«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ՄԻ ՏԽՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ ՈՒ ՄԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ամեն օր առավոտյան 36-ամյա Անուշը պոլիէթիլենային շշերը դասավորում է սայլակի մեջ եւ իջնում 2 կանգառ ներքեւ` ամենամոտ ցայտաղբյուրից ջուր բերելու: «Օրական 2-3 անգամ ջուր եմ կրում` համարյա 120 լիտր», արտասվելով ասում է Անուշ Նավասարդյանն ու շարունակում. «Մի անգամ ջուր բերելու ժամանակ էնքան էի հոգնել, որ աչքերիս դեմը սեւացավ, ու ընկա փողոցում»:

Անուշն ապրում է Երեւանում` Սարկավագի 32 հասցեում: Նրա կացարանը` քարե տնակը, գերեզմանոցի կողքին է, խոսքը Միքայելյանի անվան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանոցի մասին է: Անուշի կիսաքանդ տնակն այդտեղ միակը չէ: Ավերված այդ տնակների մեջ ապրում են ծայրահեղ աղքատ ու թշվառ մարդիկ: Նրանց համար արդեն սովորական է դարձել գերեզմանոցի երկյուղալի ճանապարհով գիշեր թե ցերեկ անցուդարձ անելը: Տնակում Անուշն ապրում է ամուսնու` Գեւորգ Գեւորգյանի հետ: Նրանք 3 երեխա ունեն, որոնցից երկուսն ապրում են գիշերօթիկ հաստատությունում, իսկ մեկը` Գեւորգի եղբոր ընտանիքի հետՙ Ռուսաստանում: Սոցիալական ծանր պայմանների պատճառով Անուշն ու Գեւորգը երեխաներին իրենց մոտ պահել չեն կարողանում:

Ցայտաղբյուրից բերած ջուրն Անուշը շշերից դատարկում է տաշտի մեջ ու դնում արեւի տակ` տաքանալու: Հետո այդ ջրով լվացք է անում, ամաններն է լվանում, իսկ լողանալն այդ պայմաններում ուղղակի անհնար է: «Արդեն 3 ամիս չեմ լողացել: Առաջ քաղաքապետարանը չեկ էր տալիս, ու դրանով լողանում էինք քաղաքային բաղնիքում: Հիմա էդ չեկն էլ չեն տալիս, ես 1000 դրամ որտեղի՞ց տամ, որ գնամ, բաղնիքում լողանամ», ասում է Անուշը:

Նրանց կացարանի մակերեսն ընդամենը 10 քմ է: Ննջարանը, ճաշասենյակը, խոհանոցը, բաղնիքը տեղակայված են այդ 10 քմ տարածքում: Քանի որ անձրեւի ժամանակ ջուրն առաստաղի անցքերից ներս է լցվում, Անուշն ու Գեւորգը տոպրակներ են կախել առաստաղից, որպեսզի անձրեւաջուրը դրանց մեջ հավաքվի: Ամառ թե ձմեռ ներսում այնքան խոնավ է, որ շորերը բորբոսնում են: Ամեն օր Անուշը շորերն արեւին է տալիս: «Ձմռանը շորերը չեմ կարողանում չորացնել, բորբոսնում են, տանում թափում եմ: Հետո դեսից-դենից խղճում են, էլի շորեր են տալիս, որ հագնենք», պատմում է Անուշը:

Որպես սոցիալապես անապահով ընտանիքի անդամներՙ Անուշն ու 2 երեխաները պետությունից նպաստ են ստանում, 3 հոգին` ամսական 24500 դրամ: Անուշն ու Գեւորգը հիմա աշխատանք չունեն: Գեւորգին երբեմն շինարարական աշխատանքներ են առաջարկում, բայց դրանցից ստացված գումարն ընտանիքին չի բավարարում:

Հեռուստացույցի ու գազօջախի մասին Անուշը երազանքով ու կարոտով է խոսում. տնակում ո՛չ էլեկտրաէներգիա կա, ո՛չ էլ գազ: Ձմռանը տնակում ավելի ցուրտ է, քան դրսում: Քամին ու ցուրտը ներս ու դուրս են անում դռնից ու պատուհանից. դուռը չի փակվում, որովհետեւ կողպեք չունի, իսկ պատուհանն էլ ապակի չունի: Տնակի պատերը ներսից ու դրսից այնպես են ճաքճքել, որ մի փոքր ցնցումից կարող են փուլ գալ: «Էս քոլիկը մերը չէ, սրա տերը հենց դիմացի հողամասի տերն է: Էդ մարդը հիմա էստեղից մեզ դուրս է հանում: Չգիտեմ` ուր ենք գնալու», ասում է 31-ամյա Գեւորգը:

Դպրոցական արձակուրդների ընթացքում երեխաները չեն մնում գիշերօթիկ հաստատությունում. այդ օրերը նրանք պետք է անցկացնեն հարազատների հետ: Չնայած ամռանն ավելանում են Անուշի հոգսերն ու ծախսերը, սակայն նա ուրախությամբ սպասում է այն օրվան, երբ ընտանիքի բոլոր անդամները կրկին միասին կլինեն թեկուզ խարխուլ հարկի տակ: Անուշի դուստրը` 8-ամյա Մերին ասում է, որ շատ է կարոտում ծնողներին ու իր փիսիկին, որը եւս նրանց տան անդամն է: Մերին գերադասում է ապրել քոլիկում, քան գիշերօթիկ հաստատությունում:

Գեւորգն ու Անուշն արդեն 3 տարի ապրում են թափառականի կյանքով, բայց ժամանակին տուն էլ են ունեցել, կահկարասի էլ: Անտուն մնալու համար Անուշը մեղադրում է ամուսնուն. «Իր խմելու երեսից է, որ էս օրին ենք հասել: Գեւորգը շատ է խմում, էլ չափ ու սահման չկա»:

Գեւորգը ցույց է տալիս քոլիկից 30 մետր հեռավորության վրա գտնվող մի առանձնատուն, եւ ասում. «Դա է մեր իսկական տունը, բայց հիմա այնտեղ ուրիշ մարդիկ, ավելի ճիշտ` մեր հարեւանի առաջվա տնվորներն են ապրում»: Գեւորգը պատմում է, որ մոր մահվանից հետո որոշել էր իր տունը վաճառել ու այդ փողով տեղափոխվել Ռուսաստան` եղբոր մոտ: Հարեւանի տան կենվորներն առաջարկել են 7000 դոլարով գնել տունն ու ընդհանուր տարածքը, որի մակերեսը կազմում է 90 քմ, իսկ միայն քարե շինությանը` 20 քմ: Գեւորգը համաձայնել է: Գնացել են նոտարի մոտ, բայց վերջինս հրաժարվել է իրականացնել վաճառքի գործարքը` պատճառաբանելով, որ տունն ապօրինի շինություն է, իսկ հողամասը` ապօրինի տարածք: «Նոտարն ասացՙ գնացեք, գործարքն իրար մեջ արեք», պատմում է Գեւորգը: Ամուսնու խոսքը շարունակում է Անուշը. «Լավ էլ գործարք են իրար մեջ անում. Գեւորգին տանում խմեցնում են ու տունն առնում ձեռքիցս»:

Գեւորգն ասում է, որ իրեն խոստացել են տալ 7000 դոլար, բայց օդի մեջ են խոստացել, որեւէ թուղթ չեն ստորագրել: «Հետո էլ հրաժարվեցին, թե մենք քեզ 7000 դոլար չենք խոստացել: Ասացինՙ խմած ես եղել, լավ չես հիշում, բայց ես լավ էլ հիշում եմ: Իմ տան համար ինձ տվեցին ընդամենը 380 հազար դրամ»,- ավելացնում է Գեւորգը,- «Մեզ տնից դուրս հանեցին 2007-ի նոյեմբերին, բայց դա մե՛ր տունն է. համարյա 9 տարի ապրել ենք այդտեղ»:

Ամուսինները պատմում են, որ իրենց կահույքն ու իրերը դուրս են նետել: Այդ ժամանակ Անուշն ու Գեւորգը Կապանում են եղել (երկուսն էլ կապանցի են), եւ անծանոթ մարդիկ փողոցից վերցրել տարել են իրենց կահույքը, ամանները, անկողինը, մի խոսքով` նրանց կողոպտել են:

«Մեր տան մեջ էլ էր նեղվածք, բայց գոնե հանգիստ խղճով էինք ապրում, ու առաստաղից էլ գլուխներիս ջուր չէր կաթում, իսկ հիմա քոլիկից էլ են դուրս հանում,- դժգոհում է Անուշը,- ամուսինս խմող է, իսկ խմող մարդու կյանքը կարճ է: Իր հայրն էլ խմելուց մեռավ: 20 տարեկան էի, երբ ամուսնացա Գեւորգի հետ: Էն ժամանակ էլ էր խմում: Մտածեցիՙ կփոխվի, բայց սկսեց ավելի շատ խմել»:

Գրեթե 3 տարի Անուշը թղթերը ձեռքին գնում է տարբեր գերատեսչությունների դռները, որ տունը հետ վերադարձնեն, բայց սայլը տեղից չի շարժվում: Հիմա նա պատասխան է սպասում Երեւանի քաղաքապետարանից:

Ապրելով ամենածանր պայմաններում` այս ընտանիքը չի կորցրել իր հյուրընկալ վերաբերմունքը, նախանձն ու չարությունը նրանց համար օտար են ու խորթ: Այդ պայմաններում անգամ ինձ սուրճ ու թեյ առաջարկեցին:

Վերջում Անուշը, Գեւորգն ու Մերին մինչեւ կանգառ ճանապարհեցին ինձ: Այստեղ ինձ զարմացրեց նրանց կամեցողությունը, երբ նստեցի երթուղային տաքսի, տոմսս նրանք ստացան:

Տպավորություններս այնքան շատ էին, որ ամբողջ ճանապարհին մտածում էի Անուշի ու նրա ընտանիքի մասին, իսկ Մերիի երազանքը մինչեւ այսօր էլ չեմ մոռացել: «Երազում եմ, որ պապաս այլեւս չխմի», ասաց Մերին:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4