Մյուսների համար տոն, լրագրողներիս համար աշխատանքային Սահմանադրության օրը ամեն տարի սկսվում եւ ավարտվում է նույն շրջագծով` ոչինչ ավելի կամ պակաս, եթե չհաշվենք միայն, որ այս տարի ընդհանուր խորապատկերին ավելացել է պետքարտուղար տիկնոջ այցելության փաստը` իր հեռագնա հետեւանքներով. նայած հետեւանքներին` 2010-ի հուլիսի 5-ի Սահմանադրության օրը միշտ մեջբերվելու է: Իսկ ընդհանրապես` Սահմանադրության օրվա առավոտյան արթնանում ես ու նախորդող օրերի առավոտներից տարբեր որեւէ զգացողություն առանձնապես քեզ չի պատում, ասենք, ոչ մի առաջնահերթ զգացողություն, որ 15 տարի է սահմանադրություն ունես... կամ որ սահմանադրություն ունես թիկունքիդ, ու ոչ մի անլվա չի կարող հասնել ու թիկունքիդ կամ գոտկատեղից ներքեւ անպատիժ հասցնել, չի շնչի քո բաժին օդն ու իր վրայով չի ձեւի քո բաժին օրենքը... Մանավանդ` «սահմանադրություն» բառն ու «15» թիվը ոչինչ չեն հիշեցնում հատկապես ներկա սերնդին, մարդիկ հազիվ թե մտաբերեն 15 տարի առաջ սահմանադրության ցավոտ ծնունդը, 1995 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված սահմանադրությանը նախորդած դրամատիկ նախասահմանադրական զարգացումները: Չեն հիշում, որ 1995 թվականի նոյեմբերի 27-ը, որ ազգը պետք է երկյուղածորեն համարեր իրենը, երկար դեռ համարվում էր կեղծված սահմանադրության օր, սահմանադրության այլ տարբերակներ կային սեղանին, եւ պայքար կար` առավել ժողովրդավարական մեխանիզմներ ամրագրող սահմանադրությունն ընդունելու համար: Սակայն ունենք այն, ինչ ունենք, դեռ 2005-ին էլ իբր հանրաքվե արեցինք ու բարեփոխեցինք 10-ամյա սահմանադրությունը. դե հասկանում եք, առանց սահմանադրության որեւէ պետություն պետություն չէ, իսկ մեր սահմանադրությունն էլ միշտ էլ կարող ենք բարելավել` ցանկություն լինի, մանավանդ` ցանկություն լինի գոնե եղած սահմանադրությամբ ապրելու եւ ոչ թե որպես անհրաժեշտ աքսեսուար այն դնելու մեր գրասեղաններին, իսկ կյանքը գնա լրիվ ուրիշ` սահմանադրությանը հակառակ ուղղությամբ: Մի խոսքով` Սահմանադրության օրվա առավոտին հաջորդում է կեսօրը, մի երկու մամուլի ակումբ անպայման որոշած են լինում լուսավորել ազգիս սահմանադրական գիտելիքներով , մի զույգ պահանջարկված սահմանադրագետ ունենք` Վարդան Պողոսյան եւ Հրայր Թովմասյան, կանչում-խոսեցնում են անպայման մեր այսքան ու այսքան տարեկան սահմանադրությունից ամեն տարի, ստանդարտ ընթացք է դառել սա արդեն: Առաջինը կասի, որ մեր կյանքն ու սահմանադրությունը, է՜, սարեր-ձորեր հեռու են, ու եթե մեր իշխանությունների իրավագիտակցությունը չփոխվի, սահմանադրությունը մի սիրուն թուղթ կմնա` դրված սեղանին, կյանքում չիրագործվող: Հրայր Թովմասյանն էլ կասի` Սահմանադրությունն ամբողջությամբ չի աշխատել, բայց կարեւորը փոփոխությունների պոտենցիալն ամրագրված է սահմանադրության մեջ:
Բայց նրանցից առաջ արդեն երկրիդ նախագահը ելել ու ուղերձ է հղել երկրի սահմանադրակարոտ ժողովրդին, թե 15 տարեկան սահմանադրությունդ շնորհավոր, բայց եւ, արդար լինենք, այդ նույն ուղերձում ընդունել է, որ «անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Սահմանադրությամբ ամրագրված բոլոր նպատակներն ու իդեալները չեն, ցավոք, որ կարողացել ենք կյանքի կոչել, հատկապես լիարժեք սոցիալական եւ իրավական պետություն դառնալու ճանապարհին մեզ լուրջ անելիքներ են սպասվում: Բայց ակնհայտ է ամենակարեւորը` ՀՀ հիմնական օրենքը գործում է: Եվ գործում է արդյունավետորեն»: Չնայած մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն , օրինակ, հենց երեկ հակառակն էր պնդում, որ երկրում սահմանդրական կարգը չի գործում, էլի չնայած` չէր հուսահատվում. ներուժ կա, որ սահմանադրական նորմերն աշխատեն: Նախագահի «Սահմանադրությունը հասարակության համերաշխության մեր բանաձեւն է» արտահայտության հետ ոչ ոք չի կարող վիճել, տեսականորեն շատ գրագետ ձեւակերպված միտք է, բայց գործնականում մեր հասարակությունն ու այդ բանաձեւըՙ շուն ու կատուն քեզ օրինակ, պառճառներն էլ բոլորին հայտնի են` մեկ-մեկ ու հազար անգամ թվարկված, ինս-տի-տու-ցիո-նալ: Լավ, նախագահին հանգիստ թողնենք, մանավանդ որ նա այս պահին մեզանից հեռու-հեռու Աստանայում է:
Ու դառնանք յուրաքանչյուրիս բաժին Սահմանադրության օրվան, որը թեեւ շատ նման է 15 տարի շարունակ հուլիս 5-ին բացվող ու փակվող օրվան, սակայն այդ օրը Նոյի ժամանակից ու դրանից էլ առաջ դիք կանգնած Արարատի ֆոնին հայտնված ամերիկացի բարձրաստիճան տիկինը մի փոքր շեղեց 15 տարվա դրվածքն ու օրը տարավ ուրիշ ուղղությամբ: Դե գիտեք, հո միշտ չի պատահում, որ բարձրաստիճան ամերիկացի, էն էլ կապույտ հագած տիկին, մեր Սահմանադրության օրը գնա Ծիծեռնակաբերդ, գլուխ խոնարհի, դեռ նախորդ օրն էլ, իր երկրի Անկախության տոնին ասի` իր համար մեծ պատիվ ու հաճույք է այդ օրը գտվել Հայաստանում (դե գիտեք` դիվանագիտությունը մեկ անգամ յուղելու, տասն անգամ դեղելու արվեստ է...): Դե իսկ ԱՄՆ-ը, տիկնոջ փոխանցմամբ, շահագրգռված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, մեզ էլ բոթում է, թե հարցի լուծումը նաեւ Հայաստանի շահերից է բխում` տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից (գլխի չէինք ընկնի` եղած հնարավորությույունները հորով-մորով արեցինք` նորերն էլ մեզ նվեր, տակն ի՞նչ կա, ի՞նչ է ուզածներդ...): Դե, մենք խոսքից ուրախացող ազգ ենք, թող ասի («Ի սկզբանե բանն էր...»), թե մեծ ակնկալիքով է սպասում հետագա հանդիպումներին, հետո էլ մեր արտգործնախարարի հետ ոտքով զբոսնելով նախագահի նստավայրից Հյուսիսային պողոտայով, հրապարակով հասնի «Մարիոթ»` «սպուտնիկով» մանրակրկիտ ուսումնասիրած փողոցները սեփական աչքերով տեսնելով: Հենց մեր Սահմանադրության օրը, ուրեմն, դիվանագետ տիկինը խիստ դիվանագիտական քայլով մատ անելով հոռետեսներին` այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել եւ 1 րոպե լռել` ԵԽԽՎ նախագահի նախնիների սրին զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակը հարգելով: Սահմանադրության օրվա նվերը ազգիս` ամերիկացի ժողովրդի անունից: Մնացյալը սովորական օրվա սովորական շարունակություն` սահմանադրագետներով, դրանց երեկոյան-եթերային կյանքով` Քլինթոնի, Սարգսյանի, Նալբանդյանի ժպտուն դեմքերին փոխընդմեջ: Մեր Սահմանադրության օրն ու դրան նախորդող երեկոյան հայ-ամերիկյան դիվանագիտական շփումների բուն տեքստի ու բուն նյութի հետագա ու դոզա առ դոզա բացահայտումներն էլՙ հետհուլիսհինգյան օրերին: Դեղահաբերի ներգործության աստիճանը կամաց-կամաց բացելով եւ ցուցանելով: Մեկնաբանությունների եւ վերլուծությունների ամսաչափ (ավելի՛) նյութի մատակարումով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ