«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ՄՏԱՀՈԳԻՉ ՎԻՃԱԿ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց «Խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում» արտահերթ զեկույցը, որտեղ մանրամասն անդրադարձներ կան խոսքի ազատության ոլորտում օրենսդրական բացերին, լրագրողների իրավունքների դեպքերին (վերջին տարիներին բռնությունները լրագրողների հանդեպ ժամանակագրությամբ), մամուլում խոսքի ազատության սահմանափակմանը, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում խոսքի ազատության ընդհանուր վիճակին: Զեկույցի առավել մանրամասն անդրադարձ կներկայացնենք հուլիսի 9-ին «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում տվյալ զեկույցի փորձագիտական քննարկումից հետո, առայժմ վարվենք այնպես, ինչպես հենց Արմեն Հարությունյանը` կարճառոտ ներկայացնելով զեկույցում արված եզրակացությունները:

Միանգամից ասենք` մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում խոսքի ազատության ոլորտում իրավիճակը` անհապաղ միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ համարելով, եւ իր կողմից եւս խոսքի ազատության վիճակի բարելավման կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումների ծրագրեր առաջարկելով: Թեեւ խոստովանեց նաեւ, որ ոլորտի բարելավման հեղափոխական արդյունք չի ակնկալում, բայց որ զեկույցը կքննարկեն ու անհրաժեշտ հետեւություններ կանեն հատկապես պետական կառույցները, դրա հույսն ունի:

Այսպիսովՙ ուսումնասիրելով խոսքի ազատության վիճակը Հայաստանում, մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում հանգել է այն եզրակացության, որ լրագրողների խոսքի ազատության սահմանափակումները շատ դեպքերում քաղաքական ենթատեքստ ունեն, դրա մասին է խոսում այն փաստը, որ իրավունքների խախտումների մեծամասնությունը նախընտրական քարոզչության կամ հենց ընտրությունների փուլում է լինում, թեկնածուի կամ նրա ներկայացուցիչների կողմից, ինչն ըստ պաշտպանի նշանակում է, որ երկրում դեռեւս չի զարգացել ողջամիտ քաղաքական պայքար վարելու մշակույթ, եւ շատ հաճախ ձայները չկորցնելու համար թեկնածուները դիմում են ծայրահեղ քայլերի :

Լրագրողների իրավունքների սահմանափակումներից շատերը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չբացահայտվեցին կամ մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին, նշում էր Ա. Հարությունյանը.

մամուլում խոսքի ազատության սահմանափակման դեպքերի վերլուծությունը բերել է այն եզրակացության, որ մամուլում խոսքի ազատության սահմանափակումները կարող են արտահայտվել տարբեր կերպ` ուղղակի բռնություն կամ բռնության գործադրման սպառնալիք, սահմանափակման մյուս տեսակը թերթերին ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից թերթերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն է, թերթի ողջ խմբաքանակի գնումը կրպակներից: Չնայած ՀՀ-ում գրաքննությունն արգելված է, սակայն, շատ լրատվամիջոցների կարծիքով, 2008 թվականի մարտի 1-ից 20-ը երկրում գործող լրատվամիջոցներն ուղղակի ենթարկվել են գրաքննության: Մի խոսքով` խոսքի ազատության ոլորտում ՀՀ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, եւ բարեփոխումների ընթացքը պետք է արագացնել, քանի որ լրագրողները ենթարկվում են բռնության իրենց մասնագիտական պարտականությունների կատարման համար, եւ մեղավորները, որպես կանոն, դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում, բազմաթիվ այլ ձեւերով սահմանափակվում է անձանց տեղեկություններ ստանալու իրավունքը եւ այլն:

Իրավիճակը բարելավելու կարճաժամկետ առաջարկների համատեքստում անհրաժեշտ է մշակել խոսքի ազատության եւ հատկապես լրատվության ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը որոշ չափով կնվազեցնի խոսքի ազատության կայացմանը խոչընդոտող օրենսդրական դրույթների առկայությունը եւ հակառակը` լրացուցիչ դրույթներ կնախատեսի` երաշխավորելու ոլորտի զարգացումը: Բայց մեր իրավիճակում որքան էլ կատարյալ լինի օրենսդրությունը` շատ դեպքերում խոսքի ազատության սահմանափակումները կշարունակվեն տեղի ունենալ, դա պայմանավորված է երկրում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական եւ այլ իրավիճակներով: Ուստի նման երեւույթների դեմ անհրաժեշտ է համակարգային պայքար մղել` խոսքի ազատության բարելավմանը կնպաստի հասարակության իրավագիտակցության բարձրացումը, հանդուրժողականության սերմանումը, արատավոր երեւույթների դեմ միահամուռ պայքարելու միտումը. սրանք էլ խոսքի ազատության բարելավման երկարաժամկետ միջոցառումներն են, եւ դրանց իրականացման ընթացքում թե պետության, թե շահագրգիռ կազմակերպությունների ջանքերն են պետք լինելու, խոսքի ազատության ոլորտի բարելավումը պետք է ընթանա հասարակական-քաղաքական խնդիրների լուծմանը զուգահեռ, այն ընդհանուր համակարգից անջատ անիրականանալի է:

Հարցերին պատասխանելիս Արմեն Հարությունյանը անդրադարձավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքին, որը Հայաստանի նախագահը ստորագրել է հունիսի 17-ին: Ըստ նրա` եթե օրենքում այնպիսի դրույթներ կան, որոնց փոփոխելն անհրաժեշտ է, ուրեմն այդպես էլ պետք է անել, բայց մայիսին ընդունելն ու սեպտեմբերին փոխելը նրա համար անհասկանալի էր. «Ցանկալի կլիներ, որ նմանտիպ դրույթներ չլինեին, ու փոփոխության կարիք այդքան շուտ չզգացվեր», ասաց նա:

  «Ազգի» այն դիտարկմանը, թե հետեւանքային այս իրավիճակը գոնե մամուլի առումով նաեւ ֆինանսական անկախություն չունենալու հետեւանք է, որը հաճախ քաղաքական ազդեցությունների տեսքով է ներկա, արդյո՞ք չեն առաջարկվելու մամուլի տնտեսական անկախությանը նպաստող քայլեր, Ա. Հարությունյանն արձագանքեց` խոստանալով այդ առաջարկներն ամբողջացնել հուլիսի 9-ի քննարկման ժամանակ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4