Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՍԴՀԿ գործով դատավարությունը: Դատարանը մերժել է ՍԴՀԿ «Շիրխանյանական թեւի» հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի: ՍԴՀԿ պառակատումը սկսվել էր 2009թ. դեկտեմբերին, երբ կուսակցության արտահերթ համագումարը Լյուդմիլա Սարգսյանին եւ նրա կողմնակիցներին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել` նրան մեղադրելով անօրինական կերպով կուսակցություն մտնելու, իրեն ատենապետ հռչակելու, կուսակցության գաղտնիքները հրապարակելու եւ կուսակցությունն այլ քաղաքական ուժերին` մասնավորապես Հայ ազգային կոնգրեսին ծառայեցնելու համար: Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՍԴՀԿ հերթական համագումարն էլ անօրինական էր ճանաչել մյուս թեւի արտահերթ համագումարն ու դրա արդյունքները: Հնչակյան կրքերն այնքան թեժացան, որ ՍԴՀԿ մի թիմը, որ կուսակցության ատենապետ էր ճանաչել Գեւորգ Պերկուպերկյանին, դատարան դիմեց` պնդելով, որ Լյուդմիլա Սարգսյանն իրավասու չէ տնօրինելու ՍԴՀԿ կնիքին ու փաստաթղթերը:
ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դատարանի վճիռը չի գոհացնում իրենց, եւ պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան: «Ընդհանուր հաշվով դատարանն ընդունեց, որ Լյուդմիլա Սարգսյանը կեղծարարությամբ է դարձել ատենապետ, պարզապես հայցը մերժեց վաղեմության ժամկետի պատճառով: Լյուդմիլա Սարգսյանն օրինազանց է: Մենք կպայքարենք արդարության համար», ասաց նա:
Հնչակյան մյուս թեւն էլ դատարանի վճռի կապակցությամբ այլ տեսակետ է արտահայտում: «Նման բան չկա, դատարանը չի ասել, որ Լյուդմիլա Սարգսյանն օրինազանց է եւ կեղծարարությամբ է դարձել ատենապետ: Սա ամենաօպտիմալ որոշումն էր: Դատարանը չէր ցանկանում նեղացնել կողմերից ոչ մեկին, այդ պատճառով էլ վաղեմության ժամկետի հարցը հիշատակեց եւ հայցը մերժեց»:
Լյուդմիլա Սարգսյանը հավելում է, որ խնդիր չի տեսնում, եթե մյուս թեւը դիմի նաեւ Վերաքննիչ դատարան: «Եթե 3 տարվա ընթացքում չի վիճարկվել իմ ատենապետության հարցը, ինչպես կարող է հիմա վիճարկվել: Այս ընթացքում տեղի է ունեցել երկու համահնչակյան համագումար ատենապետի մասնակցությամբ, բացի այդ, հնչակյան 19-րդ համագումարի ժամանակ դրական գնահատականներ են հնչել կուսակցության հայաստանյան կառույցի գործունեության կապակցությամբ»:
Հայցի մերժման հետեւանքով ՍԴՀԿ-ի կնիքն ու փաստաթղթերը շարունակում են մնալ Լյուդմիլա Սարգսյանի մոտ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ