Երուսաղեմից ստացված լուրերի համաձայն` Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տարածքում կարող է հյուրանոցային համալիր կառուցվել, քանի որ հրեական մի շինարարական կազմակերպություն մտադիր է վարձակալել եւ շինարարություն ծավալել այնտեղ: Երուսաղեմի քաղաքապետարանն առանց հայկական կողմի համաձայնությունն առնելու որոշել է տարածքը տրամադրել այդ շինարարական կազմակերպությանը: Տեղի հայերը բողոքում են այդ որոշման դեմ, իսկ հայկական կազմակերպությունները, այդ թվում` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, բողոքի նամակներ են հղել Երուսաղեմի քաղաքապետարան` նշելով, որ տվյալ շինարարական կազմակերպությունը տարբեր զարտուղի ճանապարհներով է հասել վարձակալության թույլտվությանը: Հայ համայնքի կազմակերպած ցույցի մասին պատմել է Իսրայելի հեռուստատեսությունը, նշվել է, որ հայերը ստորագրահավաք են սկսել հյուրանոցային համալիրի կառուցման եւ առհասարակ քաղաքապետարանի կայացրած որոշման դեմ:
Մ. Խ.