«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ՀԱՅԻ ՀՈԳԻՆ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ես գիտեի, թե իմ հայրենիքը մութ ու մռայլ մի երկիր է, բայց իմ պատկերացումները չէին համապատասխանում իրականությանը: Երբ այստեղ լուսավոր փողոցներ ու ժպտացող մարդկանց տեսա, զարմացել էի: Մի՞թե այսպիսին է իմ հայրենիքը», ասում է 17-ամյա Շաքե Ջուլֆայանը : Շաքեն ապրում է Լոս Անջելեսում, մի քանի օր առաջ առաջին անգամ եկել է Հայաստան: Նա Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության «Արշակ Տիգրանյան» վարժարանի սաներից է, սովորում է 11-րդ դասարանում: Շաքեն Հայաստան է եկել վարժարանի մյուս տասնմեկերորդցիների հետ: Ամեն տարի «Արշակ Տիգրանյան» վարժարանի սաներն այցելում են Հայաստան, դա արդեն հաճելի ավանդույթի է վերածվել: Աշակերտների հետ այս տարի հայրենիք է եկել նաեւ վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդան Աբրահամյանը : «Մինչեւ անցյալ տարի հայրենիք են այցելել վարժարանի շրջանավարտները, բայց այսուհետեւ գալու են միայն տասմեկերորդցիները: Արդեն 13 տարի աշխատում եմ վարժարանում, եւ այդ ընթացքում միշտ էլ իրականացվել է հայրենիք այցելելու այս ծրագիրը: Այցելությունով հատկապես շահագրգռված են աշակերտների ծնողները, հենց նրանք էլ վճարում են այցելության ծախսերը», ասում է Վարդան Աբրահամյանը:

Ամեն տարի աշակերտները լինում են Հայաստանի պատմամշակութային տարբեր վայրերում, մշակութային օջախներում: Սամսոն Մղդսյանը պատմում է, որ այս տարի արդեն հասցրել են լինել Սեւանում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Նորավանքում, Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Ծիծեռնակաբերդում եւ այլն: 17-ամյա Սամսոնը 2-րդ անգամն է գալիս Հայաստան: Այս տարի նա տպավորվել է հատկապես Էջմիածնի Մայր տաճարով: «Ճիշտ է, դժվար կլինի, բայց ուզում եմ ապրել Հայաստանում: Դժվար կլինի կարոտի առումով: Եթե հարազատներս էլ տեղափոխվեն Երեւան, ես ուրիշ խնդիր չեմ տեսնում», ասում է Սամսոնը :

Կազմակերպչական հարցերով «Արշակ Տիգրանյան» վարժարանի սաներին աջակցում է Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը (ՀԹՄՄ):

Թեքեյան մշակութային միության վարչության անդամ Գայանե Մուրադյանը նշում է, որ վարժարանի` նախորդ տարիներին հայրենիք այցելած պատանիներից շատերը պատրվակներ են փնտրել հայրենիքում ավելի երկար ժամանակ մնալու համար: «Կան երեխաներ, որոնք ուզում են այնպիսի մասնագիտություն ընտրել, որպեսզի կարողանան բիզնես ունենալ Հայաստանում: Այս ծրագիրը կարծես նրանց մեջ արթնացնում է հայրենադարձության գաղափարը: Ընդամենը 10-15 օրում պատանիների մեջ մեծ փոփոխություններ են լինում», ասում է Գայանե Մուրադյանը:

Ծրագրով նախատեսված է, որ ամեն տարի աշակերտները կամ շրջանավարտները լինեն Հայաստանում Վահան Թեքեյանի անունը կրող որեւէ դպրոցում: «Անցյալ տարի գնացել են Գյումրիի Վ. Թեքեյանի անվան դպրոց: Լինելով այդ դպրոցներում` նրանք համեմատություններ են անում մեր եւ Լոս Անջելեսի կրթական համակարգերի միջեւ, թե ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան», ասում է Գ. Մուրադյանը:

Հուլիսի 1-ին վարժարանի սաներն այցելեցին Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անունը կրող հանրակրթական դպրոց: Առհասարակ, այդ օրը պատանիների շրջագայության վայրն Արագածոտնի մարզն էր:

Վարժարանի աշակերտները եւ ուսուցիչը շրջեցին դպրոցում, եղան համակարգչային եւ նախնական զինվորական պատրաստվածության սենյակներում, շարահրապարակում, գրադարանում: Դպրոցի քառաձայն երգչախումբը, որը մարզում միակն է, այցելուների համար Մարո եւ Սերոբ Պետրոսյանների անունը կրող սրահում հանդես եկավ երաժշտական կատարումներով: Դպրոցն ունի պարի, դիզայնի, կերպարվեստի երգի խմբակներ, որոնց պարապմունքները շարունակվում են նաեւ ամառային արձակուրդի օրերին: Տնօրեն Արսեն Օհանյանը նշեց, որ դպրոցն ունի 720 աշակերտ եւ 82 շրջանավարտ:

«Որպես գյուղի դպրոց սա արտակարգ դպրոց է: Ինձ զարմացնում է աշակերտների քանակը: Չնայած Լոս Անջելեսում հայկական մեծ համայնք կա, բայց մեր վարժարանը տարեկան ընդամենը 25-30 շրջանավարտ է ունենում», ասաց Վ. Աբրահամյանը:

Վ. Թեքեյանի անունը կրող դպրոցներ կան Հայաստանի տարբեր վայրերում` Երեւանում, Ստեփանավանում, Գյումրիում, ինչպես նաեւ Բերձորում (Լեռնային Ղարաբաղ):

Կարբիի դպրոցում այցելուների համար փոքր հյուրասիրություն էր կազմակերպվել: Պատանիներից 17-ամյա Ալբերտ Երկաթյանը , որն առաջին անգամ է հայրենիքում, ասում է, որ իրեն շատ դուր եկան Հայաստանի ծիրանն ու կեռասը, բանջարեղենից` լոլիկն ու վարունգը: Վարդան Աբրահամյանն էլ ասում է, որ Լոս Անջելեսում էլ ծիրան կա` ավելի մեծ ու գեղեցիկ, քան Հայաստանինը, բայց շատ անհամ: «Հայկական ծիրանի նման համեղ ծիրան չկա աշխարհում», հպարտորեն ասում է ուսուցիչը:

Վարժարանի սաներից Ռոզի Դեմիրճյանը դպրոցում ասմունքեց Վահան Թեքեյանի «Հայու հոգին» բանաստեղծությունը, որի մեջ Ռոզին դրեց նաեւ իր կարոտն ու հայրենասիրությունը: Ռոզին առաջին անգամ է Հայաստանում, ծնվել է 1993-ին Լոս Անջելեսում: Ասում է, որ իր համար տարբերություն չկա` որտեղ է ծնվել. «Իմ սիրտն ու հոգին Հայաստանում են: Ինչ լսել ու սովորել էի հայրենիքիս մասին, ճշմարիտ էր, հենց այսպիսին էի պատկերացնում Հայաստանը: Իմ երեխաները որտեղ էլ ծնվեն, ես նրանց հայ եմ դաստիարակելու: Կապ չունի` հայերս որտեղ ենք ապրում. մենք կանք, կլինենք ու կշատանանք», ասում է Ռոզին: Նա որոշել է մաշկաբան դառնալ, այնուհետեւ վերադառնալ Հայաստան ու որպես բժիշկ ծառայել հայրենիքին:

Դպրոցից հետո պատանիները ոչ պակաս տպավորություններ ունեցան Օշականում, հատկապես Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որը կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցին կառուցվել է այն դամբարանի վրա, որտեղ ամփոփված է Սբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը:

Աշակերտների պատասխանները, կարծիքները ե՛ւ իրար նման էին, ե՛ւ տարբեր: Հետաքրքրական է` Հայաստանը նրանք համարում են ազատության երկիր: «Լոս Անջելեսում շատ վտանգավոր է, ուշ ժամի տնից դուրս գալն այնտեղ անհնար է, բայց այստեղ գիշերվա ժամը 3-ին մարդիկ հանգիստ շրջում են փողոցներով», ասում է Ալբերտը եւ խոստովանում, որ Երեւանում դեռ ժամը 3-ին տնից դուրս չի եկել, իսկ մարդկանց այդ ժամին հյուրանոցի պատուհանից է տեսել:

Պատանիները հուլիսի 5-ին հետ են գնալու Լոս Անջելես, բայց այն զգացողությունները, որոնք ունենում են Հայաստանում, նրանց վաղ թե ուշ հետ են բերելու հայրենիք:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Կարպի-Օշական-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4