Ինչպես տեղեկացանք «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ թրաստ մենեջմենթ» ընկերությունից, վերջինս սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի, հանրությանը կառաջարկվեն փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն եւ ինտերնետային կապ: Նոր փուլը, ըստ հաղորդագրության, մեկնարկում է Երեւանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված բաժանմունքի բացմամբ:
«Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ից տեղեկացանք նաեւ, որ «Կոնվերս բանկի» եւ «Հայփոստի» համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետեւյալ ծառայություններըՙ խնայողական եւ ավանդային հաշիվների բացում, արտարժույթի փոխարկում, կանխիկ գործառնություններ, փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով, դեբետային պլաստիկ քարտեր` ԱրՔա, MasterCard, VISA տրամադրում եւ սպասարկում: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել նոր ծառայությունների տեսականի:
Ա. Մ.