«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2010-06-30 | #121, 2010-07-01 | #122, 2010-07-02


ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ՎԱՏԻՑ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ

Դավիթ Շահնազարյանըՙ ԼՂՀ հակամարտության մասին

Եթե Վրաստանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կանդրադառնա Հարավային Օսիային եւ Աբխազիային եւ կոգեւորի վրացական իշխանություններին, որ ԱՄՆ-ն իրենց հետ է, Բաքվում կքննարկի Աֆղանստանի, Իրանի, ՆԱԲՈւԿՕ-ի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր, ապա Երեւանում Քլինթոնը կանդրադառնա հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հարցին ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Սա ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի տեսակետն է հանգստյան օրերին տարածաշրջան այցելող Հիլարի Քլինթոնի ծրագրերի վերաբերյալ:

Շահնազարյանը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերություններում որեւէ առաջընթաց չի կարող լինել, որովհետեւ Թուրքիան ստացել է այն ամենն, ինչ ցանկանում էր: «Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին դուրս թողեց ղարաբաղյան հարցի կարգավորման ամբողջ գործընթացից, Սերժ Սարգսյանն իր ֆուտբոլային դիվանագիտությամբ Թուրքիային բերեց կարգավորում», ասաց նա «Իրավունք դե ֆակտո» ակումբում:

Նա համոզված է, որ ԼՂ հարցում մոտ ապագայում ոչ մի առաջընթաց չի լինի, սակայն զարգացումները գնում են այնպես, որ Հայաստանի եւ Ղարաբաղի համար իրավիճակը զարգանում է վատից դեպի վատթարագույն: Հետեւաբար ՀԱԿ-ում ավելի շատ սպասում են, թե ԱՄՆ-ի պետքարտուղարն ինչ կասի Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված:

Մեկնաբանելով G-8 գագաթաժողովին ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը ղարաբաղյան խնդրի կապակցությամբ, ընդդիմադիր գործիչն ասաց, որ նպատակն էր վերջ տալ բանակցային գործընթացից դուրս գալու Ադրբեջանի սպառնալիքներին: «Հայտարարության մեջ արված սկզբունքները հետագա խմբագրման ենթակա չեն: Չափազանց մտահոգիչ է Հայաստանի դիվանագիտության մակարդակի օրեցօր վատթարացումը: Այն անցել է բոլոր ընդունելի եւ անընդունելի սահմանները: Այն, ինչ կատարվում է` խայտառակություն է»:

Ռոբերտ Քոչարյանին` Հաագայի դատարան

ՀԱԿ-ը մարտի 1-ի գործով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան, եւ դատարանն այն գրանցել է.

«Սա դիմում է` ստորագրված տասնյակ հազարավոր մարդկանց կողմից, եւ չափազանցություն չի լինի ասել, որ ամբողջ հայ ժողովուրդի կողմից է ներկայացված: Թող ոչ մեկը կասկած չունենա, որ ժամանակավորապես ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը կանգնելու է դատարանի առաջ եւ պատասխան է տալու հայ ժողովրդի եւ մարդկության առաջ կատարված իր հանցագործությունների համար»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4