Արդեն մեկ տարի գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանը, հիմնադիր տնօրենն է դոկտ. Երվանդ Զորյանը: Որպես նորագույն տեխնոլոգիաների զարգացման եւս մեկ հետեւանք, այսպիսի համալսարանները սկսել են գործել շուրջ 20 տարի առաջ, որոնք բարձրագույն տեխնոլոգիաների առաջընթացներին զուգահեռՙ ակտիվանում են նոր ծրագրերով, նոր մեթոդներով: Հազարից ավելի վիրտուալ համալսարանների մեջ միակ եւ հայկական առաջին օնլայն համալսարանը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն է, որի ծրագիրը նախաձեռնել է ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղը 2004-ին, մի քանի տարի շարունակ Երեւանի պետհամալսարանի գիտնականների եւ ծրագրավորողների համագործակցությամբ մշակվել է ծրագրի տեխնոլոգիան: Պաշտոնապես համալսարանը բացվեց 2009 թ. հունիսից, եւ ահա երեկ ամփոփվեցին մեկամյա գործունեության տվյալները, ոչ միայն ելույթ-շնորհավորանքներով, գործնական տպավորություններով, նաեւ մոտ ապագայի նոր ծրագրերի մասին տեղեկություններով:
Ընթացիկ տարին ներառել է ուսումնական չորս շրջան, որոնց աշխարհի 35 երկրներիցՙ Մ. Նահանգներից, Վենեսուելայից, Ռուսաստանից մինչեւ Թուրքիա եւ Հարավ Աֆրիկյան երկրներ, 500 ուսանող է մասնակցել, ավելի շատՙ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից: ՀՎՀ-ում գործում է երեք ֆակուլտետՙ հայոց լեզու, պատմություն, մշակույթ. ուսուցումն իրականացվում է 6 լեզուներովՙ արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն:
Ուսուցումը կատարվում է դասախոսությունների միջոցովՙ մատուցմամբ, անշուշտ, ավանդական կրթարաններից տարբեր. մուլտիմեդիա դասախոսությունները ներառում են նախապես պատրաստված տեքստ, ձայն, ինտերակտիվ նկարներ, տեսանյութեր եւ դրանք լրացնող եւ սովորողների ժամանակակից պահանջմունքները բավարարող հարակից այլ միջոցներՙ խաղեր, խնդիրներ, տարբեր ծրագրեր: Այլ է ուսուցիչների գործառույթը, նրանք օնլայն շփման մեջ են ուսանողների հետ, գործող բոլոր վեց լեզուներովՙ ուս. ծրագրերի, քննական հարցերի, ֆորումների հետ առնչվող: Օնլայն կապը գործում է նաեւ ուսանողների միջեւ: Դպրոցական մեզ ծանոթ դասարաններ, փաստորեն, ձեւավորվում են վիրտուալ տարածքում, նրանք միասին աշխատում են նաեւ հավաքական ծրագրերի վրա: Ահավասիկ, այսպիսի մասշտաբներով աշխարհով մեկ սփռված մի ժողովրդի համար, ինչպիսին հայն է, հայագիտական նման կրթությունը դառնում է ավելի քան փնտրված եւ կարեւորըՙ մատչելի բոլորինՙ անկախ տարիքից, բնակության վայրից, գիտելիքների մակարդակից: Անշուշտ, հասկանալի է, որ այն հիմնականում հասցեագրված է մեր ժողովրդի սփյուռքահայ հատվածին, որոնց միայն 5 տոկոսը, ինչպես նկատում է դոկտ. Զորյանը, դասական դպրոց գնալու կարելիությունը ունի, բայցեւ բացի կրթական-ճանաչողական նշանակությունից, այն վիրտուալ միջավայր է ստեղծումՙ սոցիալական հաղորդակցության: Եվ ինչպես Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, դրանով իսկ մեծապես ծառայում է սփյուռքահայության գերխնդրինՙ հայապահպանությանը. հընթացս նա առաջարկեց շրջանավարտներին հրավիրել Հայաստանՙ այստեղ հանձնելու ավարտական վկայականները: Համալսարանականները, յուրաքանչյուր ավարտած դասընթացից կրեդիտ վաստակելով, վկայականի իրավունք են ստանում: Բացի դա այդ կրեդիտները կարող են փոխադրել աշխարհի որեւէ կրթական հաստատություն:
Համալսարանի մեկամյա գործունեության հանգամանալի անփոփումը կատարեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀՎՀ-ի հիմնադիր-տնօրեն Երվանդ Զորյանը: Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը ծանոթացրեց օնլայն կրթության բնագավառի զարգացումներին եւ նորարարություններին:
Հետաքրքրական էր ֆորումի ողջ ընթացքըՙ համակարգչային կամրջի միջոցով աշխարհի տարբեր երկրներից (Արաբական Էմիրություններ, Մ. Նահանգներ, Սիրիա, Ֆրանսիա, Թուրքիա եւ այլն) անհատների (ուսանողներ, ուսուցիչներ), նաեւ կրթական հիմնարկների ներկայացուցիչների հետ օնլայն շփումը: Ֆորումի մասնակիցներից Արաբական Միացյալ Էմիրությունների Օհաննեսյան դպրոցի հոգաբարձության ատենապետ Հրաչ Բրոնսուզյանի կարծիքով, այս համալսարանը փրկություն է հայերի համար: Ի դեպ, այս դպրոցՙ համալսարանը ներմուծել է ուսուցման խառը մեթոդ, որով ավանդական դասարանին միանում է օնլայն ուսուցիչը: Կապ հաստատվեց նաեւ Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուբենկյան երկրորդական վարժարանի հետ, որը նույնպես միանալու է այս մեթոդական ուսուցմանը: Հետաքրքրական էր Յոհաննեսբուրգում ապրող Դավիթ Աբրահամյանի տպավորությունները. ընդամենը 40 տարվա պատմությամբ աֆրիկահայ գաղութը 35 հայից է բաղկացած, չկա դպրոց, չկա եկեղեցի, նման պայմաններում առավել քան անհրաժեշտ է դառնում վիրտուալ այս համալսարանի գոյությունը:
Սրահում ներկա համալսարանի օնլայն ուսուցիչները իրենց ելույթներում մանրամասնեցին ուսուցման ծրագրերը, մեթոդները, դասավանդման ձեւերը: Ուսուցանվող երեք առարկան շուտովՙ ընդհանուր ծանոթության մակարդակով կհամալրվի հայ երաժշտության պատմությամբՙ հայ ժողովրդական, միջնադարյան երաժշտություն եւ հայ կոմպոզիտորական արվեստ, այս մասին տեղեկացրեց Մհեր Նավոյանը:
Հայկական վիրտուալ համալսարանը գնալով ընդլայնում է իր հնարավորությունները, բնականոն զարգացումներով ազդում Հայաստանում վիրտուալ կրթության զարգացման վրա, նորանոր մասնակիցներ ընդգրկելովՙ նպաստում ոչ միայն սփյուռքում հայապահպանման հիմնախնդրին, նաեւ աշխարհասփյուռ հայության միասնությանը, թեկուզՙ վիրտուալ տարածքում:
Համալսարանի կայքէջի հասցեն էՙ www.AVC-AGBU.org
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ