«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2010-07-09 | #128, 2010-07-10 | #129, 2010-07-13


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ՍԿԵՍՈՒՐՆ Է, ԱՄՆ-ՈՒՄ` ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Անցյալ տարի Հայաստանում գրանցվել է շուրջ 1300 ամուսնալուծություն: Հայաստանի համեմատությամբՙ ԱՄՆ-ում տարեկան մի քանի տասնյակ անգամ ավելի շատ են ամուսնալուծությունները: Վիճակագրական տվյալներովՙ ամուսնալուծությունների գրանցման առումով ԱՄՆ-ն համարվում է առաջատար երկիր: Հոգեբան Նանա Մկրտումյանն այս թիվը գնահատում է մտահոգիչ: Հայաստանի նման փոքր պետության համար 1300 ամուսնալուծությունը լուրջ ցուցանիշ է, սակայն եթե չլինեին հայկական մենթալիտետին հարիր մի շարք գաղափարներ, ամուսնալուծությունների թիվն ավելի մեծ կլիներ: Նա համոզված է, որ զույգերը չեն կարողանում միմյանց հետ ապրել, սակայն շարունակում են ընտանեկան կյանք վարել հանուն երեխաների: «Սակայն դա չի նշանակում, որ դրանից երեխաները երջանկանում են: Եթե երեխան հաճախ է ականատես լինում վեճերի, կռիվների, վիրավորանքների, սկսում է մեղավոր զգալ: Հաճախ ծնողները չեն թաքցնում եւ հայտարարում են, որ երեխայի համար են միմյանց հանդուրժում, եւ երեխան ձեռք է բերում բարդույթներ», ասում է նա: Հոգեբանը համամիտ չէ նաեւ այն մտքին, որ առաջին իսկ վիճաբանությունից կամ անհամաձայնությունից հետո ամուսինները պետք է բաժանվեն: «Այս առումով չկա որեւէ կոնկրետ դեղատոմս, խնդիրն անհատական է»:

Նանա Մկրտումյանն ու ԱՄՆ հոգեբանների ասոցիացիայի անդամ Նիք Ջեֆրին շուրջ 6 ամիս Հայաստանում եւ ԱՄՆ-ում կատարել են վերլուծություն, զրուցել ամուսնալուծված զույգերի հետ` պարզելու բաժանման պատճառները:

«Այս վերլուծությունը օգնեց պարզել երկու հասարակությունների դիմագիծը: ԱՄՆ-ում կա հայկական հսկայական համայնք, հետեւաբար մեզ համար հետաքրքրական էր իմանալ, թե երկու հասարակությունները որքանով են իրար նման», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց Երեւան ժամանած Նիք Ջեֆրին : Նանա Մկտրումյանն էլ ավելացնում է, որ երկու հասարակությունները որեւէ ընդհանրություն չունեն: Հայկական եւ ամերիկյան մենթալիտետների տարբերությունը նկատելի է դարձել վերլուծության հենց սկզբից: Ի տարբերություն ամերիկացիների` հայկական կողմը դժվարությամբ է կարողացել զրուցել ամուսնալուծվածների հետ: «Շատ դժվար էր նրանց հետ զրուցել: Հաճախ օգտագործում էի բարեկամական-ընկերական կապերը, որպեսզի կարողանայի գործը գլուխ բերել: Մերժման գլխավորը պատճառը ամոթն էր, նրանք հաճախ զայրանում էին, թե այդ կերպ ցանկանում ենք իրենց վիրավորել կամ ծաղրել»:

Զրույցների արդյունքները հոգեբանական վերլուծությամբ շուտով կներկայացվեն գրքի տեսքով: Հոգեբանների ներկայացմամբՙ երկու հասարակություններում կան լուրջ խնդիրներ: Մտածելակերպը ծայրահեղ է. մի կողմը թքած ունի ամուսնական կյանքի, ընտանիքի եւ երեխաների վրա եւ կարող է մեկ ուրիշի հետ փախչել, իսկ մյուս կողմը պատրաստ է հանուն երեխայի հանդուրժել ամեն ինչ: «Այսօր Հայաստանում ավելացել է բաժանումների թիվը: Շատերը դա վերագրում են մտածելակերպի փոփոխությանը, սակայն խնդիրներն ավելի լուրջ են եւ խորքային: Հաճախ մարդիկ չեն հասկանում` ինչ է նշանակում ընտանիք, երեխա, հարաբերություններ: Մի քանի ամսվա ընկերությունից հետո ամուսնանում են, մեղրամսից հետո էլ հասկանում, որ չեն կարող միմյանց հետո ապրել, ու բաժանվում են: Այստեղ կա նաեւ հնացած մտածելակերպ` կապված տարիքի հետ զույգերը առանց միմյանց սիրելու կամ գոնե համակրանք զգալու ամուսնանում են», ներկայացնում է Ջեֆրին:

Եթե զրույցների ժամանակ ԱՄՆ-ում ամուսնալուծության եւ ընտանեկան խնդիրները ներկայացնում էին երկուսն էլ, ապա Հայաստանում ամուսինները հիմնականում խուսափում էին զրուցել այդ թեմայով: «Զավեշտալի պատկեր էր ստացվում, ամուսինները չէին ցանկանում զրուցել, թե ինչու են բաժանվել, հիմնականում մեղադրում էին կանանց, բայց փակագծեր չէին բացում կամ ասում էին` «Դե, չստացվեց»: «Ո՞րն էր ձեր բաժանման գլխավոր պայմանը» հարցին հայ կանայք հիմնականում պատասխանել են` սկեսուրն ու տալը: Սակայն, երբ հարցն այլ կերպ էինք ձեւակերպում` պարզվում էր, որ հիմքը սոցիալական պայմաններն էին: Հաճախ հարսն ու սկեսուրը չէին կարողանում միմյանց հանդուրժել, բայց ամուսինը հրաժարվում էր առանձին ապրել: Ինչի արդյունքը դառնում էր ամուսնալուծությունը», ներկայացնում է Նանա Մկրտումյանը:

ԱՄՆ-ում նույն հարցին պատասխանելիս նախկին ամուսինները միմյանց մեղադրել են հիմնականում դավաճանության եւ բռնության մեջ: «ԱՄՆ-ում ծնողները չեն միջամտում երեխաների կյանքին, ավելին, միասին չեն ապրում, հետեւաբար այդպիսի խնդիր մեզ մոտ չկա: Ինչ վերաբերում է դավաճանությանն ու բռնությանը, կարծում եմ, նույն խնդիրը կա նաեւ Հայաստանում, սակայն դուք լռում եք: ԱՄՆ-ում եթե ամուսինները միմյանց դավաճանում են, ապա պարզելուց հետո նրանք ապահարզանի դիմում են գրում, եթե ամուսինը կնոջը ծեծում է, վերջինս զանգահարում է ոստիկանություն: Մինչդեռ Հայաստանում կանայք լռում են, համբերում, ընտանիք կա փաստաթղթի վրա, իսկ իրականում գոյություն չունի», համոզված է Ջեֆրին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4