«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ԿԱՅՔ` ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության մասին տեղեկությունների մի ողջ համախումբ կարելի է ստանալ համեմատաբար վերջերս (երկու ամիս) գործել սկսած akunq.net կայք էջից, որը կարելի է բացել նաեւ contact@arevmdahaiastan.net հասցեով: Բացելով կայքը` հաճելիորեն զարմացանք. ինչ ասես չգտանք այնտեղ` էլ մեր պատմական հայրենիքի մանրամասն քարտեզներ, էլ էջեր պատմությունից, մեր նշանավոր հայերի մասին տեղեկություններ, հայոց հին խոհանոցի ներկայացում: Այս կայքից հանգիստ կարելի է վերցնել ուզած տեղեկություն Արեւմտյան Հայաստանի մասին, ասենքՙ գավառների եւ նահանգների նկարագրությունն ու տեղադրման ճշգրիտ պարամետրերը, Հայոց ցեղասպանության տեղահանության վայրերը, պահպանված եւ չպահպանված մշակույթի վայրերի եւ եկեղեցիների, Մեծ Հայքի մայրաքաղաքների պատմությունը եւ այսօրվա կյանքի նկարագրությունը:

Օգտվելով առիթից ներկայացնում ենք կայքի վերջին թարմացումներից մեկը, որը պատմում է այն մասին, որ Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը եւ բարեգործությունը խրախուսող ճարտարապետների եւ ինժեներների համերաշխության կազմակերպությունը (HAYCAR) ցուցահանդեսի եւ գրքի մի համատեղ ծրագրով ներկայացնելու են Ստամբուլում ապրող եւ աշխատող հայ ճարտարապետներին: Կայքը, փոխանցելով հիմնադրամից ստացված տեղեկությունը, գրում է, որ «2010 թվականի եվրոպական մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նոյեմբերին իրականացվելու է «Ստամբուլի հայ ճարտարապետները եւ նրանց նպաստը Ստամբուլի ճարտարապետության մեջ» միջոցառումների շարքը: Ծրագրում տեղ են գտնելու 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ստամբուլում ապրած եւ ստեղծագործած հայ ճարտարապետների կենսագրությունները, նրանց հեղինակած կառույցների մասին պատմական ակնարկներ, ճարտարապետական գծագրերը եւ տվյալ շինությունների նախկին տեսքի վերաբերյալ նյութեր:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4