Ասում է վանեցի ուստա Մացոն
Վանեցի, սասունցի, մշեցի, եզդի, գյումրեցի, մարտունեցի ուստա Մացոն մեկ-մեկ հաշիվն էլ է խառնում, թե քանի բարբառով է կարողանում խոսել ու անեկդոտներ պատմել:
«Ինձ ասում են` էդ ի՞նչ ծնունդ ես դու, որ էդքան անեկդոտ ես ասում: Ես էլ մորս հարցրի, թե ի՞նչ ծնունդ եմ ես, ո՞նց եմ ծնվել` սուս-փո՞ւս եմ ծնվել, թե՞ ղալմաղալով: Մերս 50 տարի հետ գնաց, ասաց. «Բալա՛, դու սուս-փուս ծնվար»: Ես էլ ասի` ա՛յ մեր. դու ընենց կժկժացիր, իմ ձենը թողի՞ր, որ լսվեր: Մերս միամիտ ասաց. «Կհիշե՞ս», պատմում է ուստա Մացոն:
Մնացական Սիանոսյանը, նույն ինքնՙ Մացո պապին կամ ուստա Մացոն, ծնվել է 1934 թվականի ապրիլի մեկին Արարատի մարզի Վանաշեն (նախկին Թայթան) գյուղում: Ծագումով վանեցի է, նրա ծնողները գաղթել են Վանի Խառակոնիս գյուղից: Ուստա Մացոն հպարտորեն ասում է, որ ինքը Նահապետ Քուչակի տոհմից է. «Երբ ինձ հարցնում էին, թե Խառակոնիս վի՞ր տղեն ես, ասում էի` Չուչակի Հակոյի Մարգարի տղեն եմ: Վանեցիք Նահապետ Քուչակին աշըղ Չուչակ էին ասում»:
Ուստա Մացոյի հայրը մասնակցել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանությանը: «Հայրս մե ոտքից կաղ էր: 1896 թվին, որ կոտորած էղավ, հորս մոր գրկից խլե, ոտից բռնե շպրտել էին: Ոտը դուրս էր էկել, բայց էդենց կաղ հերս մեր խառանկուսցի խմբապետ Շիրինի սուրհանդակն էր», պատմում է ուստա Մացոն:
1947-ին Մացո պապին ավարտել է գյուղի թերի միջնակարգը` 7-րդ դասարանը: «Դպրոցն ավարտեցի սովի տարիներին: Էդ ժամանակ ով գնում, կոլխոզում աշխատում էր, կես կիլո հաց էին տալի,- ասում է Մացո պապին,- ես էլ դպրոցը թողի, գնացի կոլխոզ. սել էի քշում, որ ինձ հաց տային»:
7-րդ դասարանի ատեստատով ուստա Մացոն տեղափոխվում է Երեւան եւ 1950-ին ընդունվում արհեստագործական ուսումնարան: «Ինձ ասում են ուստա, որովհետեւ մի քանի արհեստի եմ տիրապետում», ասում է մասնագիտությամբ էլեկտրիկ, սանտեխնիկ, էլեկտրագազաեռակցող եւ վարորդ ուստա Մացոն: «2 տարի աշխատեցի «Հայէլեկտրագործարանում», բայց գյուղն ինձ ձգում էր: Հետ գնացի Թայթան. քաղաք, ժխոր չեմ սիրում»:
Չնայած կյանքի դժվարին ու փոփոխական պայմաններին` ուստա Մացոն միշտ հավատարիմ է մնացել իր հումորին եւ վանեցուն բնորոշ բնավորությանը:
«Վանեցու մոտ ամեն ինչը հաշվարկով է: Առաջ, որ ասում էին վանեցի, ժլատ բառն էլ հետն էին ասում: Հիմա ժլատը թարգմանել են. ասում ենՙ տնտեսագետ վանեցի», կեսկատակ-կեսլուրջ ասում է ուստա Մացոն եւ անմիջապես վանեցիների մասին մի անեկդոտ հիշում. «Մե գործարան հայտարարություն է տալի, որ հաշվապահ է ընդունում, վանեցին էլ գնում, դիմում է տալի: Գործարանից դուրս է գալի, բայց ճամփի կեսից հետ է գնում, թե. «Ներողություն, ձեր գործարան էլի՞ վանեցի կա: Ասում են. «Մի աշխատող էլ ունենք»: Վանեցին միանգամից խնդրում է. «Իմ դիմումը հետ տվեք»: Ասում են` ինչի՞: Վանեցին, թե. «Մե խելոք մարդ մե գործարանին բոլ է: Էրկու վանեցի, մե գործարան` շռայլություն է»:
Ուստա Մացոն որոշ ժամանակ ապրել է նաեւ Մոսկվայում: Նրա կարծիքով` ռուսները շատ ծիծաղում են, բայց հայերիս նման հումորով ազգ չեն:
Ուստա Մացոն խոսում է տարբեր բարբառներով եւ սիրում է հատկապես Վանի բարբառը: «Առանց բարբառի համ ու հոտ չկա լեզվի մեջ, բարբառը հայ լեզվի աղն է», ասում է Մացո պապին ու զրույցը շարունակում անեկդոտով. «Աղվեսը խփե հայդուկի հավը տարել էր, էսի փետով ընկե աղվեսի հետեւ ու Վանի բարբառով ասում է. «Աղվո՛ս, մեռնեմ քե բե՛, էնի ածան խավ ի, քյա հայլոր կիտամ»: Խելքի նայեք` աղվեսին խնդրում է, որ ածան հավին փոխի աքլորի հետ»:
Ըստ ուստա Մացոյի` ամենաբարդը համշենահայերի բարբառն է: «Կուզենայի էդ բարբառով էլ վարժ խոսել, բայց չի ստացվում», ասում է Մացո պապին եւ անմիջապես խոսքը համեմում համշենահայերի բարբառով. «Շբե՛ն, չվոտի՞ս, այսինքն` հայրենակի՛ց, ո՞նց ես: Աղուր իմ` լավ եմ»:
Մացո պապին հիմա ապրում է գյուղում կնոջ, տղայի, հարսի ու 2 թոռների հետ: Ասում է, որ արտոնյալ թոշակ է ստանում, իսկ աշխատանքային ստաժը կազմում է 112 տարի: Ուստա Մացոն գյուղում զբաղվում է այգեգործությամբ: Կտրված քաղաքի աղմուկից` իր այգում խորհում ու խոսում է ծառի ու թփի, հողի ու ծաղկի հետ, իսկ երբ գնում է տուն, կինը սեղանին է դնում ուստա Մացոյի սիրելի ուտելիքը` Վանի քյալադոշը: Նրա կինը եւս վանեցի է, Մացո պապին հպարտանում է, որ իրենց ընտանիքում դեռեւս պահպանվում են վանեցիների սովորույթները: «Վանեցու կնոջ ձայնն ամուսնու ձայնից բարձր չի լինում: Շատ-շատ նամուսով մարդ է վանեցին»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ