Երեւանում է «Ռուսական երկաթուղու» նախագահ Վլադիմիր Յակունինը
Հայաստան այցելած «Ռուսական երկաթուղու» նախագահ Վլադիմիր Յակունինը երեկ հանդիսավորությամբ բացեց Երեւանի վերոնորոգված երկաթուղային կայարանը եւ լոկոմոտիվային դեպոն: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ նա շրջեց կայարանում, ծանոթացավ կատարված աշխատանքին եւ հույս հայտնեց, որ երկաթուղին էապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Վլադիմիր Յակունինը արդյունավետ համարեց «Ռուսական երկաթուղու» ներդրումները Հայաստանում, նշելով, որ այն մտահոգությունները, թե ճգնաժամը կարող է ազդել ընկերության ներդրումային ծրագրի վրա, չիրականացան: Մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղում» կատարվել են 1,1 մլրդ ռուբլու ներդրումներ:
Խոսելով Հայաստանի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու հատվածի շինարարության մասին, «Ռուսական երկաթուղու» նախագահն ասաց, որ ամեն ինչ պետք է դիտարկել տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից: «51 կմ այդ հատվածի շինարարությունը կարժենա 6 մլրդ ռուբլի, այդ պատճառով վստահ չեմ, որ դա արդյունավետ կլինի երկաթուղային փոխադրումների համար», նշեց Վլադիմիր Յակունինը:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն էլ նշեց, որ երկաթուղու վերոնշյալ հատվածի կառուցումը կապ չունի կոնցեսիոն պայմանագրի հետ, այլ կառավարության ծրագրով նախատեսված քայլ է: Նա հայտնեց, որ օրվա ընթացքում այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի:
Վրացական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը վերցնելու մասին լրագրողների հարցին Վլադիմիր Յակունինը պատասխանեց, որ դեռ բանակցություններ չեն վարվել եւ «չեն էլ վարվելու»:
Երեկ «Ռուսական երկաթուղու» նախագահը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ա. Մ.