«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ՅՈ. ՀԱՅԴՆԻ «ՄԵՐ ԽԱՉՎԱԾ ՓՐԿՉԻ ՅՈԹ ԽՈՍՔԵՐԸ»ՙ «ՇԱՐԱԿԱՆ» ԱՆՍԱՄԲԼԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օրեր առաջ պրեմիերա էր. Յոզեֆ Հայդնի «Մեր խաչված փրկչի յոթ խոսքերը» ստեղծագործության կամերային տարբերակը հնչեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի կատարմամբ. գեղարվեստական ղեկավար եւ դիրիժորՙ Դանիել Երաժիշտ : Սա անսամբլիՙ վերջին շրջանում ներկայացրած երրորդ պրեմիերան էրՙ ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Բիբերի «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» եւ Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» երկերից հետո:

Հայդնի ստեղծագործությունն աչքի է ընկնում ժանրային հարստությամբՙ օպերաներ, օրատորիաներ, մեսսաներ, սիմֆոնիաներ, լարային կվարտետներ, դաշնամուրային տրիոներ, կլավիրային սոնատներ, պիեսներ, քայլերգեր եւ այլն: Կոմպոզիտորի ստեղծագործական ներշնչանքը հոգեւոր ակունքներում է, նրա արվեստը մերձ է քրիստոնեական ոգուն եւ աստվածաշնչյան խոսքին: Այս առումով նրա ստեղծագործական լայնածավալ կտավին իր առանձնահատուկ տեղն ունի «Մեր խաչված փրկչի յոթ խոսքերը» պասսիոնը, որը արտացոլում է Գողգոթայի ճանապարհըՙ Հիսուսի չարչարանքները եւ պատարագվելը խաչի վրա: Այս նույն խորագրով երկեր գրել են նաեւ 17-րդ դ. կոմպոզիտոր Հայնրիխ Շյուտցը եւ Սոֆյա Գուբայդուլինանՙ 20-րդ դ.: Հայդնը այս գործը գրել է 1785-ինՙ հասցեագրված լարայինների, փողայինների, լիտավրների նվագախմբին եւ բաս ձայնի ռեչիտատիվին: Հետագայում կոմպոզիտորն այն փոխադրեց լարային քառյակի, նաեւ դաշնամուրի համար, ավելի ուշՙ վերափոխեց օրատորիայի: Նվագախմբի համար գրված 2 բաժիններից բաղկացած օրատորիայի 1-ին մասը ընդգրկում է չորս, 2-րդըՙ երեք համար: Եզրափակող վերջաբանը պատկերում է երկրաշարժի տեսարանն ու արեւի խավարումը:

...Երաժշտական այս կառույցիՙ կամերային տան ինտերիերը եւ ներքին մթնոլորտը տրամադրում են դահլիճի (հանդիսատեսի) եւ կատարողի (բեմի) առավել մերձեցմանը, որին օգնում է նաեւ բանավոր խոսքը, ինչին սովորաբար տրամադիր է «Շարական» անսամբլի ղեկավարը: Հաճախ են նրա համերգային ծրագրերը ուղեկցվում ելույթներով, այս անգամ համերգին նախորդած նրա խոսքը ոչ միայն Հայդնի հանրահայտ գործի եւ իր անսամբլի մեկնաբանությանն էր ուղղված, այլեւ հոգեւոր մշակույթի, գեղարվեստի դերին. իր խոսքերով, «նման ստեղծագործությունները օգնում են դիմակայել եւ հաղթահարել կյանքը»: Մինչ համերգը սկսելը նա ունկնդրին ծանոթացրեց ստեղծագործության կառուցվածքին, կոմպոզիտորի մոտեցումներին. «Վառ կերպարներով առլեցուն Հայդնի այս գլուխգործոցում կարելի է լսել դեպի Գողգոթա տանող ծանր քայլերը, Հիսուսի ձեռքերն ու ոտքերը խաչին գամող մուրճի հարվածները, Տիրամոր ողբը, տաճարի վարագույրի պատռվելը եւ Գողգոթայում կատարվածի այլ արձագանքներ»:

Այս երկի նվագախմբային տարբերակում յուրաքանչյուր համարին նախորդում է ավետարանական համապատասխան հատվածի ընթերցումը, որն ընկալվում է բնաբանային նշանակությամբ:

«Շարականի» կատարմամբ երաժշտական իմաստային դադարների ժամանակ հնչող աստվածաշնչյան ընթերցումներըՙ Սարգիս Նաջարյանի կատարմամբ, համերգային մեկնաբանությունը դարձնում էր ավելի դրամատիկ, լարվածություն հաղորդելով ունկնդրությանը:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4