Հունիսի 29-30-ը Աստանայում տեղի է ունեցել ԵԱՀԿ բարձր մակարդակի կոնֆերանս` նվիրված հանդուրժողականության, այլատյացության եւ խտրականության խնդիրներին: Կոնֆերանսին մասնակցել է նաեւ հայկական պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակներից մեկը եղել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը : Վերջինս «Հայացք» ակումբում երեկ տեղեկացրեց, որ կոնֆերանսի ժամանակ Հայաստանի կողմից արվել է 3 հայտարարություն: Թուրքիայում եւ Ադրբեջանում հայ քրիստոնյա համայնքների եւ նրանց մշակութային ժառանգության պահպանման խնդիրները եղել են Ստեփան Սաֆարյանի ելույթի կամ հայտարարության առանցքը: Հայ պատվիրակների ելույթներից հետո, ըստ բանախոսի, ադրբեջանական պատվիրակությունում իսկական խառնաշփոթ է ստեղծվել:
Ասուլիսի ընթացքում Ս. Սաֆարյանն անդրադարձավ նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին, որն ավելի շուտ կոչվում էր արեւելաեվրոպական շրջագայություն: Իր շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան: «Շատ հետաքրքիր ազդանշան էր սա այն պարագայում, երբ չկար այցելություն Թուրքիա», նշեց բանախոսը: Այսինքն` Թուրքիան չդիտարկվեց որպես Արեւելյան Եվրոպայի մի մաս:
Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնիՙ Ծիծեռնակաբերդ կատարած այցելությանը, Ս. Սաֆարյանը նշեց. «Թեպետ լինելով մասնավոր այցելություն` այն բավականին ցուցադրական քայլ էր, որն ակնհայտ ցույց էր տալիս ԱՄՆ-ի այս պահի վրդովված վերաբերմունքը Թուրքիայի եւ նրա քաղաքականության նկատմամբ»:
Խմբակցության ղեկավարի փոխանցմամբ` Հիլարի Քլինթոնն իր հայտարարություններով հասկանալ տվեց, որ այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, եւ որեւէ մեկին չի թույլատրվի հակամարտություն լուծել ոչ խաղաղ ճանապարհներով: «Սա առաջին հերթին Ադրբեջանին ուղղված կարեւոր ազդանշան էր», հավելեց բանախոսը:
Ի. Պ.