Չեխական «Ապոստրոֆ» միջազգային թատերական 12-րդ փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ «Նոր թատրոն» երեւանյան թատերախմբի Ժան Ժենեի «Աղախինները» ներկայացումըՙ երիտասարդ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի գլխավորությամբ: Հուլիսի 2-ին փառատոնի «Մեծ կավե թեյնիկը» հայկական թատերախմբին շնորհվեց ստեղծագործության յուրահատուկ մեկնաբանության եւ հանդիսատեսի քվեարկության բարձր նիշերի արդյունքում: Երիտասարդ դերասաններ Մարիանա Եղիազարյանի, Ժաննա Հովակիմյանի եւ Արթուր Սուքիասյանի բացառիկ տպավորիչ խաղը, առանց խոսքի, պլաստիկ շարժումներով, դիմախաղի ու պարերի, երաժշտական եւ բեմական հետաքրքրական լուծումներով ու նուրբ ձեւավորմամբ, իրապես առանձնացավ փառատոնային մյուս ներկայացումներից: Սուրեն Շահվերդյանն արդեն անցած տարի մասնակցելով այս նույն փառատոնին ռումինական թատերախմբի բեմադրությամբՙ արժանացել էր երկրորդ մրցանակին: Ներկայացման ավարտին հաջորդեց նաեւ քննարկում, որի ընթացքում հայ բեմադրիչը պատասխանեց կազմակերպիչների եւ հանդիսատեսի հարցերին: Հատկանշական է, որ «Աղախիններ» գործն արդեն մի անգամ այս նույն փառատոնում արժանացել էր գլխավոր մրցանակիՙ կորեական թատրոնի բեմադրությամբ: Կազմակերպիչների գնահատմամբ հայկական մեկնաբանությունը զարմացրեց իր ազդեցիկությամբ: Քննարկման ընթացքում բեմադրիչը չցանկացավ ինչ¬որ խորհրդավոր մեկաբանություններ տալ բեմադրությանը, ասելով, որ պարային եւ պլաստիկ շարժումների բոլոր լուծումները գտնվել են դերասանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, առանց պրոֆեսիոնալ պարուսույցների օգնության:
«Նոր թատրոն» թատերախումբը ստեղծվել է 2004-ին մի խումբ երիտասարդ դերասանների մասնակցությամբ եւ գործում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ձմեռային այգում, հիմնականում բեմադրելով էքսպերիմենտալ ներկայացումներ:
Իսկ թե ինչո՞ւ ընտրվեց այս գործը հարցին Սուրեն Շահվերդյանը պատասխանեց.
«Ժան Ժենեն այն դասական գրողներից է, որին անտեսել չի լինի, մեծ համարձակություն եւ մեծ երջանկություն պետք է ունենաս, որ կարողանաս բեմադրել, քանի որ նա մեծ փիլիսոփայություն ունի, շատ խորն է ինքը: Կարծում եմ, որ ընտրված թեմանՙ մարդու միայնակ լինելը, կնոջ չպահանջված կամ ոչ ցանկալի լինելը հասարակության կողմից, ոչ միայն այսօրվա կանանց հուզող լուրջ թեմաներից է, այլեւ ընդհանրապես մարդկության: Իմ ներկայացումներում կանանց թեման գերիշխող է: Ինչպես օրինակ Ռումինիայում բեմադրված «Ցանկության տրամվայը»: Ի դեպ, Սուրեն Շահվերդյանը բեմադրություններ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներումՙ Գերմանիայից մինչեւ Չինաստան:
Վերջում հիշեցնենք, որ անկախ եւ էքսպերիմենտալ թատրոնների այս ավանդական փառատոնին դեռ 2008 թվականին մասնակցել էր նաեւ Էդգար Էլբակյանի անվան թատրոնը «Չե՞ս պարի ինձ հետ» պիեսի բեմադրությամբ, որը նույնպես արժանացել էր դահլիճի բուռն ընդունելությանը:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա