«Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստանի այցելության նախօրեին պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով պատասխանատու տեղակալ Ֆիլիպ Գորդոնի ճեպազրույցին: Հունիսի 30-ին այդ ճեպազրույցը տեղ է գտել նաեւ «Բուգյուն» թերթի կայքէջում: «ԱՄՆ-ի «անփառունակ» հայտարարությունը» վերնագրով թուրքական թերթը նախ հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Գորդոնն անձամբ պետքարտուղարություն էր հրավիրել Ասոշիեյթեդ պրես գործակալության թղթակցին, հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր. «Թուրքիան պետք է ապացուցի Արեւմուտքին իր հավատարմությունը», թերեւս դրանով էլ հակազդեցություն էր առաջ բերել Անկարայում»:
Այնուհետեւ «Բուգյունը» շարունակում է. «Ճեպազրույցում Գորդոնն ասաց, որ պետքարտուղարի Հայաստան այցելությունը պատեհ առիթ է քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը, որը խցանվել է արձանագրությունների վավերացման փուլում: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց նորմալացման գործընթացին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության մասին եւ նշեց. «Մ. Նահանգները համոզված է, որ արձանագրությունների վավերացումն ու երկու երկրների միջեւ սահմանի բացումը բխում են կողմերի եւ ողջ տարածաշրջանի շահերից: Երբ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջընթաց քայլ կատարելու արձանագրությունների հարցում, Հայաստանը կարձագանքի դրան»:
Գորդոնը միաժամանակ նշեց, որ տասնամյակներ շարունակ տարածաշրջանում թերեւս ամենադրական զարգացումը Իսրայելի հետ Թուրքիայի սերտ հարաբերություններն էին, սակայն «Մավի Մարմարա» նավի վրա կատարված հարձակումով սրվեց դրանց լարվածությունը: Ապա նա ավելացրեց. «Այն քայլերը, որոնք չեն նպաստում երկու երկրների միջեւ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու չեն ամրապնդում անվտանգությունը, անփառունակ քայլեր են»: Տեղեկության համար օգտագործել են «Ջիհան» գործակալության հաղորդագրությունը»:
Հ. Չ.