Ըստ ԱԺ նախագահի
Երեկ Ազգային ժողովի նախագահն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանն ու Սերժ Սմեսովը: Աժ նախագահը, բարձր գնահատելով զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները` նշեց երկու երկրների բավական ակտիվ միջխորհրդարանական կապերը, դրանցում` բարեկամական խմբերի դերը: Նրա խոսքով` Եվրոմիության հետ մերձեցումը եւ եվրոինտեգրման քաղաքականութունը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ներքին բարեփոխումների գերակայություններից են, եւ մեր երկրում շարունակվում են ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները:
Հ. Աբրահամյանը անդրադարձ է արել նաեւ ղարաբաղյան խնդրին` կարեւորելով հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ, միաժամանակ` կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունեցող ձեւաչափ: Ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններին եւ հունիստասնության ադրբեջանական սադրանքին անդրադարձ անելով` ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց, որ միջազգային հանրությունը համարժեք չարձագանքեց եւ չդատապարտեց Ադրբեջանի գործողությունները: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նաեւ խոսեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին:
Սերժ Լագոշը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացման, փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձր գնահատելով Հայաստանի ԱԺ նախագահի` Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված ջանքերը եւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի 23-րդ համաժողովի անցկացումը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքը:
Մ. Խ.