Այսօր «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվելու է ցուցահանդես` մասնակցությամբ 5 նկարիչների ու մի բանաստեղծի: Նկարիչներն են Վարդան Թովմասյանը, Կամո Նիգարյանը, Վահան Ռումելյանը, Գարիկ Կարապետյանն ու Համլետ Հովսեփյանը: Մասնակցում է նաեւ բանաստեղծ Վահան Վարդանյանը. ցուցահանդեսի ընթացքում նա կարդալու է իր բանաստեղծությունները:
«Մենք կարիք ունենք բարձր արվեստն ընկալող հասարակության», ցուցահանդեսի նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ, «Ուրբաթ» ակումբում, նշեց «Հայ Արտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը :
Առաջիկա ցուցահանդեսը, որը տեւելու է 2 շաբաթ, յուրահատուկ մի երկխոսություն է լինելու` արվեստագետի եւ արվեստասերի միջեւ:
Ասուլիսին ներկա էին մասնակից նկարիչներից 4-ը: Գարիկ Կարապետյանը նշեց, որ 20-րդ դարում նկարչությունն ազատագրվեց այն ֆունկցիաներից, որոնք խանգարում էին իրեն: «Այսօր մենք ներկայացնում ենք մաքուր նկարչություն, որն անցել է տարբեր հիասթափությունների միջով», ավելացրեց Գ. Կարապետյանը : Վերջինիս խոսքով` ճշմարիտ արվեստն իրականությունից առաջ է, «այդ արվեստը հասարակությանը ներկայացնելը շատ բարդ է»:
Բանախոսները խոսեցին նաեւ հասարակության ու բարձր արվեստի միջեւ խզված կապի մասին: Այս խնդրի լուծման գործում մեծ դեր պետք է ունենան արվեստաբանները:
«Ցավոք սրտի, հիմա արվեստաբան չունենք: Հայաստանն արվեստաբանության խնդիր ունի` կապված, հատկապես, ժամանակակից արվեստի հետ», ասաց Վահան Ռումելյանը : Նրա կարծիքով` արվեստաբանների գործն ավելի շատ կատարում են լրագրողները:
Ցուցահանդեսի համակարգող Գայանե Եղիազարյանը հակադրվեց նկարչի խոսքերին. «Ինքս արվեստաբան եմ, եւ արվեստաբանները մեծ աշխատանք են կատարում: Այսօր արվեստաբանությունը պետական հովանավորության կարիք ունի»: Գարիկ Կարապետյանն էլ փորձեց հաշտեցնել բանավիճող կողմերին. «Լավ արվեստաբաններ ունենք, բայց արվեստաբանություն չկա՛»:
Ի. Պ.