Երեկ Հայաստատանի արտաքին գերատեսչությունը մի տեղեկություն տարածեց, որ միջազգային ռազմաքաղաքական թափանցիկությունն ապահովելու եւ հանրությանն իրազեկելու նպատակով գաղտնազերծվել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը, ինչպես եւ հաղորդագրության մեջ էր նշված, տեղադրված էր պաշտպանության նախարարության կայքում: Հետաքրքրական մի զուգադիպությամբ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին եւ առաջիկա անելիքներին: Քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների հարցեր` 2010-2015 թթ. ծրագրի կատարմանը հեռահայաց: Ավարտին պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Նայեցինք ՊՆ կայքում տեղադրված ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը` ուշադրություն դարձնելով հատկապես «Պաշտպանական եւ ռազմական խնդիրներ» բաժնին, ուր «Պաշտպանական եւ անվտանգության համակարգի բարեփոխում» ենթակետում ասվում է. «Հիմնվելով սպառնալիքի նորացված գնահատման վրա, Հայաստանը մտադիր է իրականացնել պաշտպանության ռազմավարական լիակատար վերանայում, ինչը կապահովի ուղեցույցեր անվտանգության եւ պաշտպանության բնագավառում հետագա բարեփոխումների համար... Ազգային անվտանգության քաղաքականության եւ դրան առնչվող փաստաթղթերի մշակման համատեքստում Հայաստանը մտադիր է սպառնալիքի նորացված գնահատման եզրակացություններին համապատասխան վերանայել ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերը»:
«Պաշտպանական պլանափոխում» բաժնում նշվում է, որ Հայաստանը նույնպես մտադիր է վերանայել իր պաշտպանությանն առնչվող արդյունաբերությունը եւ արտադրությունը եւ առաջարկություններ մշակել դրա ապագա գործածման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը մեծացնում է քաղաքացիական անձանց թիվը պաշտպանության նախարարությունում եւ շարունակելու է վերանայել պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի կառավարման համակարգը: Ըստ «Սահմանային անվտանգություն» բաժնի, Հայաստանը մտադիր է վերանայել սահմանային անվտանգության ներկայիս պրակտիկան եւ ընթացակարգերը` սահմանային անվտանգության բարելավման նպատակով: Այդ վերանայման միջոցով կորոշվեն նաեւ առաջնային նշանակություն ունեցող սարքավորման կարիքները:
Այլ հետաքրքրական կետեր կային, ընդհանրապես հետաքրքրական փաստաթուղթ է, մանավանդ եթե հիշենք, որ Ադրբեջանը փոփոխություն կատարեց իր ռազմական դոկտրինում` ղարաբաղյան խնդրի հետ կապված ռազմական լուծման չբացառումն ամրագրելով:
Արդյոք այս գաղտնազերծումը պատահակա՞ն է, թե՞ տեղավորվում է տարածաշրջանում առկա իրավիճակի եւ հատկապես մեր ռազմաշունչ հարեւանի հռետորաբանության համատեքստում, որին Հայաստանը պետք է համարժեքի իր քայլերը ե՛ւ փաստաթղթերով, ե՛ւ...
Մ. Խ.