«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ, ՔԱՆ ՍՊԱՌՈՂՆԵ՞ՐԸ

Ի՞նչ են ասում ԿԲ ուսումնասիրությամբ հաշվարկված բաղադրյալ տնտեսական ինդեքսները

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է 2010-ի 2-րդ եռամսյակի բաղադրյալ տնտեսական ինդեքսները: Համաձայն այդ հաղորդագրության, 2005-ի սկզբից ՀՀ Կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների եւ տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց նպատակն է. ա) գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, բ) գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, գ) հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել եւ հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:

Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 924 կազմակերպություն: Հարցման է ենթարկվել նաեւ 1808 տնային տնտեսություն Երեւան քաղաքում եւ բոլոր մարզերում: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվել են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսներ:

Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի եւ պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով, սպառողների վստահության ինդեքսը ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության եւ ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) եւ ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների եւ զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

Ներկայացնելով բաղադրյալ տնտեսական ինդեքսների արժեքներըՙ հաշվարկած ինչպես նախորդ տարվա նույն եռամսյակի, այնպես էլ նախորդ եռամսյակի նկատմամբ, Կենտրոնական բանկը միաժամանակ հիշեցնում է, որ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ հաշվարկված ինդեքսները տնտեսության փաստացի միտումներն առավել ստույգ են բացատրում, քանի որ բացառվում է սեզոնային տատանումների գործոնը:

Այսպիսով, բաղադրյալ ինդեքսները` հաշվարկված նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, տոկոսներով.

 2008
I
2008
II
2008
III
2008
IV
2009
I
2009
II
2009
III
2009
IV
2010
I
2010
II
Տնտեսական ակտիվության ինդեքս92.1114.294.474.873.371.894.9102.7120.2108.7
Գործարար միջավայրի ինդեքս87.486.796.888.466.476.595.9105.0137.3133.8
Սպառողների վստահության ինդեքս99.193.998.4100.384.787.786.788.8101.5108.4

Աղյուսակից երեւում է, որ տնտեսական ակտիվության ինդեքսը 2010-ի երկրորդ եռամսյակում 2009-ի երկրորդ եռամսյակի նկատմամբ աճել է, իսկ 2008-ի երկրորդ եռամսյակի նկատմամբ նվազել: Այդուհանդերձ, սպասումներն այստեղ դրական են, քանի որ գերազանցում են 100 տոկոսը: Նույնն է պատկերը նաեւ գործարար ակտիվության ինդեքսի համար, իսկ սպառողների վստահության ինդեքսը ավելի բարձր է եղել, քան անգամ 2008-ի երկրորդ եռամսյակում: Այսինքն, բոլոր երեք ցուցանիշներն ի մի բերելով, կարելի է եզրակացնել, որ անցյալ տարվա նույն ժամակահատվածի համեմատ տնտեսության վիճակը բարելավվել է եւ սպասումները լավատեսական են դարձել:

Բաղադրյալ ինդեքսները` հաշվարկված նախորդ եռամսյակի նկատմամբ, տոկոսներով.

 2008
I
2008
II
2008
III
2008
IV
2009
I
2009
II
2009
III
2009
IV
2010
I
2010
II
Տնտեսական ակտիվության ինդեքս120.6120.882.462.3118.2118.3109.067.4138.4107.0
Գործարար միջավայրի ինդեքս107.897.1100.484.180.9112.0125.992.1105.8108.1
Սպառողների վստահության ինդեքս110.392.4104.394.493.195.8103.096.7106.3102.3

Այս տարվա 2-րդ եռամսյակում նույնպես բոլոր երեք ինդեքսների գծով դրական ցուցանիշներ են արձանագրվել, բայց տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսներն ավելի ցածր են եղել նախորդ եռամսյակի նկատմամբ, իսկ գործարար միջավայրի ինդեքսնՙ ավելի բարձր: Դա նշանակում է, որ բիզնեսն ավելի լավատեսական է տրամադրված տնտեսական ներկա իրավիճակի վերաբերյալ եւ ապագայի սպասումներն ավելի լավատեսական են:

 պատասխանների հաշվեկշիռը
2009/2
պատասխանների հաշվեկշիռը
2010/1
պատասխանների հաշվեկշիռը
2010/2
ինդեքս, %
Նախ. եռ. նկ.
ինդեքս, %
նախ. տարվա նույն. եռ. նկ
Արդյունաբերություն50.755.353.897.2106.1
Շինարարություն54.163.969.5108.7128.5
Առեւտուր53.757.560.8105.7113.4
Ծառայություններ65.857.661.9107.694.1
Տնտեսական ակտիվություն56.957.861.9107.0108.7

Տնտեսական ակտիվությունն ըստ տնտեսության ճյուղերի 2010-ի երկրորդ եռամսյակում.

Այստեղ միայն ծառայությունների ոլորտում է, որ 2010-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ տնտեսական ակտիվության ինդեքսն ավելի ցածր է եղել, մնացած բոլոր դեպքերում այդ ցուցանիշն ավելի բարձր է: Իսկ այս տարվա 1-ին եռամսյակի նկատմամբ, տնտեսական ակտիվության ինդեքսը ցածր է եղել միայն արդյունաբերության ոլորտում, մյուս ոլորտներում այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել:

Գործարար միջավայրը ըստ տնտեսության ճյուղերի 2010-ի երկրորդ եռամսյակում.

 պատասխանների հաշվեկշիռը
2009/2
պատասխանների հաշվեկշիռը
2010/1
պատասխանների հաշվեկշիռը
2010/2
ինդեքս, %
Նախ. եռ. նկ.
ինդեքս, %
նախ. տարվա նույն. եռ. նկ
Արդյունաբերություն34.850.952.5103.2151.0
Շինարարություն37.347.649.3103.6132.3
Առեւտուր35.343.845.5103.9128.8
Ծառայություններ40.645.051.4114.2126.7
ԳՄԻ37.646.550.2108.1133.8

Գործարար միջավայրի գնահատականներն ու սպասումները տնտեսության ներկա վիճակի եւ ռիսկերի վերաբերյալ, ըստ վերոնշյալ աղյուսակի, ավելի լավատեսական են եւ նախորդ տարվա նույն եռամսյակի, եւ այս տարվա առաջին եռամսյակի նկատմամբ:

Սպառողների վստահությունը 2010-ի երկրորդ եռամսյակում.

 պատասխանների հաշվեկշիռը
2009/2
պատասխանների հաշվեկշիռը
2010/1
պատասխանների հաշվեկշիռը
2010/2
ինդեքս, %
Նախ. եռ. նկ.
ինդեքս, %
նախ. տարվա նույն. եռ. նկ
Ընթացիկ պայմանների ինդեքս34.936.637.7103.0108.0
Ապագա պայմանների ինդեքս51.955.356.4102.0108.7

Թեեւ սպառողների վստահության ինդեքսն ավելացել է ինչպես նախորդ եռամսյակի, այնպես էլ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, բայց ընթացիկ պայմանների ինդեքսը գտնվում է 50-ից ցածր նիշի վրա, ինչը վկայում է, որ ներկա պայմանների փոփոխության մասին նրանց գնահատականներն ավելի շատ բացասական են, քան դրական: Սակայն, բարեբախտաբար, ապագայի նկատմամբ սպառողներն ավելի լավատեսական են տրամադրված եւ այդ ցուցանիշը բարելավվել է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4