացածը մշուշոտ ու աներաշխիք է, եւ ինչո՞ւ դրան պետական մակարդակով հակահարված չի տրվում, այս մասին հիմնականում լռում են: Եղած կարծիքներից.

  Իգոր Մուրադյանն , օրինակ, այս փաստաթուղթն իր բովանդակությամբ գերեզմանաքար է համարում ղարաբաղցիների եւ ողջ Հայաստանի համար: Տեսնես առավել ո՞ւմ է հարկավոր ղարաբաղյան կարգավորման իմիտացիան` Եվրոպային, ռուսներին, ԱՄՆ-ին, մտատանջվում է քաղաքագետը` հարցնելով, թե ո՞ւմ հարկավոր կլինի պատերազմի խաղարկումը: ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանը հարցն ուրիշ ուղղությամբ է տանում` մի թող Մինսկի խումբը հստակեցնի իր մանդատը, հետո մեզ անելիք թելադրի, քանի որ եթե մենք առաջարկներն ընդունենք, եւ այդ սկզբունքներն ընդունող փաստաթուղթ ստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, դա բերելու է պատերազմի եւ Արցախի հայաթափման: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ընդունելի սկզբունքներ է համարում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ինքնորոշման ճանաչման միջոցով, ցամաքային ուղիղ կապի ապահովումը Հայաստանի հետ, անվտանգության երաշխիքների ամրագրումը. ախր բոլորն են դրանք ընդունելի համարում, բայց չգիտենք այդ սկզբունքների ճակատագիրը, եթե սկզբից տարածք ենք վերադարձնելու: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ բազմաթիվ ծուղակներ էր տեսել անգլերեն տարբերակում` ասենք տարածքների վերադարձից հետո ուժի կիրառումը ո՞նց է բացառվելու, չէ որ այսօր էլ կա զինադադարի պայմանագիր, բայց Ադրբեջանն այն խախտում է, բացի այդ` տարածքների դիմաց անգլերեն տարբերակում ինչ-որ միջանկյալ կարգավիճակ է առաջարկվում եւ այլն:

Իսկ ընդհանրապես` հարկ է նկատել, որ հայտարարության անգլերեն, ռուսերեն, հայերեն տարբերակներն իրար չհամապատասխանելու փաստը ցույց է տալիս այն ողջ վերաբերմունքը, որ ունեն համանախագահող երկրները Ղարաբաղի հարցի վերբերյալ, այն է` հակամարտությունն օգտագործել այնպես, ինչպես իրենց է հարմար, եւ ոչ թե հարց լուծել:

Եվ ճիշտ են այն տեսակետները, որ մեծ հաշվով ոչ մեկին չի հետաքրքրում, թե ո՞վ է մեղավոր, ո՞վ` արդար ղարաբաղյան հակամարտության խնդրում, ուղղակի մեծ պետությունների տարածաշրջանային շահերը պահանջում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, որպեսզի տնտեսական հարցերին ոչինչ չխանգարի, եւ միայն: Ու այստեղից մեկ մխիթարական հետեւություն կարելի է անել` պատերազմը ոչ մեկին, այդ թվումՙ Ադրբեջանին, ձեռնտու չէ, ստատուս քվոն էլ, այնուամենայնիվ, չնայած հարց լուծելու պարբերական ապսպրանքներին, դեռ պահպանվելու է: Մնացյալն արդեն կհստակեցվի ե՛ւ Հիլարի Քլինթոնի, ե՛ւ համանախագահների` տարածաշրջան եւ Հայաստան մոտակա այցերի ժամանակ, ու գուցե մինչ այդ կամ դրանից հետո ե՛ւ Հայաստանի նախագահն արտահայտվի, ե՛ւ առանցքային քաղաքական ուժերը վերջապես փաստարկված բացատրեն մարդկանց, թե ո՞ւր եւ ինչի՞ ենք հասել ղարաբաղյան բանակցություններում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4