ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ծիծեռնակաբերդ այցելությունըՙ որպես մասնավոր այց, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը որակում է անընդունելի եւ ոչ գոհացուցիչ Հայաստանի համար: «ԱՄՆ-ն պետք է վաղուց ճանաչեր ու դատապարտեր Հայոց ցեղասպանությունը: Նման այցելությունները մեզ համար ընդունելի չեն»: Հայ-թուրքական հարաբերությունների մասով Քլինթոնի ելույթները Սաֆրաստյանը մեկնաբանում է թուրք-ամերիկյան հարաբերությունների ֆոնի վրա:
«Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ սպառնալիք էր Թուրքիային: Նա հասկացնում էր, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան զիջումների չգնա: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն շարունակում է հետաքրքրվել հայ-թուրքական հարաբերություններով»: Թուրքագետն ընդգծում է, որ «Այժմ գնդակը գտնվում է թուրքական դաշտում» Քլինթոնի հայտարարությունը վկայություն է, որ ամերիկյան կողմը գոհացած է հայկական դիրքորոշմամբ:
Բաքվում պետքարտուղարի «խուսափել ուժի կիրառումից» արտահայտությունն էլ չափազանց կարեւոր էր: Սաֆրաստյանի մատուցմամբ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կարեւոր երկիր է, բացի այդ, կարող է Ադրբեջանի միջոցով սաստել Թուրքիային: Նա օրինակ է բերում Թուրքիայի կախվածությունը ադրբեջանական էներգակիրներից: Որքան Ադրբեջանը շատ էներգիա մատակարարի Թուրքիա, այնքան ԱՄՆ-ն շատ լծակ կստանա` ազդելու Թուրքիայի վրա:
ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո էլ Սաֆրաստյանը ո՛չ հայ-թուրքական, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց չի սպասում: Կտրուկ շրջադարձեր չեն լինի մինչեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսին սպասվելիք այցը Հայաստան: Այս կերպ Ռուսաստանը կսաստի Ադրբեջանին` լուրջ վերաբերվել պարտավորություններին զինադադարը պահպանելու կապակցությամբ:
Տեղաշարժեր չեն լինի նաեւ հայ-թուրքական հարաբերություններում: Վերջերս վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել էր, որ աշնանը հայ-թուրքական սահմանը կբացվի: Սաֆրաստյանն այդ կարծիքը պնդելու որեւէ նախանշան չի տեսնում: Նրան հայ-թուրքական հարաբերություններից առավել այժմ մտահոգում է Պոլսի հայ համայնքի վիճակը: Թուրքիայում իսլամական տրամադրությունների տեսանելի աճ է նկատվում ընդդեմ քրիստոնեության: Այդ բացասական վերաբերմունքը միշտ էլ եղել է, բայց այժմ ավելի է ուժգնացել. դրան նպաստում է ներկայիս իշխանությունը:
«Սա լուրջ հարց է: Պոլսահայ համայնքը թուրքական ճնշման վտանգի տակ է: Դա նպաստում է արտագաղթին: Համայնքում նվազում է հայերենի իմացությամբ երիտասարդների թիվը: Կան հայկական դպրոցներ, բայց այնտեղ նվազագույնի են հասցված հայոց լեզվի, գրականության եւ պատմության առարկաները: Չի կարելի համոզված լինել, որ Թուրքիան չի փոխել իր ձեռագիրը եւ չի կրկնի այն, ինչ եղավ 1955 թ., երբ Ստամբուլում սպանվեցին մի քանի տասնյակ հայեր, եւ դա որակվեց պոգրոմ»: Թուրքական իշխանությունների վարքագծին եւ հայերի բռնի իսլամացմանը միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում:
Արձագանքում են միայն միջազգային կրոնական կազմակերպությունները` զեկույցներում անդրադառնալով այդ խնդրին: Քաղաքական հարթության վրա հարցը երբեւէ չի բարձրաձայնվել: ԵՄ-ը պաշտոնական շրջանակներում գնահատականներ չի տալիս, որովհետեւ չի ցանկանում, որ Թուրքիա-ԵՄ համագործակցությունը դադարի:
Սաֆրաստյանը համոզված է, որ Պոլսի պատրիարքարանը նպաստում է թուրքական իշխանության նպատակների իրականացմանը: Թուրքիային անհրաժեշտ է այնպիսի պատրիարք, որը կկարողանա խոսել իշխանությունների շահերից: Նոր ընտրված Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ եպս. Աթեշյանի գործունեության վերաբերյալ էլ նախընտրեց չխոսել եւ գնահատականներ տալ ավելի ուշ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ