«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2010-07-03 | #124, 2010-07-06 | #125, 2010-07-07


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Մեծ շուքով նշվեց արտիստի 80-ամյակը

2009-ին «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Բաղդասարյանի նախաձեռնությամբ Վանաձորի Արցախ պուրակին հարող փողոցն անվանակոչվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի անվամբ: Նախաձեռնողը խոստացել էր այս ամռանը փողոցի սկզբնամասում տեղադրել նաեւ Վարպետի արձանը: Խոստմանը համաձայնՙ հուլիսի 5-ին կայացավ արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, ՀՀ սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, կինոռեժիսոր, Մ. Մկրտչյանի կրտսեր եղբայր Ալբերտ Մկրտչյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Վահրամ Բաղդասարյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ, արվեստագետներ, քաղաքացիներ:

Մինչեւ արձանի բացմանՙ սավանի իջեցման արարողությանն անցնելը հնչեցին ողջույնի, դրվատանքի եւ շնորհավորանքի խոսքեր: ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը խոսեց հայ մեծ կատակերգուի կյանքի եւ գործունեության, թողած մնայուն արժեքների մասինՙ նշելով, որ Մ. Մկրտչյանի անվան փողոցն ու արձանը սիրված վայր են դառնալու ոչ միայն վանաձորցիների, այլ նաեւ շատ շատերի համար:

Ողջույնի խոսք ասաց Հասմիկ Պողոսյանը. «Կարծում եմՙ Ֆրունզիկ Մկրտչյանի մասը կցանկանան ունենալ բոլոր քաղաքներն ու գյուղերը: Փառք Վանաձորին, որ այստեղ եւս կանգնեցվեց մեծ արտիստի արձանը, արտիստիՙ ով իր կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 60 դերեր թատրոնում, 50-ըՙ կինոյում: Եվ վերջապեսՙ ո՞վ էր Մհեր Մկրտչյանը: Նա ողբերգա՞կ էր, կատակերգո՞ւ: Այսօր էլ հարցին դժվար է պատասխանել: Սակայն վստահ կարելի է ասելՙ նա մի մարդ էր, ով ստեղծում էր կերպար, ում ինքն իսկապես հավատում էր: Նա իսկապես ժողովրդական էր»:

Մշակույթի նախարարի ողջույնի խոսքին հաջորդեց արձանի բացումը, ինչի պատիվը տրվեց Ա. Մկրտչյանին, Վ. Բաղդասարյանին եւ արձանի հեղինակ Արամ Մարգարյանին ու համահեղինակ Սարգիս Ղարիբյանին:

Արձանի բացման եւ արտիստի 80-ամյակի առիթով ողջույնի խոսքեր ասացին Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը, Ս. Երիցյանը, Ա. Քոչարյանը, Ա. Մկրտչյանը, Վ. Բաղդասարյանը, Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:

- Այսօր շատ ուրախ տրամադրություն է տիրում Վանաձորում,- ասաց Լոռու մարզպետը:- Օրը բոլորիս հիշողության մեջ կմնա: Մեր սիրելի Ֆրունզիկը շատ էր սիրում Վանաձորը եւ հաճախակի էր լինում այստեղ. այսօր նա կրկին եկավ ու կմնա մեզ հետ, լոռեցիների սրտում: Մհեր Մկրտչյանը բոլորինն է, աշխարհինը: Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնողներին: Յուրաքանչյուր այսպիսի մտահղացում ուրախացնում է եւ մեկ անգամ եւս հաստատում, որ մեծերին չպետք է մոռանալ:

- Ինձ համար պատվաբեր է, որ այսօր հայոց բեմի հսկային կարողանում ենք մեր հկ-ի անդամներով արժանին մատուցել,- իր խոսքում նշեց Վ.Բաղդասարյանը եւ պատմեց մեծ արտիստի հետ իր ծանոթության մասին. «Այն ժամանակ դեռ 6 տարեկան էի եւ չէի էլ պատկերացնում, որ մի օր իր արձանի մոտ կանգնած շնորհակալություններ կլսեմ: Այդ մենք ենք շնորհակալ, որ առիթ է ընձեռվելՙ մեծարելու Մհեր Մկրտչյանի պես հսկային»:

Ելույթներն ընդմիջվում էին երգիչներ Ստեփան Դալլաքյանի, Լեւոն Հակոբյանի, ասմունքողներ Ջիվան Սարգսյանի եւ Իվան Անտոնյանի կատարումներով:

Հանդիսատեսը հուզված էր. ամենատխուր աչքերով հայը այժմ «կխոսի» վանաձորցիների հետՙ սովորեցնելով ժպիտով նայել կյանքի դժվարություններին:

- Շուրջ 5 ամիս աշխատել ենք քանդակի վրա,- նշեց Արամ Մարգարյանը:- Այս քանդակի մեջ փորձել եմ պատկերել արտիստի եւ Աստծո մեջ եղած կապը: Արձանի բարձրությունը 2մ 20 սմ է: Այն տուֆ քարից է: Քանդակի համահեղինակն է քանդակագործ Սարգիս Ղարիբյանը:

Մ. Մկրտչյանի արձանի բացման արարողությանը հաջորդեց հոբելյանական երեկոն, որը կայացավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Երեկոն վարում էր ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Ողջունելով բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հյուրերինՙ նա հանդիսատեսին ներկայացրեց մեծ արվեստագետների խոսքերից դերասանի մասին, պատառիկներ նրա կյանքից եւ ստեղծագործական գործունեությունից: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ակնդրելու նաեւ պատառիկներ Մ. Մկրտչյանի խաղացած ֆիլմերից:

Ջերմ ծափողջույններով ընդունվեցին հուշերն ու պատմությունները դերասանի կյանքի մասին, որոնք ներկայացրին ՀՀ ժողովրդական արտիստներ Ռոզա Մխիթարյանը, Հակոբ Ազիզյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանը, Ալբերտ Մկրտչյանը, Ազատ Գասպարյանը եւ ուրիշներ: Միջոցառման ողջ ընթացքում բեմում էր թատրոնի ստեղծագործական կազմը։ Նրանք թատերականացված դրվագներով ներկայացրին Մհեր Մկրտչյանի խաղացած դերերից, դրվագներ նրա կյանքից: Չդադարող ծափողջույնները, բռավոները վկան էին այն իրողության, որ Մհեր Մկրտչյանը ապրում է յուրաքանչյուրի սրտում, իր կերտած բարձրարվեստ դերերով ու մարդկային բարձր հատկանիշներով:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4