«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ՆՐԱՆՔ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՆԵՂԱՑԱԾ

Նորքի տուն-ինտերնատում օրերն անցնում են խաղաղ, երբեմն ուրախ, երբեմն տխուր: Այստեղ բոլորն էլ ունեն ուրախ հիշողություններ ու տխուր պատմություններ: Նրանցից շատերին զավակները մոռացել են, շատերը ստիպված եկել են ինտերնատ, որովհետեւ համարվում են սոցիալապես անապահով, ճակատներին կրում են «լքված» արտահայտությունն ու փորձում պատվով կրել կյանքի այդ հարվածը:

60-ամյա Հարութ պապը մեկ տարի առաջ լքեց Գյումրին, երեք աղջիկներին ու որդուն եւ հաստատվեց Նորքի տուն-ինտերնատում: Թե ի՞նչ պատահեց, որ հաստատվեց ինտերնատում` չի ցանկանում պատմել. միայն կրկնում է` մի կերպ էին յոլա գնում, հետո կինը մահացավ, քաղաքում աշխատանք չէր ճարում: Զավակներին չի մեղադրում, ասում էՙ այդպես էր պետք:

«Առաջ, որ հեռուստատեսությամբ տեսնում էի ծերանոցում ապրողներին, խղճում էի, բայց հիմա զարմանում եմ, թե ինչու էի նրանց խղճում: Էստեղ ամեն ինչով ապահովված ենք»:

Բացի տաք սնունդից եւ փափուկ մահճակալից Հարութ պապն այստեղ գտավ նաեւ իր երջանկությունը: Տիկին Անուշի հետ հանդիպումը նա անվանում է ճակատագրական ու հաստատում. «Աստծո մատն էր խառը»:

Կապուտաչյա Անուշ տատը հենց սկզբից գրավեց նրա ուշադրությունն ու Հարութ պապը որոշեց` պետք է անպայման հոգ տանի նրա մասին: «Այդ ժամանակ ամուսնություն մասին չէի մտածում, հետո սիրահարվեցի ու Անուշին ամուսնության առաջարկություն արեցի: Ժամադրվում էինք բակում, նստում ծառերի տակ ու զրուցում»:

Անուշ տատը միանգամից չընդունեց առաջարկությունը. ասում էր` օր ծերության ի՞նչ ամուսնություն: Բացի այդ, ամաչում էր, թե տեգրն ի՞նչ կմտածի ու ի՞նչ կասի: «Հետո հասկացա, որ լավ մարդ է, ինձ սիրում է, ես էլ համաձայնեցի ու չեմ փոշմանել: Ապրում ենք հաշտ ու համերաշխ», պատմում է նա:

«Բնակվում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված սոցիալական վատ պայմաններում ապրող եւ ծերության շեմին հայտնված միայնակ անապահով տարեցներն ու 18-ը լրացած հաշմանդամություն ունեցող անձինք: Նրանց ապահովում ենք երկարաժամկետ կացարանով, բուժօգնությամբ եւ սննդով: Եղել են դեպքեր, երբ ծնողին ինտերնատ ուղարկած զավակները փոշմանել են ու տուն տարել: Ցավոք, նման դեպքերը քիչ են», պատմում է Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Կոլյա Մակարյանը :

Հոգեբան Մարինե Սարգսյանին ինտերնատի 230 տարեցները շատ են սիրում: Ասում են` բոլորն էլ լավն են, բայց Մարինեն «ուրիշ է»:

«Հիմնականում տուն-ինտերնատ գալիս են շատ ծանր հոգեվիճակով: Պետք է լինել հոգատար, համբերատար, զրուցել նրանց հետ: Չէ՞ որ թողել են իրենց բնակարանն ու վիրավորված են, զայրացած: Հետո ընտելանում են, դառնում մի ընտանիք ու ինտերնատը համարում իրենց բնակարանը: Նրանք վիրավորված են, բայց նեղացած չեն: Երբ նրանց այցելում են հարազատները, միանգամից փոխվում են, դառնում ուրիշ մարդ, եւ այդ վիրավորվածությունն անցնում է», ասում է նա` հավելելով, որ թեպետ ինտերնատը մաքուր է ու գեղեցիկ, բայց նրանցից յուրաքանչյուրը հոգու խորքում երազում է վերդառնալ տուն եւ ապրել զավակների եւ թոռների կողքին:

Նորքի տուն-ինտերնատի եւ «Ծիծեռնակ» կանանց հասարակական բարեգործական կազմակերպության բարեկամությունը սկսվեց 8 տարի առաջ:

«Սկզբում համերգներ, ներկայացումներ էինք կազմակերպում, հետո հասկացանք, որ պետք է տարեցներին ներգրավել հասարակական կյանքում: Նրանց տանում էինք պատկերասրահներ, թատրոններ, սրճարաններ», պատմում է կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը:

Տարիների ընթացքում կազմակերպության աջակցությամբ հրատարակվեցին ինտերնատի բնակչուհի տիկին Նելլիի բանաստեղծությունների ժողովածուն, Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի հուշերը բանտից: «Հետո տիկին Նելլիի առաջարկութամբ որոշեցինք ներկայացում կազմակերպել, որտեղ կընդգրկվեն նաեւ ինտերնատի բնակիչները», ասում է Կարինե Հարությունյանը:

«Մեր առօրյան» ներկայացումը ինտերնատի կյանքի մասին է:

80-ամյա տիկին Արեւհատն առաջին անգամ է բեմում: Խոստովանում է, որ շատ է հուզվում, դրա համար էլ մինչ ներկայացում սկսվելը կուլիսներում մի քիչ գինի է խմել, որ կարողանա հուզմունքը հաղթահարել:

Ուրախությունների անբաժան մասնակից Նորան էլ է առաջին անգամ բեմում: Բեմում են նաեւ նարդու եւ պարի չեմպիոն տիկին Ասյան, ռոմանսների թագուհի 90-ամյա Յուլյան, ներկայացման ռեժիսոր Մարգարիտ Մնացականյանն ու էլի շատերը, ովքեր սեղանի շուրջը նստած, զրուցում են, ծիծաղում, երգում ու պարում:

Զարմանալի կենսախնդությամբ էր տիկին Յուլյան երգում ռոմանսներ ու ամեն համարից հետո հուզվում ու լալիս, երբ դահլիճը ծափահարում էր ու բղավում «բռավո»:

Ինտերնատ այցելած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը պատմում է, որ հիացել էր տարեցների կենսախնդությամբ, առույգությամբ եւ ոգեւորվածությամբ:

«Այս կոլեկտիվում օտար չեմ: Ճանաչում եմ բոլորին, գիտեմ նրանց կյանքի պատմությունները: Տպավորված եմ, որ նրանք կարողացան ճիշտ ներկայացնել իրենց առօրյան, որ այդ տարիքում էլ չեն կորցրել լավատեսությունն ու շարունակում են ծիծաղել, երգել ու պարել»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. Ծերանոցում իրենց երջանկությունը գտան Անուշ տատն ու Հարութ պապը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4