«Ժառանգությունում երբեք «չիստկա» չի արվել»
Որպես «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահիՙ Արմեն Մարտիրոսյանի երեկվա ասուլիսը վերջինն էր: Հուլիսի 10-ին կառավարության նիստերի դահլիճումՙ կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ կփոխվի վարչության կազմն ու կընտրվի նոր նախագահը: Համագումարի անակնկալն է, որ վարչության կազմում պատգամավորները փոքր թիվ կկազմեն: Կուսակցությունում որոշել են տարանջատել վարչական աշխատանք կատարողների պաշտոնները որոշում կայացնողների պաշտոններից: Թեպետ կուսակցությունը կոչվում է «ժառանգություն», բայց այստեղ ժառանգականության հարցը չի դրվում: Մարտիրոսյանն էլ հեռանում է առանց տխրության ու չի մոռանում վերջում շնորհակալություն հայտնել ու թվանշաններով գնահատել իր աշխատանքը: Մղումների առումով` գերազանց, իսկ արդյունավետության առումով գնահատականը տատանվում է 3-4 սանդղակում:
Հեռանալուց հետո էլ պաշտոնին կցանկանար կրկին տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին: «Հասարակական պահանջ է», «Հենարանում» երեկ մեկնաբանում էր նա:
Համագումարի օրակարգում 2 տարվա աշխատանքների հաշվետվության ներկայացումն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն էլ «անցյալի եւ ապագայի մասին է»: Համագումարին կմասնակցի 400 պատվիրակ: Ժառանգականները չեն բացահայտում հրավիրյալների ցուցակները: Պաշտոնական հրավեր չեն ուղարկել, մասնակից քաղաքական գործիչներն էլ կներկայանան որպես անհատներ: Օրինակ, Մարտիրոսյանը հրավիրել է ՍԴՀԿ անդամ Նարեկ Գալստյանին: Հայտնի է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի համագումարին, հրավեր չեն ուղարկել նաեւ «Ժառանգության» նախկին ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանին: «Ժառանգության» հետ կապված սկանդալային իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսներից մեկում, խոսելով համագումարի կարեւորության մասին, ասաց, որ այն կդառնա ջրբաժան: Մարտիրոսյանն առաջարկեց սպասել մինչեւ համագումարի ավարտՙ հասկանալու, թե որն է այդ ջրբաժանը` միաժամանակ ավելացնելով, որ ջրբաժանների լավագույն մեկնաբանը Հովհաննիսյանն է:
Երբ կուսակցության մեջ սկսվեցին պառակտումները, պարզվեց, որ նախորդ համագումարում, վարչության կազմի ընտրության ժամանակ տեղի էին ունեցել ընտրակեղծումներ: Մարտիրոսյանը վստահեցնում է` այս անգամ նման բան չի կրկնվի, ավելինՙ մշակվել է կանոնակարգ` ընտարկեղծիքներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է ընտրակեղծողներին, Մարտիրոսյանն անուններ չտվեց, բայց նշեց, որ նրանց կուսակցության շարքերից հեռացրել են: Նա նաեւ բացառեց համագումարի ժամանակ կուսակցության շարքերը զտելու վերաբերյալ խոսակցությունները: «Ժառանգությունում երբեք «չիստկա» չի արվել: Ընդամենը նրանք, ովքեր «Ժառանգության» գաղափարների, աշխատաոճին համաձայն չեն, կարող են դուրս գալ կուսակցությունից, իսկ հակակուսակցական գործունեություն ծավալողները կհեռացվեն կուսակցությունից»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ