Ըստ ԱԺ լրատվական ծառայության` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը , պատասխանելով Արմենպրեսի թղթակցի այն դիտարկմանը, թե ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն իր վերջին հարցազրույցներում ասել է, թե տեղյակ չի եղել ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների եւ նույնիսկ հունիսի 18-ի գիշերը ադրբեջանցիների կազմակերպած սադրանքի մասին, ասել է. «Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն խոստովանում է, թե տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարեւոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները: Եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որեւէ մարմին բավարար կոմպետենտություն չունի զբաղվելու ԼՂ խնդրով եւ դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»:
Մ. Խ.