ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նա կգա դաժան հարցեր տալու եւ որոշակի օրակարգով, որի մասին կիմանանք շուտով», այս խոսքը պետքարտուղար Քլինթոնի տարածաշրջանային այցի մասին ասել էր զինված հակամարտությունների եւ ահաբեկչական խմբավորումների հարցերով հայտնի վերլուծաբան Ժերար Շալյանը անցած ուրբաթ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը: Կամ նա մասամբ սխալվում էր, գոնե այցի հայաստանյան մասով, կամ մենք ենք սխալվում` հպանցիկ իմանալով մեր երկրի նախագահի եւ արտգործնախարի հետ ԱՄՆ պետքարտուղարի քննարկած նյութի մանրամասները: Բոլոր դեպքերում այցի ընթացքում այնպիսի մի հայտարարություն կամ բարձրաձայնում չեղավ, որը դիվանագիտական հաշվարկների տեսակետից անկանխատեսելի էր կամ սենսացիոն, անգամ Ծիծեռնակաբերդ գնալու փաստը կարելի էր գլխի ընկնել, քանի որ առարկայական կամ շրջադարձային որեւէ դիրքորոշման ցուցադրման անհնարինությունը (այցն առավել ներկայություն հաստատող-հիշեցնող էր, այլ ոչ ինչ-որ հարց լուծող) հենց ենթադրել պիտի տար Ծիծեռնակաբերդ այցելության փոխհատուցող քաղաքավարության ողջ ենթատեքստը:
Ժերար Շալյանը, որպես կոնֆլիկտների եւ ահաբեկչական շարժումների մասնագետ փորձելով հակառակորդի (ադրբեջանցիների) ընկալումները հասկանալ, ասել էր. «Եթե ես լինեի ազերի` պատերազմի կողմնակից կլինեի, քանի որ վերջին 15 տարում հայտնվել եմ փակուղում»: Այսինքն` այդ դիրքից նա չէր բացառել պատերազմի հնարավորությունը:
Բայց Քլինթոնը շատ պարզ հասկացրեց` ԱՄՆ-ը թույլ չի տա ինքնագործունեություն, դեռ Ծիծեռնակաբերդ գնալով էլ մատ թափ տվեց Թուրքիայի վրա (որն, ըստ անպաշտոն մեկնաբանությունների, հունիստասնության ադրբեջանական սադրանքի թիկունքում է կանգնած): Այսինքն` պետքարտուղար տիկինը մի ձեռքով երկու ձմերուկ բռնեց` մի ձմերուկը Հայաստանին շոյելուն էր ուղղված, մյուսը` Թուրքիային ցուցանելու, թե խելոք նստիր տեղդ, մենք ենք խաղը տանողը: Այս բոլորը հետին թվով նկարագրելու իմաստն այն է, որ նշենք, թե համենայն դեպս քչերը նկատեցին անցած ուրբաթ Հայաստանի լրահոսում առկա ռուս-ամերիկյան փխրուն հավասարակշռությունը տարածաշրջանային, ներկա դեպքում` ղարաբաղյան թեմայով` Քլինթոնի այցի նախորդ օրը. Զատուլինը մի բան էր ասում, արեւմտյան մոտեցումներով «Սիվիլիթասում» խոսվում էր լրիվ հակառակ բան, կարծես հասարակությանը հիշեցնելով, որ հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ռուս-ամերիկյան մրցակցության ծիրում է, եւ հանդիպակաց մեկնաբանությունները հուշում են, թե պայմանավորվածություններ այս հարցում մեծ պետությունները դեռ չունեն:
Ի դեպ, շարունակելով թեման ասենք, որ հենց երեկ արեւմտյան (իսկ ավելի ստույգ` ամերիկյան դիրքորոշմամբ) հայտնի Ռիչարդ Կիրակոսյանը նորից իր երիվարը տանում էր այն ուղղությամբ, թե այս ամառ լարվածությունը կարող է մեծանալ եւ ադրբեջանական հարձակման սպառնալիքները ավելի իրական կարող են դառնալ: Ըստ նրա` պատահական պատերազմի վերսկսման վտանգ կա, եւ փոքր, սահմանափակ բախումը կարող է շատ շուտ վերահսկողությունից դուրս գալ: Մի խոսքով` արեւմտյան տեսակետները կարծես մի վերին ձեռքով ռուսական տեսակետներով հավասարակշռելու մշտական փորձերն անցած շաբաթ ավելի տեսանելի էին, երբ արեւմտամետ ակումբում խոսում էր արմտամետ հովերով Շալյանը, մյուս կողմից հանդես էր գալիս ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը , կարծես հակադրվելով ու հիշեցնելով խաղը ոչ մեկին չզիջելու ռուսական մոտեցումը, ասելով` պատերազմ չի լինի, կլինեն սադրանքներ, այդ թվում` շատ վտանգավոր, բացի այդ էլ, ըստ Զատուլինի, խաղաղարար գործողությունների ձեւաչափի մասին դեռ վաղ է մտածելը, ու «հարգելով միջնորդների աշխատանքը, մենք կոչ ենք անում իրագործել ինքնորոշում»: Իսկ թե արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի, եթե պատերազմ սկսվի` Զատուլինի պատասխանը համարժեք էր հռետորական մի պատասխանի, որ բաց է թողնում բուն պատասխանը, բայց դրական պատասխանը չի բացառում:
Ի դեպ, Շալյանի` Ղարաբաղում պատերազմ կանխատեսմանը արդեն Հայաստանի քաղաքական դաշտից բացասական անդրադարձներ կան. «Անգամ պատվերը կարելի է կատարել տղամարդկային ձեւով», ասել էր Լ. Ալավերդյանը :
Իհարկե, այս բոլորը եղել է Քլինթոնի այցից առաջ, մշտական վիրտուալ երկխոսության մի հատված որպես, երբ գերտերություններից մեկը մյուսին հասկացնում էր, թե առանց իրեն ոչինչ չի վճռվելու: Չնայած Վրաստանում արդեն տիկին Քլինթոնը մի փոքր նյարդայնություն է ցույց տվել` չընդունելով ռուսական կողմի «ազդեցության գոտի» հասկացությունը, բայց ընդհանուր առմամբ խաղը դեռեւս եւ առայժմ ընդունելիի սահմաններում է, դեռ մեզ եւ ադրբեջանցիներին ոչ ոք լուծում չի պարտադրում` ընդհանուր հայտարարություններ միայն, գուցե մինչեւ աշուն բացվածքով:
Վստահ կարելի է պնդել, որ այսօր մամուլի ակումբներում էլի շարունակվելու են պարիտետ պահելու սովորական մոտեցումները` ամերիկյան եւ ռուսական ազդեցությունների ծիրում գտնվող կենտրոնների ղեկավարները շարունակելու են իրենց հավասարակշռող վերլուծությունները, չենք կոնկրետացնում` ո՞վ ո՞ր, Ալեքսանդր Իսկանդարյանի, Ստեփան Գրիգորյանի, Մանվել Սարգսյանի ասուլիսներում դրանք հստակ կերեւակվեն: Տխուր է փոքր երկրի փխրուն աշխարհաքաղաքականությունը, միաժամանակ մխիթարող կողմ էլ ունի թեեւ` այնուամենայնիվ, կարեւոր խաչմերուկ ենք, որ այդքան ջանքեր են ներդնում, ներսում տրամադրություններ են ստեղծում, հասարակության վերմակի ճոթն են քաշում ամեն մեկն իր կողմը: Մնում է, որ մեր դիվանագիտական միտքը մեծ պետության դիվանագիտական մտքից երիցս լարված աշխատի, մենք չենք կարող մեծ երկրների դիվանագետների ծուլության շռայլությունը մեզ թույլ տալ, ու մեզ կարող է միայն փրկել մեր խելքը` քայլերը բոլորից առաջ հաշվելու եւ ամեն ինչի պատրաստ լինելու տարբերակով: