«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ԲԱՔՎՈՒՄ ԴԵՌ ՉԵՆ ՀՈԳՆԵԼ

Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Երեւանում անցկացվեց Ուղղափառության միջազգային համաժողով, որի որոշ մասնակիցներ եղան նաեւ ԼՂՀ-ում: Այս կապակցությամբ, իհարկե, Բաքվում կրկին ձեռք մեկնեցին դեպի «սեւ ցուցակը»` թարմացնելու նպատակով: «Ադրբեջանի ԱԳՆ-ն այժմ անցկացնում է հետաքննություն, թե արդյո՞ք ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Անաստատիոս Ներանտիզիսը, Սերբիայից` պատգամավոր Օգնեն Միխայլովիչը, Հորդանանի խորհրդարանի պատգամավոր Ռիդա Հադդադը, լիբանանցի պատգամավոր Ղասան Մուխայբերը, ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինը, ուկրաինացի քաղաքագետ Կիրիլ Ֆրոլովը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Պաղեստինի, Հորդանանի, Լեհաստանի, Լատվիայի եւ Էստոնիայի այլ ներկայացուցիչներ եղել են Ղարաբաղում», տեղեկացնում է Bakililar.az կայքը:

Ընդ որումՙ ադրբեջանական կայքը մեջբերել է Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Գումբատովի խոսքերը, որ ուկրաինացի Ֆրոլովն ու ռուս Զատուլինը ներառված են նաեւ Ուկրաինայի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում», սակայն Գումբատովը իհարկե չի ապացուցել ուկրաինական արտգործնախարարությունում որեւէ «սեւ ցուցակի» առկայության փաստը: Իսկ լիբանանցի պատգամավոր Ղասան Մուխայբերին, ադրբեջանական կայքի տվյալների համաձայն, բոլոր երկրները պետք է «անցանկալի անձ» ճանաչեն, քանի որ «նա անդամ է մի կուսակցության, որը հովանավորվում է «Հզբոլլահ» ահաբեկչական խմբավորման կողմից»: Թե ո՞ւմ սիրտն են փորձում շահել հանկարծ «Հզբոլլահն» ահաբեկչական խմբավորում անվանող ադրբեջանցիները, թողնենք իրենց, մեկ էլՙ «Հզբոլլահի» հոգեւոր առաջնորդ շեյխ Հասան Նասրալահին: Միայն ընդգծենք, որ ադրբեջանական կայքի թվարկած երկրների ցանկն արդեն բավական է... հոգնելու համար, սակայն Բաքուն, թերեւս, «սեւ ցուցակի» համար նախատեսված «հաստ թղթապանակ» ունի, դրա հետեւանքների «մարսումը» նույնպես թողնենք` ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությանը, միայն մաղթենք, որ այնտեղ չներառեն հանկարծ աշխարհի բոլոր քաղաքացիներին ու իրենց իսկ երկիրը չվերածեն «պերսոնա նոն գրատա»-ի ողջ միջազգային հանրության համար:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4