Շուրջ մի ամիս առաջ մեկնարկել են «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները:
«Նախատեսվում է իրականացնել 9,5 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ, իսկ ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 12 միլիոն դոլար», երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղեկացրեց «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Հրայր Սարգսյանը:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Շիրակի ու Լոռու մարզերում, յուրաքանչյուր մարզում վերակառուցվելու է 3 դպրոց: Նոր ուսումնական տարվան ընդառաջ անհնար կլինի ավարտել շինարարությունը, այն տեւելու է 12-16 ամիս:
«Երեխաներին մենք մատուցում ենք լիարժեք դպրոցներ` բարեկարգված, գույքով, համապատասխան սարքավորումներով, ջեռուցման ու անվտանգության համակարգերով», նշեց Հրայր Սարգսյանը:
Հանրապետության 1000-ից ավելի հանրակրթական դպրոցների մեծ մասը կառուցվել է մինչեւ 1988 թիվը: Սեյսմակայունության չափանիշները փոխվեցին 1988-ից հետո եւ Հայաստանում նոր-նոր սկսեցին կառուցել 9 եւ ավելի բալ սեյսմակայունություն ունեցող շինություններ, այդ թվում եւ դպրոցներ: Հիմա համեմատաբար լավ վիճակում են աղետի գոտու դպրոցները, որոնք կառուցվել կամ վերակառուցվել են 1988-ից հետո:
«Մեր գնահատմամբ` հանրապետության դպրոցների երեւի թե կեսն ունի վերանորոգման ու վերակառուցման խիստ կարիք», ասաց Հ. Սարգսյանը:
«Դպրոցաշինության» նախորդ ծրագրով իրականացվել են 22 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ: Ծրագիրն ավարտվել է 2008 թվին: Համաձայն պայմանագրի` կառույցները 1 տարի գտվում են երաշխիքային ժամկետում: «Շինարարական կազմակերպություններին պայմանագրային արժեքի 5%-ը վճարում ենք միայն 1 տարի հետո», նշեց բանախոսը: Այսինքն` մնացորդային 5%-ը վճարվում է 1 տարի անց, որպեսզի այդ ընթացքում շին. կազմակերպությունները վերացնեն առաջ եկած թերությունները:
«Դպրոցաշինություն» ծրագրի շարունակական լինելը, ըստ ԾԻԳ-ի տնօրենի, կախված է բարերարի ֆինանսական վիճակից եւ ծրագրի հաջող ընթացքից ու ավարտից:
Ի. Պ.