«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2010-07-07 | #126, 2010-07-08 | #127, 2010-07-09


«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Սփյուռքի նախարարության 2010 թվականի «Արի տուն» ծրագրի առաջին փուլն ավարտվեց տարբեր երկրներից եկած 90 հայ պարմանիների եւ պարմանուհիների` ավանդական դարձած այցելությամբ Գառնի, Գեղարդ եւ Սեւան: Սուրբ Կարապետ եկեղեցում նրանք մոմ են վառել, Սեւանի թերակղզում միասնության խարույկի շուրջը պար բռնել, հանդիպել Ազգային ժողովի եւ կառավարության ներկայացուցիչներին: «Արի տուն» ծրագրի մասնակցության հավաստագրեր հանձնելով մասնակիցներին, իսկ հյուրընկալող ընտանիքներին` շնորհակալագրեր, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակիցներին հղել է իր սիրած խոսքը, թե նրանք պետք է լինեն Հայրենիքի փոքրիկ դեսպաններն իրենց համայնքներում: Մասնակիցներին ողջունելու էին եկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ այլ պաշտոնյաներ: Նշելով, որ Հայաստանն ուժեղ է Սփյուռքով եւ կարեւորելով «Արի տունը», ԱԺ նախագահը կոչ արեց պատգամավորներին` իրենց հարկի տակ հյուրընկալել «Արի տուն» ծրագրի ապագա մասնակիցներին, կոչն արդեն իրականացրել է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը :

«Ձեր սիրտն այսուհետեւ կմնա Հայաստանում, եւ դուք միշտ ստիպված կլինեք վերադառնալ Հայրենիք», ասաց Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը:

Հրաժեշտի երեկոն նշանավորվեց «Արի տուն» ծրագրի մասնակիցների համար հատուկ գրված երգի շնորհանդեսով, որի հեղինակը երգչուհի Լեյլա Սարիբեկյանն էր, ով եղել է մասնակիցների կողքին դեռ անցած տարվանից:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4