«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2010-07-07 | #126, 2010-07-08 | #127, 2010-07-09


ԿՐԾՔԻ ՔԱՂՑԿԵՂԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է Ե՛Ւ ԿԱՆԱՆՑ, Ե՛Ւ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

Հայաստանում ավելացել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, եւ հիվանդությունն էլ երիտասարդացել է: Ցուցանիշների ավելանալը պայմանավորված է նաեւ նրանով, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկի:

«Պրոֆիլակտիկ այցելությունները 30 տոկոսով ավելացել են: Մարդիկ համեմատաբար հոգատար են դարձել իրենց առողջության հանդեպ», երեկ «Արմատ» ակումբում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը : Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի իրենց կենտրոնն ունեցել է 15000 այցելու, իսկ այս տարի` այս պահի դրությամբ արդեն 10200: Հետազոտվելու համար նրանց դիմում է օրական շուրջ 90 հոգի: Ճիշտ է, այցելությունների թիվն ավելացել է, սակայն դա դեռ բավարար չէ առողջ հասարակություն ունենալու համար: Հաճախ կանայք դիմում են բժշկի միայն այն ժամանակ, երբ հիվանդությունը բավականին զարգացած է լինում, եւ վիրահատությունն այլեւս անզոր է լինում փրկելու հիվանդի կյանքը: Տարեկան մի անգամ կինը պետք է անցնի մամոգրաֆիկ հետազոտություն:

«Երբ քաղցկեղը բջջային փուլում է, փոքր վիրահատության միջոցով հնարավոր է փրկել հիվանդի կյանքը», նշեց Խաչանուշ Հակոբյանը:

«Ազգի» հարցին, թե ի՞նչ արժե 1 հետազոտությունը, բանախոսը պատասխանեց. «Մամոգրաֆիկ հետազոտությունը ռենտգեն հետազոտություն է: Մեր կենտրոնում այն արժե 11000 դրամ եւ իրականացվում է ամենաժամանակակից սարքավորումներով: Այս 11000 հազարի մեջ է մտնում նաեւ սոնոգրաֆիկ հետազոտությունը, որն առանձին արժե 6000 դրամ, իսկ միայն մամոգրաֆիկ հետազոտություն չի կարելի անցկացնել»:

Խ. Հակոբյանը տեղեկացրեց, որ արտասահմանում նման հետազոտությունն արժե 600 դոլար: «Ազգի» դիտարկմանը` արդյոք կենտրոնն ունի՞ այցելուներ արտասահմանից, գործադիր տնօրենը պատասխանեց, որ քիչ չեն օտարազգի այցելուները: «Մեզ շատ են դիմում դեսպանատների ու տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատակիցները», նշեց բանախոսը:

Հայաստանի մարզերից Գեղարքունիքի մարզում է առավել տարածված կրծքագեղձի քաղցկեղը: «Դրա համար էլ այնտեղ հիմնեցինք մեր մասնաճյուղը», ասաց Խ. Հակոբյանը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում 13 տարիների ընթացքում կատարվել է 196 հազար հետազոտություն, եւ 5921 հոգու մեջ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, 13202 կին հետազոտվել են անվճար:

«11 տղամարդու մեջ եւս հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ: Նրանցից 4-ը մահացել են, 7-ը վիրահատվել են եւ հիմա էլ ապրում են», տեղեկացրեց Խ. Հակոբյանը:

Տղամարդիկ չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ կրծքի քաղցկեղը սպառնում է նաեւ իրենց, հասարակության մեջ այս երեւույթը միանշանակ զարմանք է առաջացնում:

Կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես բոլոր քաղցկեղները, չունի բուժման մեթոդ` չհաշված վիրաբուժական միջամտությունը, եթե այն ժամանակին է լինում: Ինչեւէ, հիվանդության ելքը շարունակում է մնալ կանխարգելումը, եւ մարդիկ ինչքան իրազեկ լինեն, այնքան հեշտությամբ կխուսափեն քաղցկեղից:

Ըստ բանախոսի` հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից են խրոնիկական սթրեսները, ծխախոտի, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումն ու ավելորդ քաշը:

«Ցավալի է, որ ծխում են մեր երիտասարդ աղջիկները, 10-15 տարի հետո նրանք քաղցկեղի հետ կապված խնդիրներ են ունենալու», ասաց բանախոսը:

Հիվանդությունը փոխանցվում է նաեւ ժառանգաբար: Եթե որեւէ մեկի տատիկը, մորաքույրը կամ մայրը կրծքագեղձի քաղցկեղ ունեն կամ ունեցել են, լավ կլինի, որ տվյալ տան անդամն ավելի վաղ հետազոտվի:

Սեւամորթների մեջ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը շատ ցածր տոկոս են կազմում, իսկ թե ինչո՞ւՙ բժշկությունը դեռեւս չի բացահայտել:

Վերջում բանախոսը տեղեկացրեց, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հոկտեմբերին աշխատում է 50 տոկոս զեղչով, քանի որ հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4