«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ՏՈԹԱԿԵԶ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այն, ինչ կատարվում է ՀՀՇ-ում, օրինաչափ եւ բնականոն է այն առումով, որ այս կուսակցության ամբիցիաները մնացել են այն ժամանակի մակարդակով, երբ կուսակցությունը դեռեւս եւ մասամբ պահանջարկված էր, եւ հիմա այս կուսակցությունում չեն ուզում հաշտվել իրականության հետ, որ այժմ այդպիսի կուսակցություն համարյա չկա, այլ կան մոտ երկու տասնյակ ճանաչված մարդիկ, եւ հենց նրանք են ՀՀՇ-ն, ու, բնականաբար, նրանցից յուրաքանչյուրն է ուզում իր անվանը, վարչության նախագահ դառնալով, կցել մի ողջ կուսակցություն. կուսակցությունը մեջքին ունենալով հարմար կլինի ներկա գտնվել գոնե գործընթացներում, իսկ թե քանի շարքային անդամ է մնացել այս անռեյտինգ կուսակցությունում, մեր հանրահայտներին այնքան էլ չի մտահոգում չգիտես ինչու:

Ընդհանրապես ` այս պահին կուսակցություններում կատարվողն այն է, որ նրանց թվում է, թե ղարաբաղյան հարցի առումով պաուզայի հնարավորություն է ստեղծվել, ու իրենք կարող են լուծել իրենց ներքին խնդիրները: Այդ սխալ պատկերացման պատճառով օրումեջ հնչող ադրբեջանական զառանցանքներին պատասխանելու, քաղաքական հզոր պատասխան հնչեցնելու սուրբ պարտականությունը մեր կուսակցություններից շատերը թողել են միայն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի փխրուն ուսերին, ում ամեն առիթով դիմում են լրագրողները մեկնաբանության համար, նա էլ ամեն անգամ «մառազմ, սուտ» է որակում ադրբեջանական տխմարագույն հոխորտանքները ռազմական ճանապարհի մասին, անգամ չհասցնելով շունչ քաշել հերթական լրատվամիջոցին հարցազրույց տալու արանքում:

Սակայն այդպիսի պատասխան հնչեցնելու պարտականությունը բոլորինն է` ընդդիմադիր թե իշխանամետ կուսակցական գործիչներինը` սրանք հո միայն ներկուսակցական գզվռտոցներով զբաղվելու համար չե՞ն, այլ քաղաքական պատախան տալու: Այնպիսի ահագնաուժ պատասխան պետք է հնչեցնեին, որ ադրբեջանցիների ականջները տժժային: Բայց մերոնք «մաջալ են ջոկել» ու իրենց ներսի խնդիրներն են լուծում:

Վերադառնալով ՀՀՇ-ին, որտեղ ներքին ինտրիգները համագումարի մոտենալու հետ ահագնացել են, քանի որ նախկինից այս կուսակցությանը ժառանգություն մնացած պաշտոնյա ղեկավարներից մոտ մեկ տասնյակը հավակնում է կուսակցության առաջին-երկրորդ դեմք լինելուն, ասենք, որ ՀՀՇ-ին մերձ շրջանակներում հաջողությամբ կիրարկում են մեկ- երկու քարոզչական նորություն` փորձելով հետաքրքրություն առաջացնել, կուսակցության մեռած իմիջին նոր շունչ հաղորդել. դե ինչո՞վ նոու հաու չէ այն լուրի դիտավորյալ շրջանառությունը, թե Վանո Սիրադեղյանը կարող է ներկա լինել համագումարին: Սա արդեն էպոսի ոլորտից է` Ինտերպոլը մարդուն փնտրում է, իսկ նա գալու է համագումարին (ես այն մասին չեմ ասում, թե ինչպես իր իսկ խոսքերով ժամանակին Վանոյին նրա իսկ բարձրաստիճան ընկերները քավության նոխազ դարձրին, այլ արձանագրում եմ իրերի ներկա կացությունը): Էլ չասած, որ Վանոն, օգտվելով էպիստոլյար ժանրից, որ գրողական առումով բավական հետաքրքրական ժանր է, մի նամակ է գրել ու ասել, թե չգիտե՞ք, որ ՀՀՇ-ի հավերժ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հիմա կա՞ այդպիսի նամակ, թե՞ չկա, էական չէ, կարեւոր է, որ էպոսի ժանրը ծայր է առել ու բավական հետաքրքրություն է ստեղծում մի կուսակցության շուրջը, որը փաստորեն այնքան էլ գոյություն չունի, բայց կան իրար հետ մրցակցող (շատ կուլտուրական բառ օգտագործեցի, չնայած հանգիստ կարող էի գրել` գզվռտվող) հայտնի անուններ: Ուրիշ բան, թե ի՞նչ հիշողություններ են արթնացնում այդ անունները: Զերծ մնալով մեկնաբանություններից` միայն թվարկենք, թե ո՞ւմ անուններն են շրջանառվում որպես ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնի հավակնորդների ըստ տարբեր աղբյուրների` Վահան Փափազյան, Արա Սահակյան, Բաբկեն Արարքցյան, Երջանիկ Աբգարյան, Գագիկ Ջհանգիրյան, չի բացառվում, որ նաեւ հունիսի 17-ին հրաժարական տված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նույնպես ցանկություն ունի վերաառաջադրվելու, գումարած անազատության մեջ գտվող ՀՀՇ անդամներ:

Ընդհանրապես` այս պահին բոլոր կուսակցություններում են վճռում իրենց սեպտեմբերյան ռազմավարությունը` ե՛ւ մոտակայում համագումար անողները, ե՛ւ ամեն երեկո տարբեր ընկերախմբերում հավաքվողները, ներառյալ` «հով զալերում» հավաքվող «բարձր հովանավորյալ» էլիտարները:

Ահա այսօր «Ժառանգությունը» վերջապես կքողազերծի իր միստրիքսյան եւ միստիկական քաղաքականությունը` կոնկրետ վարչության ղեկավար կազմի փոփոխության ու ջրբաժանի առումով, որից հետո, հուսով ենք, վաղը հանգիստ կկարողանա Վարդավառ տոնել` ջուրն առատ, օրը` բարի, ջրբաժանն էլ կայացած կլինի:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ԲՀԿ-ն եւս պրոբլեմներ ունի եւ այժմ ակտիվորեն փորձում է թարմացնել իր մարտավարությունը. կոալիցիոն այս կուսակցությունը խնդիր ունի պահպանել եւ եթե կարողանա` նույնիսկ ընդլայնել իր ազդեցությունների շրջանակը, ինչը բնականաբար ՀՀԿ-ի սրտով չէ:

ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր» թերթի փակումը եւ աշնանը նոր ձեւով ու նոր խնդիրներով վերադառնալու մտադրությունը, ինչպես նաեւ ՀՅԴ գործիչների հրապարակային ելույթները` առ իշխանությանն ուղղված քննադատության բավական մեծ դոզայով եւս վկայում են աշնանը նոր մոտեցումներով քաղաքական մրցակցության մեջ մտնելու ՀՅԴ-ի մտադրության մասին, մինչ այդ, սակայն, ՀՅԴ-ն մի լավ կվերլուծի «Ժառանգության» եւ ՀՀՇ-ի իրար հաջորդող համագումարները` իր մարտավարությունը փորձելով վերակառուցել ընդդիմադիր դաշտի այս մրցակիցների սխալները, հավակնությունները վերլուծելով, թույլ եւ ուժեղ կողմերը զննելով եւ հաշվի առնելով:

Դե իսկ ՀՀԿ-ում առաջ մղվող երիտասարդ գործիչների ակտիվությունը վկայում է, որ այս գերհսկա ուժի ներսում նույնպես տրանսֆորմացիայի ժամանակ է սկսվել, եւ ոչ առանց նրա լիդերի դրդման. թե ո՞ւր կտանեն ՀՀԿ-ում սկսված խորքային պրոցեսները եւ արդյո՞ք արդյունք կգրանցեն մյուս կուսակցություններին համակած արագացած շարժընթացի թելադրած ժամանակի մեջ` էլի աշնան հենց առաջին ամսվա մեջ տեսանելի կլինի:

Առայժմ կզբաղվենք մոտակա երկու «դարակազմիկ» համագումարներով` այսօր «Ժառանգության», հուլիսի 17-ին` ՀՀՇ-ի: Ավելացնենք, որ նույն հուլիսի 17-ին տեղի կունենա Արմենական-ռամկավար ազատական կուսակցության տարեկան համագումարը: Այս նոր ուժը (կարելի է այդպես ասել), իր գործունեության առաջին տարում խնդիր ուներ ճանաչելի դառնալ, պիտի տեսնի` ինչպե՞ս լուծեց այդ խնդիրը, (արդեն 26 ակումբ ստեղծել է բոլոր մարզերում եւ Երեւանում), քաղաքական գնահատականներ հնչեցնի ներկա գործընթացների վերաբերյալ: Իր տեղը Հայաստանի քաղաքական կյանքում այս ուժը տեսնում է հարցերի շուրջը հավասարակշռված մոտեցում ձեւավորելու մեջ` կարող է տարբեր հարցերում աջակցել կամ քննադատելով իշխանություններին, այսինքն` հարցն է որոշում այս կուսակցության դիրքորոշումը: «Գաղափարախոսություն բառն էնքան է վարկաբեկված Հայաստանում... լիբերալիզմը առանձին չի կարող գոյություն ունենալ ըստ մեզ, դա վնաս է, դա փորձանք է երկրի եւ ժողովրդի համար, լիբերալիզմն ու դեմոկրատիզմը իրար հետ պետք է հավասար ընթանան: Իրենց լիբերալ համարող կազմակերպություններ ենք տեսնում, որոնց համար լիբերալիզմը հարստանալն է, արմենական-ռամկավարները հարստանալուց ավելի հզորացման կողմնակից են, իսկ դա դեմոկրատական դրվածքի, բոլորի համար հավասար շանսերի, այսինքն ռամկավարական մոտեցումների պարագայում է հնարավոր», սա կուսակցության ղեկավարության մոտեցումն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4