«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ՊԻՏԻ ՔՆՆԱՐԿՎԻ

Բայց այդ ժամանակը դեռ անորոշ է

Երեկ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ:

Հանդիպումներից հետո Ռոբերտ Բրադկեն լրագրողներին ասել է, որ իրենք կարեւորում են Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, որովհետեւ տեղում լսել են ղարաբաղյան կողմի տեսակետները հակամարտության կարգավորման մասին:

Հղում անելով նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի համատեղ հայտարարությանը, ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ իրենք հանձնարարություն ունեն շարունակելու ինտենսիվ աշխատանքը եւ ձգտելու կարճ ժամանակում հաղթահարել խաղաղ կարգավորման ճանապարհին առկա բոլոր բարդությունները: Տարածաշրջան այցելելու նպատակներից մեկն էլ, ըստ Բրադկեի, այս ամսվա ընթացքում Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը նախապատրաստվելն էր:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ լրագրողների տված հարցին Իգոր Պոպովն ասել է, որ ինչպես Լ,Աքվիլլայում, այնպես էլ հիմա նախագահների մեջ կա այն գիտակցումը, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդավարական ուղիով` ժողովրդի կամարտահայտության հիման վրա: Իսկ թե ինչպես պիտի որոշվի, նշել է նա, դեռ պիտի քննարկվի:

Ռուս դիվանագետն անդրադարձել է նաեւ հունիսի 18-ին տեղի ունեցած սահմանային միջադեպին, ասելով, որ համանախագահները երկուշաբթի օրը հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ: Այդ կապակցությամբ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ արդեն եղել են: Թեման կարծարծվի նաեւ Հայաստանում, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի եւ Բաքվում` քաղաքական ու ռազմական գերատեսչության ղեկավարության հետ: Խնդիրը հրադադարի խախտումները հետագայում բացառելն է, որովհետեւ, ըստ միջնորդների, նման միջադեպերը վնաս են հասցնում խաղաղ գործընթացին:

Լրագրողների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր գործընկերների հետ չի ժամանել Ստեփանակերտ: Իգոր Պոպովը դա բացատրել է վերջինիս զբաղվածությամբ, նշելով, որ օրվա վերջին Երեւանում Ֆասիեն կմիանա իրենց:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4