Այս մասին հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին է ուղարկել 7-էջանոց մի փաստաթուղթ, որտեղ որոշ բացահայտումներ են արված Մեթյու Բրայզայի քաղաքական անցյալի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախագահ Օբաման Սենատի վերոհիշյալ հանձնաժողովին է ներկայացրել Բրայզայի թեկնածությունը` որպես Բաքվում ԱՄՆ դեսպանի: Սենատի հանձնաժողովի 19 անդամներին ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը ներկայացրել է, որ Ամերիկայի հայկական համայնքը մտահոգված է Բրայզայի թեկնածության առաջադրմամբ, քանի որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ եղած ժամանակ Բրայզան դրսեւորել է կողմնակալ դիրքորոշում, հայկական կողմին ենթարկել է որոշակի ճնշումների եւ ջանքեր է գործադրել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին պաշտոնաթող անելու ուղղությամբ»: Բացի այսՙ Հայ դատի հանձնախումբը սենատորների ուշադրությունն է հրավիրել Բրայզայի կնոջ` Զեյնո Բարանի գործոնին. «Բարանն իր մասնագիտական գործունեությամբ ազդել է ամուսնու քաղաքական գործունեության վրա», նշված է փաստաթղթում:
ANCA-ն նաեւ իր պաշտոնական կայքում հավաքում է ստորագրություններ` որոնք նույնպես կուղարկվեն Սենատ` որպես բողոքի ակցիա:
Ադրբեջանական կայքերից մեկն արդեն հասցրել է վերոհիշյալի կապակցությամբ հանդես գալ խմբագրականով: Մենք չենք անդրադառնա այդ լայնածավալ «ստաշարասյանը», պարզապես ընդգծենք, որ Բաքվից եւս մեկ անգամ հնչում են «երիտասարդ Հայաստանի պետականության ամրապնդման ու հզորացման» մասին «մտահոգվածների» ձայները: Ադրբեջանական կայքը գրում է, որ «երիտասարդ Հայաստանին զարգանալու հնարավորություն չի տալիս սփյուռքը, վերջինս շարունակում է խորտակել երկիրը»: Իսկ միգուցե Բաքվում արդեն տարածվե՞լ է սփյուռքի «մեղքով» առաջացած այն վախի մթնոլորտը, որը վաղուց արդեն Թուրքիայում է, հակառակ պարագայում ինչպե՞ս կարելի է բացատրել սփյուռքի այսքան շատ մեջբերումները Ադրբեջանում, մանավանդ որ դրանք հակասում են մեկը մյուսին. մի առիթով Ադրբեջանում գրում են, որ «սփյուռքն է պահում Հայաստանը», հետեւաբար նպաստում է Հայաստանի զարգացմանը, մյուս դեպքում էլ, թե «սփյուռքը խորտակում է Հայաստանը»:
Հ. Ա.