Հայաստանի քաղաքական դաշտը, փաստորեն, 90 տոկոսով կանխատեսելի է, եւ այդ իրողությունը հերթական անգամ ապացուցեց «Ժառանգության» արտահերթ համագումարը: Որ մամուլը կանխատեսել էր «ժառանգության» վարչության համարյա 100-տոկոսանոց փոփոխություն, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս եւ նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանին ու սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանին դեռ շաբաթներ առաջ մամուլը տեղադրել էր «Ժառանգության» վարչության կազմում, եւ որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին դարձավ վարչության նախագահ, սրանք բոլորը նախապես էլ կարծես հայտնի էին, կամ գործընթացները վերլուծողները կանխատեսում էին: Իսկ այն հրապարակումները, թե «Ժառանգությունը» 200 մարդ չի կարողանում գտնել, որ դահլիճ լցնի ու համագումար անի, բացարձակապես չէին համապատասխանում իրականությանը` 370 պատվիրակ եւ 200 հրավիրյալ լցրել էին Մելիք-Ադամյանի դահլիճը եւ 1 ազատ աթոռ ագամ չէին թողել, իսկ հրապարակումների պատճառը եւս հասկանալի է, քանի որ տեղավորվում է մրցակից քաղաքական ուժերի եւ դրանց հարող մամուլի ցանկությունների համատեքստում: Իսկ կանխատեսելիության առումով չգիտենքՙ ուրախանանք, թե տխրենք, քանզի կանխատեսելիությունը տվյալ դեպքում ոչ թե էվոլյուցիայի ու զարգացման բնական արդյունք է, այլ քաղաքական քարտեզ գծողների հմտության վկայությունը, իսկ «Ժառանգութունը» պարզապես միեւնույն հայկական քաղաքական քարտեզի բաղկացուցիչն է:
Իսկ ընդհանրապես` ճիշտ էին այն մարդիկ, ովքեր հանագումարից տպավորություն էին ստացել, որ «Ժառանգությունն» այս արտահերթ համագումարով ճանապարհ ընկավ դեպի հաջորդ (արտահերթ են ասում` դու հերթական հասկացիր) ընտրություններ` որպես հասարակական պահանջ իր ղեկավար ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանին, անցյալի սխալներին գնահատականներ տված (ոչինչ, որ անցած վարչության եւ այս նոր վարչության նախագահների գնահատականները կուսակցության ներսում եղած խժդժությունների եւ վարչությունից հեռացվածների մասով տրամագծորեն տարբերվում էին), գուցե եւ դրանցից դասեր առած` ով գիտե, ժամանակի ընթացքում կերեւա:
Դասերից մեկը շատ լավ երեւաց` ոչ մի քաղաքական ուժի շատ հայտնի ներկայացուցիչ չէր հրավիրված` Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի հայտնության ու մեկի համագումարյան ելույթով, մյուսի` համագումարի ժամանակ դահլիճից դուրս հարցազրույցներ տալու երեւույթով «Ժառանգության» անցած համագումարն իրենցով անելու դասն այստեղ հաստատ հիշել էին: Հրավիրյալների մեջ մի քանի հայտնի անուններ կային` Ժիրայր Սեֆիլյանը, Ազատ Արշակյանը, Շիրակ Թորոսյանը, ովքեր ոչ ելույթ ունեցան, ոչ էլ առանձնապես երեւակվեցին: Քաղաքական ուժերից եթե ներկայացուցիչներ էլ կային, ապա ոչ այնքան հայտնի մարդիկ, որոնց նկատելը դժվար էր:
Կուսակցության արդեն նախկին վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը գնահատեց անցած երկու տարվա «Ժառանգության» աշխատանքը. քանի որ լրատվամիջոցները շաբաթ օրն անդրադարձել են համագումարին` մենք ուշադրություն կկենտրոնացնենք այն մտքերին, որոնք դեպի ապագա լիցք ունեն իրենց մեջ: Ա. Մարտիրոսյանի խոսքում լրագրողներս հատկապես մտապահեցինք, որ կուսակցության վարչության հեռացված 6 անդամի մասով ասաց, որ դա պրագմատիզմի ու իրավիճակայնության դաշտում կայացված որոշում էր: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Հերթապահ որոշումների շարանով զիջեցինք մեր ինքնությունը եւ մեր տեղը քաղաքական դաշտում, եւ անցած համագումարում տեղի ունեցան թե՛ ընտրական, թե՛ այլ այլ տեսակի խախտումներ»: Ըստ նրա` վարչությունից անարդար հեռացված մի քանի հոգին նոր վարչությանը վերականգնվելու դիմում կգրեն, ու վարչությունը նրանց կրկին կընդունի` հեռացնել կարող է միայն համագումարը: Ր. Հովհաննիսյանի խոսքը գնահատականներ էր պարունակում ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ առհասարակ. հաղթել ենք պատերազմում, բայց տանուլ ենք տալիս խաղաղության հարցում, պետք է կարողանանք կանխել պատերազմը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել դրան, հայ-թուրքական հարաբերությունների առումով արկածախնդրություն է իշխանությունների վարած քաղաքականությունը, իսկ մարտի 1-ի մասին խոսելիս` նա ասաց. «Ինչպե՞ս կարող ենք շիտակ նստել եւ շիտակ խոսել, ինչպե՞ս կասենք ամբողջ ճշմարտությունը` հանուն Հայաստանի քաղաքացու, եթե մինչեւ հիմա չեն հարցաքննվել կամ վկայություն չեն տվել ՀՀ երկրորդ, ապա երրորդ եւ ապա առաջին նախագահները»: Առհասարակ, ըստ նրա, պատասխանատվությունը շատուշատ ողբերգությունների, կեղծված ընտրությունների, կոռուպցիայի համար կիսում են բոլորը, այդ թվում առաջին հերթինՙ Հայաստանի երեք նախագահները` տարբեր չափաբաժիններով:
Հովհաննիսյանն ասում էր, թե երկրորդ եւ երրորդ նախագահները այնքան հարստություն են կուտակել, որ լրիվ կբավականացնի Արցախի եւ ազատագրված տարածքները վերաբնակեցնելուն` «կուրծք ծեծելու փոխարեն պետք է այդ հայրենանվեր գործն անել»: Իշխանությունը պետք է փոխվի ամբողջապես եւ որակապես, ժողովուրդն անմիջական, համակարգային եւ քաղաքացու առօրյա կյանքին վերաբերող փոփոխություն է պահանջում:
Ըստ Ր. Հովհաննիսյանի` Արցախը եւ Ադրբեջանը պետք է ունենան միջազգայնորեն ճանաչված երկու պետությունների լուծումը, արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի արժանապատվության, հարգանքի եւ ազգային շահի հիման վրա: «Ժառանգության» խորհրդարանական մանդատները վայր դնել խորհուրդ տվողներին Ր. Հովհաննիսյանը խնդրեց ընտրական հանձնաժողովներում իրենց մանդատները վայր դնելով ցույց տան, թե ինչպե՞ս պետք է վարվի քաղաքացիական հասարակությանը նվիրված «Ժառանգությունը»:
Հետաքրքրական է, որ վարչության անդամի թեկնածուների շարքում իր մոտեցումները ներկայացնող Ռուբեն Հակոբյանի ելույթից անգամ երեւում էր, որ նա առնվազն երկրորդ դեմքի հավակնություն ունի կուսակցությունում. նա եւս խոսում էր նոր իշխանություն ձեւավորելուց, եւ որ` Հայաստանը երբեք միջազգային դիվանագիտական հարթակում այսքան թույլ ու անդաշնակից չի եղել, որքան այսօր, Արցախն այսքան վտանգավոր գոտում չի եղել, որքան այսօր, ներքին կյանքն այնքան բզկտված չի եղել, որքան այսօր: Եվ ըստ նրա` այսօր Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորում է պետք, իսկ օրվա ընդդիմությունը, Ռ. Հակոբյանի կարծիքով, չի կարողանում հասարակության ընդդիմադիր տրամադրությունները միավորել, դեռ իշխանության ձեւավորած տոտալիտար համակարգը որոշ ընդդիմադիրներ փորձում են տեղափոխել ընդդիմադիր դաշտ ու այնտեղ ընդդիմադիր տոտալիտար ռեժիմ ձեւավորել:
Նոր վարչության կազմը 11 հոգիանոց է, մեծ մասըՙ հասարակությանն անհայտ մարդիկ: Վարչության նախագահը, ինչպես եւ սպասվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանն է, վարչության փոխնախագահը, ինչպես եւ սպասվում էր, Ռուբեն Հակոբյանը, վարչության քարտուղարը, ինչպես եւ սպասվում էր, Կարինե Հակոբյանը դարձավ: Հին վարչությունից այստեղ էր մնացել Ստեփան Սաֆարյանը, որը որպես ԱԺ խմբակցության ղեկավար մեխանիկորեն ընդգրկվեց վարչության կազմում: Փաստորեն` խմբակցությունից ոչ ոք վարչությունում չէ, սրան հենց Րաֆֆի Հովհաննիսյանն էր կողմնակից, որը լրագրողների հետ զրույցում վարչության արմատական փոփոխությունը ոչ այնքան նախկին վարչության հանդեպ անվստահություն համարեց, որքան «Ժառանգության» աշխատաոճ` թույլ տալ, որ նոր սերունդը, նաեւ նոր անդամագրվածներն իրենց մասնակցությունը բերեն, իսկ պատգամավորներին պետք է թողնել, որ իրենց օրենսդիր գործունեությամբ զբաղվեն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ