«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2010-07-09 | #128, 2010-07-10 | #129, 2010-07-13


«ՀԱՂՊԱՏԱՎԱՆՔԻ ՕՐ» ԵՎ ՎԱՐԴԱՎԱՌ

Բացվեց Սայաթ-Նովայի հուշաքարը

Վարդավառի տոնին Լոռու մարզի Հաղպատ գյուղը սովորականից ավելի մարդաշատ էր եւ տոնական: «Լոռու ձոր» հայրենակցական միության կողմից ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի Հաղպատի սրբավայր: Նախաձեռնությանն աջակցել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Մայր աթոռը (մասնավորապեսՙ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը): Ուխտագնացությունը նպատակ ուներ մեկ անգամ եւս վերարժեւորել մեծ սիրերգակ Սայաթ-Նովային, ոգեկոչել նրա հիշատակը: Հայտնի է, որ նրա կյանքի 20 տարին կապված է Լոռու, մասնավորապես Հաղպատավանքի հետ:

Հաղպատի մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանիՙ մատուցվեց Սուրբ պատարագ: Ապա Համազասպյան տաճարում ներկայացվեցին Սայաթ-Նովայի կենսագրության այն դրվագները, որոնք կապվում են Հաղպատի հետ: Սայաթ-Նովայի արվեստը ներկայացրին երգիչներ Ռուբեն Սահակյանը, Մհեր Մելիքյանը, Ստեփան Դալլաքյանը, ամերիկահայ երգիչ Լեւոն Գաթրճյանը, քամանչայի անզուգական կատարումով հանդես եկավ Հակոբ Խալաթյանը: Ասմունքող Ջիվան Սարգսյանը կատարեց Սայաթ-Նովայի գործերից:Հանդիսությունը շարունակվեց Հաղպատի հրապարակում, որն այսուհետեւ կկոչվի Սայաթ-Նովայի անվամբ:

Նախաձեռնության կազմակերպիչները բացեցին մեծ աշուղին նվիրված հուշաքարը Հաղպատի հրապարակում, ինչն էլ անվանակոչվեց Սայաթ-Նովայի անվամբ (Էսքիզը կատարել են գեղանկարիչներ Անատոլի Ավետյանն ու Վրեժ Թամազյանը, քանդակըՙ Ալիկ Բաբայանը):

- Հպարտացե՛ք, հաղպատեցիներ, դուք հետայսու ունեք Սայաթ-Նովայի անվան հրապարակ,- ներկաներին դիմեց վաստակավոր դերասան, հանդիսությունը վարող Ազատ Գասպարյանը: Բարձրարվեստ կատարումներով հանդես եկան աշուղական երգի պետական համույթը (գեղարվեստական ղեկավարՙ Գեւորգ Մանասյան) եւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը (գեղարվեստական ղեկավարՙ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան): Ավարտին բոլոր ներկաներին բաժանվեց Սուրբ մատաղ:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4